Ո՞ւմ մեքենայի հարվածից է մահացել տուժողը
«Հայկարամ Ղևոնդյանին առաջադրված մեղադրանքը նախնական է․ դեռևս հայտնի չէ, թե որ ավտոմեքենայի հարվածից է մահացել տուժողը։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց կրկնակի վրաերթի գործով մեղադրյալ, Սպիտակցի Հայկո անունով հայտնի երգիչ Հայկարամ Ղևոնդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալը հրաժարվել է ցուցմունք տալուց՝ օգտվելով դատավարական իրավունքից։
Նրա խոսքով՝ դատաբժշկական, դատահետքաբանական հանձնաժողովային համալիր փորձաքննությունից հետո պարզ կդառնա՝ մահը վրա է հասել առաջի՞ն, թե՞ երկրորդ մեքենայի հարվածից։ Սակայն, ըստ փաստաբանի՝ կնոջ մահը վրա է հասել առաջին ավտոմեքենայի հետևանքով․ «Հաշվի առնելով տուժողին պատճառված մարմնական վնասվածքները՝ գանգի կոտրվածք, ուղեղի արտահոսք և այլն, ես կարծում եմ, որ մահը վրա է հասել ոչ թե իմ պաշտպանյալի վրաանցման հետևանքով, եթե իհարկե այդպիսին եղել է, այլ առաջին ավտոմեքենայի վրաերթի պատճառով։ Սա իմ կարծիքն է, և ես դիտարկում եմ անում՝ հիմք ընդունելով սույն գործով ստացված փորձագետի եզրակացությունը։ Ինչ վերաբերում է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու վերաբերյալ մեղադրանքին, ապա իմ պաշտպանյալն ասում է, որ արտառոց ոչինչ չի զգացել, դրա համար էլ չի կանգնել։ Հակառակ դեպքում անպայման կկանգներ»,–ասաց Բալոյանը՝ ընդգծելով, որ այս հարցերը պետք է պարզվեն համալիր փորձաքննության արդյունքում։
Փաստաբանի խոսքով՝ Հայկարամ Ղևոնդյանի մասնակցությամբ քննչական գործողություն դեռևս չի կատարվել։