«Եթե դուք ուզում եք սենսացիա՝ ես ասեցի այդ սենսացիան»․ ՊԵԿ նախագահ
Նորագավիթի մաքսատան միջադեպի հետ կապված, երբ վարչապետը դիտողություն արեց աշխատակցին՝ կարգադրելով դիմում գրել և ազատվել աշխատանքից, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողներին հայտնեց, որ վերջինն արդեն ազատման դիմում է գրել և դա նրա որոշումն է եղել․ «Դուք կենտրոնացել եք մի փոքր էպիզոդի վրա, որը ձեր կարծիքով ինչ-որ սենսացիա է պարունակում»:
Ըստ նրա` մարդկային ճակատագրի հարց չկա այդտեղ:
«Այն ինչ-որ վարչապետը տեսավ ու իր դուրը չեկավ, կոչ կամ հորդորներ արեց, կոչին ու հորդորներին մեր աշխատակիցը պատասխանել է դիմում գրելով: Նաև ավտոմաքսատան պետն է դիմում գրել: Դա նրանց ընտրությունն է: Եթե ուզում եք կամ ակնկալում եք, որ ես դիմում գրեմ՝ հեռանամ, դա կլինի իմ կողմից փախուստ այն ահռելի պարտականություններից, որոնք վերցրել եմ իմ վրա։ Հետևաբար, եկեք պայմանավորվենք՝ ես դիմում չեմ գրելու։ Ես վարչապետի կոչ հորդորին չեմ արձագանքելու իմ դիմումով, եթե դուք ուզում եք սենսացիա՝ ես ասեցի այդ սենսացիան»,- ասաց Անանյանը: