«Ես կարող եմ ասել, թե ինչ է ուզում պետությունը կամ կառավարությունը գիտությունից». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովին, որը նվիրված էր ԳԱԱ 2018թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին:

ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ակադեմիայի կազմակերպությունների գիտական կարևորագույն արդյունքներն ու կիրառական մշակումները: Նա անդրադարձել է 2018թ. միջազգային համագործակցության շրջանակում, գիտական կադրերի պատրաստման և միջազգային ծրագրերում երիտասարդ գիտնականների մասնակցության, գիտական հետազոտությունների ակտիվացման, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններով իրականացված աշխատանքներին: ԳԱԱ նախագահը նշել է, որ 2018 թ. նշվել է ակադեմիայի հիմնադրման 75-ամյակը, և ողջ տարվա ընթացքում անցկացվել են բազմաթիվ գիտական միջոցառումներ:

Այնուհետև ՀՀ ԳԱԱ 2018թ. գիտակազմակերպական գործունեության մասին զեկուցում է ունեցել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը: Ելույթներ են ունեցել նաև ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արմեն Սերգեեևը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Արսեն Հախումյանը:

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան հարուստ պատմություն ունի, որի շենքում հայկական և համաշխարհային գիտության փառապանծ էջեր են գրվել: «Իմ միջազգային հանդիպումներին, հատկապես նրանց, որ որոշակի առնչություն ունեն գիտության և գիտական գործունեության հետ, ես պարտադիր շեշտում եմ, որ Հայաստանը, կարող ենք ասել վստահաբար, եղել է Խորհրդային Միության Սիլիկոնային հովիտը: Եվ սա ասում եմ ոչ թե ուղղակի պատմական հիշողությունը վերականգնելու, այլ ընդգծելու համար այն մեծ ներուժը, որ, իմ համոզմամբ, ունի Հայաստանը՝ որպես գիտական պոտենցիալ երկիր: Ինչո՞ւ էր Խորհրդային Միությունում գիտությունն այդքան ուժեղ և հզոր: Կարծում եմ այն պատճառով, որ պետությունը և հանրությունը գիտեին, թե ինչ են ուզում գիտությունից, գիտությունն էլ շատ հստակ գիտեր, թե ինչ է ուզում պետությունից և հանրությունից», – ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ երրորդ հանրապետության ստեղծման առաջին օրից տեղի է ունենում այն բանավեճը, թե ինչ է ուզում պետությունը գիտությունից, ինչ է ուզում գիտությունը պետությունից, և ինչ կարող են դրանք ընդհանրապես տալ իրար: Այս հարցերի պատասխանը գտնելը, վարչապետի կարծիքով, կլինի այն առաջին կարևոր կետը, որի վրա պետք է հիմնվի մեր գիտության հետագա զարգացումը:

 «Ես կարող եմ ասել, թե ինչ է ուզում պետությունը կամ կառավարությունը գիտությունից: Մենք հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք որպես տեխնոլոգիական երկիր և հույս ունենք, որ Հայաստանում գիտությունը, գիտական պոտենցիալը, այդ թվում՝ Գիտությունների ազգային ակադեմիան ողջ թափով կսպասարկեն քաղաքական այս տեսլականը:

Շատ է խոսվում գիտության ֆինանսավորման և դրա մեխանիզմների մասին, և կանխավարկածն այնպիսին է, որ ֆինանսների բացակայության կամ սղության պատճառով ինչ-որ բան չի ֆինանսավորվում, ինչ-որ բան պակաս է ֆինանսավորվում, ինչ-որ բան այնպես չէ ֆինանսավորվում, ինչպես պետք է ֆինանսավորվի: Բայց ցանկանում եմ ասել, որ կառավարությունում մեր աշխատանքի ընթացքում ես առաջարկել եմ ընդհանրապես հրաժարվել փողի մասին խոսակցությունից, որովհետև եթե որևէ խոսակցություն սկսում ենք փողից, շատ արագ մտնում ենք փակուղի: Պետք է խոսել ոչ թե այն մասին, թե ինչքան փող կա, և մենք ինչքան ենք պատրաստ հատկացնել, այլ այն մասին, թե մենք ինչ խնդիր ենք լուծում, ինչպես ենք պատկերացնում դրա լուծումը, և արդյոք կարող ենք լուծել այն: Եթե չենք կարող, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք այդ խնդրի լուծման համար: Հետևաբար, ես առաջարկում եմ, որ ընդհանրապես այդ տրամաբանությունից դուրս գանք, որովհետև հարցն այն չէ՝ փող կա՞, թե՞ չկա, այլ այն, թե ինչ ենք ուզում: Երբ հստակ ձևակերպենք մեր ցանկությունները և անելիքը, կարծում եմ՝ փող միշտ էլ կգտնվի, որովհետև նպատակները շատ ավելի կարևոր են, քան նստել հաշվելը, թե այս պահին ինչքան փող ունենք», -նշել է Նիկոլ Փաշինյանը:

 Երկրի վարչապետն անդրադարձել է ՀՀ-ում գիտության ոլորտի զարգացման հետ կապված մի շարք հարցերի, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել.

«Առաջին հարցը՝ ինչքանո՞վ է գիտությունն ինտեգրված կրթությանը և մասնավորապես, բարձրագույն կրթությանը: Վերջին շրջանի բոլոր այցերին այնպես ենք դասավորում, որ պարտադիր փորձում ենք այցելել եվրոպական կամ աշխարհի առաջատար կրթական հաստատություններ: Այդ այցերի, շփումների արդյունքում իմ եզրակացությունն այն է, որ ժամանակակից աշխարհում միտումները գնում են միանշանակորեն այն ուղղությամբ, որ կրթությունն անհնար է պատկերացնել առանց շատ ուժեղ հետազոտական, այսինքն՝ գիտական բաղադրիչի: Ցավոք, մեր այսօրվա գիտական համակարգը որոշակիորեն, ոչ ամբողջությամբ կտրված է բուհական համակարգից, այսինքն՝ մեր կրթական համակարգում հետազոտական բաղադրիչի էական պակաս ունենք:

 Մեր ռազմավարությունը լինելու է այդպիսին՝ մենք փորձելու ենք հնարավորինս շատ և հնարավորինս արդյունավետ հետազոտական, այսինքն՝ գիտական ուղղությունն ինտեգրել բարձրագույն կրթական ուղղությանը: Այս առումով ցանկանում եմ ընդգծել նաև, որ մեր պատկերացումը հետևյալն է. որոշակի գործառույթներ, որոնք ավանդաբար ընկալված են որպես կառավարական գործառույթներ, պետք է պատվիրակենք բուհական, գիտակրթական համակարգին, որը հնարավորություն կտա նախ գիտնականներին ավելի ինտեգրված լինել տնտեսության և հանրային կյանքի կառավարման մեջ և նույն հնարավորությունը կստեղծի նաև ուսանողների համար՝ ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև փորձելու այդ տեսական գիտելիքները կիրառել գործնականում:

Հաջորդ կարևոր հարցը, որ մեր կառավարությունն առաջ է քաշում, հետևյալն է. ինչքանո՞վ է Հայաստանի գիտական կամ գիտակրթական համակարգն ինտեգրված Հայաստանում ռազմավարական հեռանկարի ձևակերպման և ձևավորման գործընթացում:

 Մեր մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ կառավարությունը գործում է առանձին, իսկ գիտակրթական համակարգը և ներուժը՝ առանձին: Մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանում էականորեն պետք է ուժեղացվի փորձագիտական ներուժը, և դա պետք է արվի հետևյալ կերպ. գիտակրթական համակարգը պետք է ներգրավված լինի ռազմավարությունների և քաղաքականությունների ձևավորման գործընթացում, ինչն իր հերթին նաև ենթադրում է, որ որոշակի ֆինանսական հոսքերը կուղղվեն նաև գիտակրթական համակարգ:

Հաջորդ հարցը՝ ինչքանո՞վ է մեր գիտակրթական համակարգն ինտեգրված տնտեսությանը: Ես շատ ուրախ եմ, որ այդ հարցի պատասխանը կամ մտածողության այդ վեկտորը շատ հստակ տեսա Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի խոսքում՝ երբ նա խոսում էր հնագիտության և ազգագրության ասպարեզում գիտական գործունեության մասին, բայց հաջորդ նախադասությամբ ասաց, որ սա կարող է նպաստել և դառնալ զբոսաշրջության զարգացման կարևոր գործիք: Շատ կարևոր է, որ մենք գիտությունը և գիտական գործունեությունն ընկալենք հենց այս տեսակետից: Դա մի արդյունք չէ, որը պետք է ունենանք, բարձր գնահատենք, դրանով հպարտանանք և պահենք դարակներում: Դա պետք է հասանելի լինի մարդկանց: Մանավանդ 21-րդ դարի մարդը և՛ գիտության, և՛ բազմաթիվ այլ ոլորտներում ունի առօրեական հետաքրքրություններ: Այսօր մարդը ձգտում է իմանալ ավելին, ավելիի մասին է ձգտում տեղեկանալ, և կարծում եմ, որ մեր գիտակրթական համակարգի հաջորդ խնդիրը պետք է լինի տնտեսությանն ինտեգրվելը: Երբ ասում ենք տնտեսությանն ինտեգրվել, շատ դեպքերում հասկանում են միայն տեխնիկական գիտությունները, բայց նշված օրինակը կարծում եմ ցույց տվեց, որ ոչ միայն տեխնիկական գիտություններն են, որ կարող են ինտեգրվել տնտեսությանը և սպասարկել կամ առաջ մղել տնտեսության կոնկրետ ճյուղեր:

Հաջորդ կարևորագույն խնդիրն այն է, թե ինչքանով է մեր գիտակրթական համակարգն ինտեգրված մեր զինված ուժերին և մեր բանակին և ինչքանով է նպաստում մեր անվտանգության կարիքների սպասարկմանը: Եվ ևս մի կարևոր հարց, որը ցանկանում եմ ընդգծել, հետևյալն է. իսկ ինչքանո՞վ է մեր գիտակրթական համակարգն ինտեգրված կամ ինչքանո՞վ է աշխատում ինքնաճանաչման կարևոր հրամայականի վրա: Մեր ռազմավարական ապագան կառուցելու համար շատ կարևոր է, որ մենք այսօր առավել ճիշտ և առավել ընդգրկուն ճանաչենք ինքներս մեզ՝ որպես ինքնություն, ազգություն, հանրություն, ժողովուրդ, քաղաքացի, որովհետև ինքնաճանաչողությունն ապագայի ռազմավարությունը կառուցելու կարևորագույն նախապայման է», – ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ այս թեմաները քննարկվել են ԳԱԱ ներկայացուցիչների, Կրթության և գիտության նախարարի և նախարարության հետ. դրանք լինելու են կառավարության առաջիկա գործունեության հիմնական ուղղությունները, և գործադիրն այս շրջանակում է պատկերացնում համագործակցությունը ԳԱԱ և ընդհանրապես գիտակրթական համակարգի հետ:

Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ անդրադարձել է գիտության ֆինանսավորման հարցին և ընդգծել, որ ֆինանսավորման փիլիսոփայության մեջ կարևոր ու սկզբունքային փոփոխություններ պետք է տեղի ունենան, որովհետև հարցն այն չէ, թե ինչքան գումար կա և ինչպես այն բաժանել արդարացի: «Այսօր արդեն կառավարությունը հենց գիտության ոլորտում ունի կոնկրետ ծրագրային առաջարկներ, և երբ այդ ծրագրային առաջարկները քննարկվում էին, դրանց ֆինանսավորման համար առկա գումարի թիվը զրո էր, այսինքն՝ այդ ծրագրի ֆինանսավորման համար ընդհանրապես ոչ մի կոպեկ, ոչ մի լումա գումար չկա: Եվ ինչքան համոզիչ են ծրագրի հեղինակները ներկայացնում իրենց ծրագրի կարևորությունը, այն, որ դա ռազմավարական նշանակության և օգտավետ ծրագիր է, փողն ինքն իրեն հայտնվում է: Համոզված կարող եմ ասել, որ չեմ պատկերացնում մի այնպիսի գիտական համոզիչ ծրագիր, որն ինքն իրենով կապացուցի, որ և՛ ծրագրի հաջողության, և՛ նույնիսկ անհաջողության դեպքում Հայաստանի գիտությունը և Հայաստանի Հանրապետությունը շահելու է, չեմ պատկերացնում այդպիսի մի իրավիճակ, որ ՀՀ կառավարությունը գումար չգտնի այդպիսի ծրագրի համար: Ես չեմ պատկերացնում այդպիսի իրավիճակ, որ նոր Հայաստանում, այսօրվա Հայաստանում իմ նշած չափանիշներին համապատասխանող որևէ ծրագիր չիրականացվի միայն այն պատճառով, որ փող չկա: Ի վերջո, փողն ստեղծվում է նաև մարդկանց գործունեության, մտքի, գաղափարի, եռանդի, աշխատանքի արդյունքում, և ուրեմն, փող կա՞, թե՞ չկա հարցին ի պատասխան՝ մենք պետք է ասենք՝ ինչքան եռանդ մենք ունենք, ինչքան ուժեղ է մեր միտքը, ինչքան ուժեղ է մեր կամքը, և ինչքանով մենք համոզված ենք, որ այն, ինչ անում ենք, արժե շատ ավելին, քան փողը:

Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կա անհրաժեշտ գիտական, մարդկային ներուժ, անհրաժեշտ մտավոր և բարոյական ներուժ, որպեսզի մենք ամեն օր ստեղծենք այնպիսի արդյունքներ, որոնք շատ ավելին են, քան փողը: Այդ արդյունքներն իրենց հետևից կբերեն անսահմանափակ քանակությամբ փող, որովհետև փողն ամենևին էլ առաջնային չէ: Առաջնայինը գաղափարն է, և գաղափարը հաղթել է, հաղթում է և պիտի հաղթի», – ելույթը եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 295 անգամ
Լրահոս
Նիկոլի խուլիգանապետությունը Նիկոլի ընտանեկան թերթով սպառնացող այս "կենդանին" ի՞նչ է նախընտրում, որ իրեն "պադեզդում ծեծեն, թե՞ "զուգարանում սպանեն"... ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, կինը, դուստրը, որդին, եղբայրը հրավիրվել են Դատախազություն Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան ՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղար Երևանի քաղաքապետարանը դիտարկում է ձմռան ամիսներին նոր տեխնոլոգիաներով ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու հարցը Ղարաբաղյան պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. հայտարարություն Աշխատակիցների աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50մլն դրամի հարկ է թաքցվել Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը և հայտնվել դաշտում. կան վիրավորներ Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» ՊՆ նախկին շենքը կպայթեցվի Սամվել Վարդանյանին ծեծել են․ քաղբանտարկյալներին ասում եք՝ մեր դեմ խաղ չկա․ Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսաստանն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպանի կոնկրետ պատասխանը (video) Ոստիկաննե՛ր, դուք ոստիկա՞ն եք, թե՞ խուլիգան․ Սամվելին տվել եք ծեծող բանդայի ձեռքը․ Տաթև Արցախ (video) Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. Իրանի դեսպանի ուշագրավ հայտարարությունը (video) «Էս էգերի համար Աննայի մոտ լափելը, բղկալը, տռճիկ տալը պատիվ է»․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանը քշելու է ու տանի Ադրբեջանին․ վտանգավոր զարգացումներ տարածաշրջանում․ Վան Համբարձումյան (video) Ավանի դպրոցներից մեկում աշակերտները վիճել են, միջամտած ուսուցիչը վնասվածքներ է ստացել (video) ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան (video) Անդրանիկ Քոչարյանին պատրաստ եմ բուժման համար ֆինանսապես աջակցել․ Արամ Ավետիսյան (video) Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ խոսել ենք Հայաստանի իշխանությունների հետ․ Իրանի դեսպան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am