«Այն, ինչ ասում է Բաբայան Սամվելը՝ հորինված սուտ է, ե՞ս էի մոլորվել, 27 տարի հետ գնանք ու հասկանանք` նա ո՞վ էր». Նվեր Չախոյանը հակադարձում է Սամվել Բաբայանին

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն օրերս «Հին ընկերների ակումբ» հաղորդման ժամանակ անդրադառնալով Շուշիի ազատագրման 27-ամյակին՝ պատմել էր քաղաքի ազատագրումից` նշելով, որ Շուշիի օպերացիան մշակված է եղել երեք ուղղություններով, սակայն հետագայում՝ հասկանալով, որ այդ ուղղություններով հաջողության չեն հասնի, մտածել են նախ՝ փակել Շուշի-Լաչին ճանապարհը։

«Երկար մտածելուց հետո ինձ վրա վերցրեցի, որ այդ ուղությունը ես եմ ղեկավարելու, քանի որ վտանգավոր էր, որովհետև պետք է 40 մետր խորությամբ մտնեինք հակառակորդի թիկունքը, քանի որ մի կողմից Շուշին է, մյուս կողմից՝ Լաչինը։ Օպերացիան մշակելուց հետո այդ ուղղության ղեկավարը նշանակվում եմ ես։ Զառսլուի ուղղությամբ պետք է աշխատեին Չախոյան Նվերը և աղվանցիք, Ժիրոյենք՝ Բալայան Վալերիի հետ պետք է աշխատեին Լիսագորի ուղղությամբ։ Այդ վաշտերն իրենց ճանապարհները խճճել էին, շեղվել, կապ էլ չկար, գիշերվա կեսին ճանապարհը շփոթել էին։ Առավոտյան անտառում այնքան էին պտտվել, որ մնացել էին նույն տեղում՝ մոլորվել էին»,- ասել էր ՊԲ նախկին հրամանատարը։

168.am-ը Նվեր Չախոյանի հետ զրույցում փորձեց ճշտել, թե Շուշիի ազատագրման ժամանակ որտե՞ղ են խճճվել, ինչպե՞ս է եղել, որ ճանապարհը շփոթել են, ինչպես նշել էր Սամվել Բաբայանը։

– Պարոն Չախոյան, այս տարի նշեցինք Շուշիի ազատագրման 27-ամյակը, դուք ևս մասնակցել եք ազատագրմանը, ինչպե՞ս նախապատրաստվեցիք այդ աշխատանքներին և Դուք ո՞ր ուղղությամբ եք մասնակցել քաղաքի ազատագրմանը։

– 1992 թվականի ապրիլին մենք արդեն գիտեինք, որ նախապատրաստվում ենք ազատագրմանը, այդ ամենը գաղտնի էր պահվում, աղվանցիները, Բյուրեղավանի ու Մերգելյանի ջոկատները՝ մոտ 100 հոգի, ինքնաթիռներով տեղափոխվեցինք Ստեփանակերտ, օդանավակայանն արդեն մեր ենթակայության տակ էր։ Տեղակայվեցինք Խոջալուում, այնուհետև ապրիլի 7-ին տեղափոխվեցինք Շուշի։ Օպերացիայի մշակման ժամանակ, օրը նշված չէր, թե այն երբ էր սկսվելու, մոտավորապես օրը կռահում էի, քանի որ նախապատրաստական աշխատանքներ պետք է արվեին։

Շտաբն արդեն մշակում էր գլոբալ օպերացիայի ուղղությունները, այսինքն՝ հրամանատարների վրա դրվում էին հանձնարարություններ, որոնք պետք է գործողության ժամանակ կատարվեին։ Տղաները կամավորականներ էին, ամբողջ օպերացիայի ղեկավարն Արկադի Տեր-Թադևոսյանն էր՝ Ֆելիքս Գզողյանի հետ։ Շաբաթը մեկ անգամ Ստեփանակերտի շտաբում հանդիպում էինք, մեր ուղղությունը Զառսլու-Շուշի ընկած հատվածն էր, պետք է նպաստեինք, որ Շուշիից դուրս եկող ուժերը հնարավորինս շուտ դուրս գային, և, եթե Լաչինի կողմից ադրբեջանական ուժերը փորձեին օգնության հասնել Շուշիում, պետք է նրանց կանխեինք։

Այդ հատվածում երկու անգամ հետախուզություն եմ արել տղաների հետ միասին։ Որոշել էին, որ առաջին օպերացիան իրականացնելու ենք ապրիլի 30-ին, որոշակի հանգամանքներով պայմանավորված՝ այն տեղափոխեցինք մայիսի 5-ին։ Օրը փոխեցինք ոչ թե այն պատճառով, որ հայկական ուժերը պատրաստ չէին՝ հնարավորինս պատրաստվել էինք՝ հազար ու մի քանի հարյուր մարդ էինք, պարզապես այդ գործողության վերաբերյալ գաղտնիություն պետք է պահպանվեր, տեղյակ էին միայն հրամանատարները։ Ապրիլի 3-ին կամ 4-ին մեր ուղղությամբ մասնակիցների ժողով տեղի ունեցավ Սխնախիում, որին ներկա էին Արկադի Տեր-Թադևոսյանը, Ֆելիքս Գզողյանը, Դաշնակցությունը, Աշոտ Խաչատրյանը, Սամվել Բաբայանը։

Օրն արդեն որոշված էր, բայց ամեն ինչի մասին տեղյակ պետք է պահեին մոտավորապես երկու ժամ առաջ, որպեսզի ադրբեջանական կողմին տեղեկատվություն չհասներ։ Մայիսի 8-ին յուրաքանչյուրն իր ջոկատով Սխնախիից ոտքով շարժվեցին, առավոտյան արդեն Զառսլու գյուղի մոտակայքում էինք՝ մոտ 500 մետր հեռավորության վրա, տղաներին դիրքավորել էի, որպեսզի ճանապարհն ամբողջությամբ փակեն։

Ժամը 4-անց էր, երբ մեր հրետանին սկսեց ամբողջությամբ աշխատել Շուշիի վրա, մեր կողմից ամեն ինչ տեսանելի էր։

Մայիսի 8-ի լուսաբացին արդեն տեսանք, որ ադրբեջանցի զինվորներն ու օմոնականները կալոննայով դուրս էին գալիս քաղաքից։ Լուսաբացին տեսա, որ մեզանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա Դաշնակցության տղաներն էին դիրքավորված՝Ժիրայր Սէֆիլյանի գլխավորությամբ։

Մեր կողմից աշխատում էին գնդացրորդները, Շուշիից դուրս եկողների խուճապը բավականին լուրջ էր, նրանք Զառսլու գյուղում փորձում էին համախմբվել, իմ տղաներին հրահանգեցի, որ նրանք այդ ուղղությամբ աշխատեն, որպեսզի ադրբեջանական զորքն ավելի շուտ դուրս գա գյուղից։ Մեզ պետք էր, որ այդ նույն օրն այնպես անեինք, որ Շուշիից մինչև Լիսագոր ընկած հատվածում եղած հակառակորդը դուրս գար։

Նրանց թվում էր, թե իրենք օղակի մեջ են, մենք բավականին մեծ մարդկային քանակ ունենք, բայց նրանք մեզանից շատ էին։ Մայիսի 8-ի առավոտյան մեր կամավորական ջոկատներն արդեն տեղափոխվեցին Շուշի՝ նոր ուժեր կազմելու և այլ տարածքներն ազատագրելու համար։

 

– Օրերս համացանցում մեծ տարածում էր գտել Արցախի ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանի այն հայտարարությունը, որ Շուշիի ազատագրման ժամանակ ստիպված է եղել Ձեր ուղղությամբ տարվող աշխատանքները վերցնել իր վրա, քանի որ անտառում Դուք մոլորվել եք, խճճվել, կապ չի եղել։

– Վերհիշել է պետք՝ հասկանալու համար, թե Սամվել Բաբայանը 27 տարի հետո ի՞նչ է ասում և ինչի՞ համար է ասում։

– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է նման բան ասում։

– Ես չգիտեմ, թե Սամվել Բաբայանն ինչ է ասում, մինչև Շուշիի օպերացիան ես այդ տարածքում երկու անգամ երեք օրով հետախուզության եմ եղել։ Հետախուզության կադրերն էլ ունեմ, այդ մասին կարող են հավաստիացնել օպերացիայի ղեկավարները, որոնք, փառք Աստծո, այսօր ողջ և առողջ են։ Այնպես չէ, որ այդ մարդիկ կարող են հաստատել Սամվելի ասածը։

Նա, լինելով Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, իրավունք չունի նման բան ասելու, չգիտեմ՝ ինչի՞ց ելնելով է ասում, գուցե քաղաքականության մեջ է ու դիվիդենտներ է շահում։

– Այսինքն՝ Դուք միմյանց հետ անձնական որևէ խնդիր չունե՞ք։

– Ոչ, եթե խոսելու լինեի… 27 տարի է՝ ես ոչինչ չեմ խոսում, որովհետև հաղթանակից հետո խոսելու իմաստը ո՞րն է։ Եթե Սամվել Բաբայանը նման բան է ասել, ապա ես կհակադարձեմ։ Լինելով այդ ուղղությամբ… երբ Մեծ Քիրսը պետք է վերցնեինք՝ դեպի Լիսագոր, նա ընդհանրապես դերակատարություն չի ունեցել Շուշի-Լիսագոր ուղղությամբ։ Թե այսօր ինչ է ասում Սամվել Բաբայանը, ինձ համար զարմանալի է, նախահարձակվո՞ւմ է՝ մտածելով, որ քաղաքականության մեջ է, և ես կարող է 27 տարի հետո խոսե՞մ. Ո՛չ, ես նման բան չէի խոսի, բայց որ խոսել է, ասում եմ՝ դերակատարություն չունենալով… այսօր Շուշիի ազատագրումն Արցախի համար այն հարցն է, որ, եթե չազատագրվեր Շուշին՝ Արցախ չէր լինի։ Այսօր բոլորը խաղում են՝ Շուշիի օպերացիայում լուրջ դերեր ստանձնելով։ Համարում եմ, որ այն, ինչ ասում է Բաբայան Սամվելը՝ հորինված սուտ է։ Նման ձևով ցեխ շպրտել հրամանատարական կազմի վրա, համարում եմ, որ անթույլատրելի է։

– Այս հայտարարության մեջ քաղաքական ենթատե՞քստ եք տեսնում։

– Միանշանակ, զարմացած եմ, որ Բաբայան Սամոն 27 տարի հետո նման բան է ասում, առավել ևս՝ լինելով Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ջուր լցնելով Ադրբեջանի ջրաղացին։

– Իսկ քաղաքականության մեջ ի՞նչ խնդիրներ ունեք Սամվել Բաբայանի հետ։

– Ընդհանրապես չունեմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում, վաղուց նրա հետ չեմ հանդիպել։ Ես առօրյա իմ գործերով եմ զբաղվում, ամեն ինչ արել ենք, գնահատականը ժողովուրդը տվել է, չեմ ուզում անդրադառնալ, թե որքանով է այդ գնահատականը տվել կամ չի տվել։ Հաղթանակները մեր ձեռքբերումն են եղել, ամեն մարդ իր դերակատարությամբ արել է այն, ինչ կարողացել է։ Բայց չարած բանի մասին խոսել կամ ամբողջը վերցնել ու խոսել՝ չի կարելի, հարիր չէ։

– Ի՞նչ վտանգ եք տեսնում այս ամենի մեջ, երբ փորձ են անում ստվեր գցել այն մարդկանց անունների վրա, որոնք հաղթանակների գործում մեծ ներդրում են ունեցել։

– Ասում եմ՝ քաղաքականության մեջ են և դիվիդենտներ են շահում, փորձում են ցույց տալ, որ իրենց դերակատարությունը բավականին լուրջ է եղել, բայց կան ողջ-առողջ մարդիկ, և եթե գան, նստեն միմյանց դիմաց, իրարից կամաչեն՝ նման բաներ ասելու համար։ Ես կհակադարձեմ նաև Ժիրայր Սէֆիլյանի փոխարեն։ Մեկ կարևոր բան ասեմ, հաղթանակներից հետո հաղթանակները չեն քննադատում, բայց այսօր քննադատում են այն մարդիկ, որոնք դրանց մասնակից չեն եղել, սա վերաբերում է Սամվել Բաբայանին։

Վաղն իմ ասածը լսելու է, իմ ասած ամեն տողի տակ մի միտք կա։ Որևէ մեկը թույլ չի տվել մեր հաղթանակները վերագրել իրենց և դրանով դիվիդենտներ հավաքել։ Եթե կարիք կար, թող իր կռվող ընկերներին հրավիրեր Արցախ իր քաղաքական արշավին, ո՞վ կգնար, ո՞վ չէ, սա հարցի մյուս կողմն է։

Պատերազմի ամբողջ ուղղությունը վերցնի իր վրա՞… իրականում սա չեմ հասկանում, եթե մի բան ես չեմ արել, կյանքում ինձ վրա չեմ վերցնի։ Ե՞ս էի մոլորվել, 27 տարի հետ գնանք ու հասկանանք՝ Սամվել Բաբայանն ո՞վ էր այն ժամանակ։ Ե՞ս էի մոլովել, Աֆղանստանի պատերազմից վերադարձած, Սովետական Միության հատուկ նշանակության զորքերի առաջին կարգի հետախույզը մոլորվե՞լ էր։ Ով հասկանում է պատերազմից ու կրթված է, կհասկանա, թե ինչ եմ ասում, Ժիրոյենք էին մոլորվե՞լ, այդ հատվածում, որ ուզենք էլ, չենք կարող մոլորվել։ Մի քանի կիլոմետր հատված է, զոհ ու վիրավորներ ունեինք, այսինքն՝ մոլորված մարդիկ զոհ ու վիրավոր ունեի՞ն, բավականին հետաքրքիր բան եմ լսում 27 տարի անց նման մարդու շուրթերից. ուղղակի ամաչում։

– Կիսապատերազմական երկրում նման հայտարարություններն ինչպե՞ս կարող են անդրադառնալ բանակի ընդհանուր ոգու, մարտունակության վրա։

– Ես նշեցի, որ նման հայտարարությունները ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացի վրա, առավել ևս՝ եթե այդ մասին խոսում է Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը։

– Ցանկություն չունե՞ք դեմ առ դեմ պարզաբանում պահանջել Սամվել Բաբայանից։

– Արդեն 20 տարի է՝ մեր պատմությունն անընդհատ խեղաթյուրում են։ Ինչ-որ պաշտոններ են զբաղեցնում, առաջ գալիս, սա էլ չեմ հասկանում, Կոմանդոսին էլ, Ֆելիքս Գզողյանին էլ եմ հարցրել, իրենք չեն հասկանում, 20 տարի է՝ ես այս ամենին սովոր եմ։ Ուղղակի չի կարելի։ Ոչ թե կիսապատերազմական երկիր ենք, այլ պատերազմը չի ավարտվել, հրադադարը դեռ չի նշանակում, որ պատերազմն ավարտվել է՝ քար գցել Շուշիի օպերացիայի նման օպերացիայի վրա, ուղղակի անթույլատրելի է։

Ես չեմ խուսափում, բայց որևէ պարզաբանում չեմ էլ ակնկալում։ Կրկնում եմ՝ 20 տարի ամեն ինչ լսել եմ, Վազգենը չկա, ով ինչ ուզում՝ խոսում է։ Հերոսների քանակն են ավելացնում, մարդիկ սողոսկում՝ մի պաշտոն են զբաղեցնում ու հանդես գալիս հաղթանակի մի պատառով, սա է իրականությունը։ Երբ պատասխան չես տալիս, մարդկանց թվում է, թե իրենք ճիշտ են, բայց դա այդքան էլ այդպես չէ։

– Պարոն Չախոյան, Սամվել Բաբայանն իր խոսքում նաև ասում է, որ Կոմանդոսը կապվել է իր հետ, տեղեկացրել է, որ Ձեր ուղղությամբ իրավիճակը վատ է, և իրեն զինտեխնիկա ուղարկի, սա ի՞նչ պատմություն է, ե՞րբ է եղել։

– Ինքը որտե՞ղ է եղել, որ մի հատ էլ Արկադի Իվանիչը կապ է հաստատել իր հետ ու ինչ-որ բան է խնդրել։ Իր ռացիան մայիսի 8-9-ը չի աշխատել, ինքը որտե՞ղ էր, ո՞վ խնդրեց, ո՞ւմ խնդրեց։ Արկադի Իվանիչն իր գործն ամբողջությամբ կամանդիր պունկտում արել էր։

Լավ, Արկադի Իվանիչը չկար, նրանից հետո կար Գզողյան Ֆելիքս, որը համարվում էր շտաբի լուրջ պետ, նրանց երկուսին էլ ենթարկվել եմ, որովհետև փորձառու սպաներ են, ու այնպիսի քարտեզ էին մշակել, որ հասկանում էի, որ դրա վրա պրոֆեսիոնալ մարդիկ են աշխատել։

20 տարի է՝ ինչ ուզում, խոսում են, գուցե ասեն, որ թուրք է՞լ չի եղել, զոհեր չե՞ն եղել։ Ես պատերազմն անցած մարդ եմ, գնահատականը պատերազմին պետք է տրվի լիարժեք աչքերով, ինչպես որ տեսել ենք, այլ ոչ թե հորինված։ Հա, հիմա էլ Արկադի Տեր-Թադևոսյանի հեղինակությունն են ցանկանում իջեցնել, Ֆելոյին իջեցրել են, այն 2-3 հրամանատարները մահացել են, մնացել են չորս հոգով, նստեք տանը, պատերազմը լրիվ ջնջեք՝ գրեք ձեր անունով։ Սա սխալ է, մարդիկ թող իրենց տեղն իմանան, իմանան, թե որտեղ ինչ են խոսում և ում մասին են խոսում։

– Ձեր կարծիքով՝ այս հայտարարությունը նպատակ ունի՞ սեպ խրելու հայաստանցիների և արցախցիների միջև։

– Ես չգիտեմ՝ մարդիկ ի՞նչ նպատակներ ունեն, բայց կոնկրետ ինձ համար Արցախը Հայաստան է, ինձ համար ինչպես Լոռվա մարզն է, այնպես էլ՝ Արցախն է։ Այդ ձևով եմ միշտ նայել Արցախին։ Եթե տարբերակեմ հայաստանցուն և արցախցուն, ապա 1992 թվականին ի՞նչ գործ ունեի Արցախում, դա մեր հայ ժողովրդի հողն ու ջուրն է՝ ինչպես Գեղարքունիքի, Շիրակի կամ Սյունիքի մարզերն են։

Մանրամասները` 168.aում

դիտվել է 2458 անգամ
Լրահոս
Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video) Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Տաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-ի Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video) Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am