Զարուհի Փոստանջյանն ասուլիսին իր հետ բերել էր օղի՝ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ դրոշի պատկերով
ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ հայկական եռագույնի պատկերով արժողությամբ «թավշյա» օղիով՝ մաքսատանը դրոշի հետ տեղի ունեցած միջադեպի համատեքստում ցույց տալու համար, թե որտեղից է սկսվում ապօրինությունը:
«Վարչապետը չգիտի օրենքը, խորհրդանիշն անարգում են: Ամիսներ առաջ էի դիմել իրավապահներին եւ հայտնել, որ նման օղի է վաճառվում Երեւանի խանութներում: Դրա վրա օգտագործված է պետական խորհրդանիշը: Ներկայացրել էի հաղորդում հանցագործության մասին, որովհետեւ սա ապօրինություն է: Խորհրդանիշը միայն հատուկ մարմինները կարող են օգտագործել: Սակայն ինձ պատասխանեցին, որ հանցակազմի հիմքեր չկան: Սա օգտագործվում է ամիսներ շարունակ եւ օրենքի խախտմամբ, ինչո՞ւ Փաշինյանը սրան չի արձագանքում եւ որեւէ գործողություն չի ձեռնարկում»,-նշեց Զարուհի Փոստանջյանը` կարծիք հայտնելով, գուցե վարչապետը փայաբաժին ունի:
Անդրադառնալով մաքսատան աշխատակցի հետ կապված միջադեպին, Զարուհի Փոստանջյանը նկատեց. «Եռագույնը ոչ թե ոտքի տակ էր, այլ անկյունում դրված: Բայց վարչապետի խոսելաձեւը խոսում է այն մասին, որ նա չի տիրապետում ինքն իրեն: Հոգեբանների կողմից նրա վարքագիծը կարող է բնորոշվել որպես «տագնապային»: Զայրույթը չզսպելը եւ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ աշխատանքից ազատման հրամաններ արձակելը դրա մասին են խոսում»: