Երևանում թալանել են Mercedes G55 մակնիշի ավտոմեքենաներ. դրանցից մեկը պաշտոնյայի է պատկանում
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 20-ին անձնական ունեցվածքի գողության դեպքեր են տեղի ունեցել Երևանում:
Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Աշտարակ քաղաքի բնակիչ, 70-ամյա Գագիկ Շահազիզյանը և հայտնել, որ ապրիլի 18-ից մինչև ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Աղայան փողոցի 1/բ շենքի դիմաց կայանված, իր որդուն պատկանող Mercedes G55 մակնիշի H 046 EK 799 RUS համարանիշի ավտոմեքենայի դիմացի 2 լուսարձակները և դրանց միացնող պլաստմասե սարքը գողացել են:
Նույն օրը ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Զավարյան փողոցի բնակիչ, 43-ամյա Արամ Սողոմոնյանը և հայտնել, որ ապրիլի 19-ին, ժամը 22:00-ից մինչև ապրիլի 20-ի ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան փողոցի 17 շենքի մոտ կայանված, իր կողմից վարվող Mercedes G55 մակնիշի 100 AM 10 համարանիշի ավտոմեքենայի դիմացի 2 լուսարձակները գողացել են:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ահազանգողներից Գ. Շահազիզյանը հայտնել է, որ ինքն աշխատում է Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ որպես գլխավոր մասնագետ: