ՆԱՏՕ-ն կմոտենա Հայաստանի սահմաններին

Թբիլիսիից ոչ հեռու գտնվող «Կրծանիսի» ռազմաուսումնական կենտրոնում մեկ շաբաթ առաջ մեկնարկեցին ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունները, որոնց մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ և գործընկեր ավելի քան 20 պետություններ, այդ թվում՝ Ադրբեջանը, Թուրքիան, Միացյալ Նահանգները, Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան: Զորավարժություններին, Վրաստանի իշխանությունների հետ հանդիպումներից հետո հետևել է նաև Յենս Ստոլտենբերգը:

Հայաստանն, հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող այդ վարժանքներին չի մասնակցում: Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում պնդել էր՝ զորավարժություններում խաղարկվող սցենարը հայկական կողմի համար արդիական չի եղել:

Ահա, Հայաստանի հարևան Վրաստանի վերաբերյալ մի շարք կարևոր հայտարարություններ հնչեցին այս օրերին, մասնավորապես, որ Վրաստանը կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դատապարտեց Ռուսաստանին ու աջակցություն հայտնեց Վրաստանի տարածքային ամբողջականությանը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այսօր Թբիլիսիում վերստին հստակ ու անվերապահ հաստատեց, որ Վրաստանը կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ: «Այս հարցին համաձայնություն են տվել ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները, և որևէ մեկը դրան չի կարող խոչընդոտել», ասաց Յենս Ստոլտենբերգը, ով Վրաստան է ժամանել ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող բազմազգ զորավարժություններին հետևելու համար:
«Վրաստանը երկրորդ անգամ է նման կարևոր միջոցառում անցկացնում իր տարածքում՝ ի ցույց դնելով, թե ինչպես են իր զինված ուժերը կողք-կողքի համագործակցում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ու դաշնակիցների հետ: Վրաստանը առանձնահատուկ գործընկեր է ՆԱՏՕ-ի համար: Անցած ամռանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի բոլոր առաջնորդները վերահաստատեցին 2008-ին Բուխարեստում ընդունված որոշումը՝ Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ»:

11 տարի առաջ Ռումինիայի մայրաքաղաքում տեղի ունեցած այդ գագաթնաժողովում էր, որ ռազմական դաշինքը Վրաստանին ու Ուկրաինային խոստացավ անդամակցության գործողությունների պլան տրամադրել: Ամիսներ անց՝ օգոստոսին, մեկնարկեց ռուս-վրացական հնգօրյա պատերազմը, ռուսական զորքերը հայտնվեցին Թբիլիսիի մատույցներում, իսկ պատերազմի ավարտին Մոսկվան ճանաչեց Վրաստանից անջատված Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը:

Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դատապարտեց Ռուսաստանին ու աջակցություն հայտնեց Վրաստանի տարածքային ամբողջականությանը․ - «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին չեղարկել Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչումն ու դուրս բերել զորքերն այդ տարածքներից: Մենք նաև կիսում ենք Վրաստանի մտահոգությունը Սևծովյան տարածաշրջանում ռազմական ներուժն ամրապնդելու՝ Ռուսաստանի քայլերի առնչությամբ: Եվ հենց այդ պատճառով մենք սերտացնում ենք համագործակցությունը Վրաստանի ու ՆԱՏՕ-ի ծովային ուժերի միջև»:

Վրաստանի վարչապետն իր հերթին ընդգծեց, որ Թբիլիսին հաստատակամ է շարունակել բարեփոխումները՝ օր առաջ ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ դառնալու համար: «Մենք այդ ցանկությունը նաև մայր օրենքով՝ Սահմանադրությամբ ենք ամրագրել՝ փաստելու, որ որոշումն այլևս անշրջելի է», - ասաց Մամուկա Բախտաձեն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսում:
«Վրաստանի հասարակության մեծ մասը աջակցում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու՝ իշխանությունների ծրագրին: Դա ևս մեկ ապացույց է, որ այդ որոշումը ոչ թե լոկ քաղաքական քայլ է, այլ ընտրություն, որը հիմնված է մեր համընդհանուր արժեքների վրա», - նշեց Բախտաձեն:

Վրացի լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք Ռուսաստանը չի կարող խոչընդոտել Վրաստանի անդամակցությանը՝ հաշվի առնելով դաշինքի ընդարձակման դեմ Մոսկվայից շարունակաբար հնչող կոշտ հայտարարությունները: «Յուրաքանչյուր պետություն ազատ է անվտանգության այս կամ այն կազմակերպությանն անդամակցելու հարցում, և սա հիմնարար սկզբունք է մեզ համար», - հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ դրան նաև Ռուսաստանն է տվել իր համաձայնությունը: «Վրաստանն է, որ պետք է որոշի՝ ինչ է ուզում, ինչից հետո ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրները կորոշեն, թե երբ ենք մենք պատրաստ ընդունել Վրաստանին: Որևէ այլ երկիր այս հարցում ասելիք չունի: Ես ինքս գալիս եմ փոքր, Ռուսաստանի հետ հյուսիսից սահմանակցող երկրից՝ Նորվեգիայից, և 1949-ին, երբ Նորվեգիան անդամակցեց ՆԱՏՕ-ին, Ստալինին դա դուր չեկավ, սակայն ՆԱՏՕ-ի դաշնակիցները՝ ԱՄՆ-ը, ՄԹ-ը, Ֆրանսիան, ասացին՝ ոչ, Ստալինը չէ, որ պետք է այս հարցը որոշի, այլ՝ Նորվեգիան և ՆԱՏՕ-ն: Հիմա ճիշտ և ճիշտ նույն պատմությունն է», - ասաց Յենս Ստոլտենբերգը:
Ռազմական դաշինքի քարտուղարը մի քանի անգամ ընդգծեց՝ Վրաստանը հսկայական քայլեր է արել բարեփոխումների ուղղությամբ, սակայն անդամակցության ժամկետներ, այդպես էլ չնշեց: Ստոլտենբերգը հստակ պատասխան չտվեց նաև հարցին, թե հնարավո՞ր է՝ Թբիլիսին անդամակցի ՆԱՏՕ-ին առանց Հարավային Օսիայի ու Աբխազիայի հակամարտությունները կարգավորելու:

Վրացի առաջնորդներն առավել կտրուկ էին՝ այս հարցում. «Այն, որ Ռուսաստանը շարունակում է մեր տարածքների օկուպացիան, չպետք է խոչընդոտ դառնա՝ Վրաստանի անդամակցության համար», նշեց վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Ի դեպ, հիշեցնենք, մինչև Վրաստանում ընթանում էին ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Նիկոլ Փաշինյանն ու Մամուկա Բախտաձեն մարտի 24-ին ոչ ֆորմալ հանդիպում ունեցան Տավուշի մարզի Ենոքավան համայնքում: Նրանք քննարկել էին հայ-վրացական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների: Փաշինյանն ու Բախտաձեն ընդգծել էին հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը բոլոր ոլորտներում և համոզմունք հայտնել, որ հետագա ակտիվ փոխգործակցությունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև մի շարք ուղղություններով համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Փաշինյանի և Բախտաձեի նախորդ ոչ ֆորմալ հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 15-ին` Վրաստանի Բոլնիսի քաղաքում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1020 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am