Օտարերկրյա փորձագետները՝ թավշյա հեղափոխության մասին. ՌԴ-ն ու ԱՄՆ-ը պատրաստ են Փաշինյանի իշխանությանն աջակցել

Սերժ Սարգսյանի ինքնակամ հրաժարականը նշանակալի փաստ է Հայաստանում տեղի ունեցած զարգացումները մեծ հետաքրքրություն են առաջացրել ամերիկյան առաջատար լրատվամիջոցներում ու փորձագիտական շրջանակներում: Ընդհանուր առմամբ հնչող գնահատականները դրական են, ընդգծվում է շարժման ժողովրդավարական և խաղաղ բնույթի կարևորությունը: Ամերիկացի վերլուծաբանները վերլուծում են թավշյա հեղափոխության դրդապատճառներն ու ազդեցությունը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա: «Հայաստանի ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը չի նահանջում: Արևմուտքում ընթացող զարգացումները, մասնավորապես Դոնալդ Թրամփի ընտրությունը, պոպուլիստական առաջնորդների հաղթանակները, միտված են դեպի ավելի ավտորիտար համակարգերի հաստատում, սակայն Հայաստանն ապացուցեց, որ քաղաքացիներն ունեն համապատասխան իշխանություն և կարող են այն օգտագործել՝ քաղաքական փոփոխությունների հասնելու համար»,- ըստ Ազատություն ռադիոկայանի՝ նշել է Կարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Ստրոնսկին: «Ողջունելի է այն հանգամանքը, որ Հայաստանի ժողովուրդը խաղաղ միջոցներով պայքար է սկսել այն խմբի դեմ, որին չի համարում լեգիտիմ: Պետք է շնորհավորել Հայաստանի ժողովրդին խաղաղ և հանրային միջոցներով իր ձեռքբերումների համար»,- նշում է ամերիկացի նախկին դիվանագետ, վերլուծաբան Ռիչարդ Կազլյարիչը: Ներքաղաքական տեսանկյունից հայկական թավշյա հեղափոխության հաջողության հիմքում էին ընկած մի շարք կարևոր դրդապատճառներ, ներառյալ ընդդիմության երիտասարդացումն ու սերնդափոխությունը, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարումը բռնի սցենարից, երկար տարիներ գործող համակարգի անարդյունավետությունն ու սոցիալ-տնտեսական խնդիրները: Փորձագետները ընդգծում են երկրում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը «Անհատները կարևոր են իհարկե, սակայն հաստատությունները ևս չափազանց կարևոր նշանակություն ունեն: Բազմաթիվ հաստատություններում՝ պաշտպանության, արտաքին հարաբերությունների, առկա են արհեստավարժ մասնագետներ, ովքեր տիրապետում են խնդիրներին: Նրանք կարող են զգալի աջակցություն ցուցաբերել նոր կառավարությանը»,- ընդգծում է Ստրոնսկին: «Այս զարգացումները չեն կարող անվերջ տևել, անհրաժեշտ է նոր վարչապետի նշանակում և, հավանաբար, նոր ընտրությունների անցկացում Սահմանադրության դրույթների պահպանմամբ», - ասում է դեսպան Կազլյարիչը: «Շատ վաղ է համակարգային բարեփոխումների մասին գնահատականներ տալ, բայց Սերժ Սարգսյանի ինքնակամ հրաժարականը և իշխանությունից հեռանալը իրականում անհերքելիորեն նշանակալի փաստ է: Սա հույս է հաղորդում բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են բարեփոխումներ տեսնել: Հույսի արթնացման զգացողությունը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով, մասնավորապես հետխորհրդային տարածքի ավելի ավտորիտար երկրներում հույսի բացակայությունը»,- նշել է Մարկ Բեհրենթը՝ Freedom House կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրենը: Մոսկվան ու Վաշինգտոնը ցանկանում են ՀՀ նոր իշխանությունների հետ համագործակցություն Հայաստանյան զարգացումներն, անկասկած, կարևոր են նաև երկրի ապագա արտաքին քաղաքականության համար: Շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ընդգծել է այս զարգացումների բացարձակ ներքաղաքական բնույթն ու բացառել Հայաստանի հետագա արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձը: Փորձագետներն արձանագրում են, որ խոշոր տերությունների արձագանքներն այս առումով հիմնականում եղել են չեզոք: «Կարծում եմ Վաշինգտոնը, Բրյուսելն ու Մոսկվան դասեր են քաղել 2014թ. ուկրաինական զարգացումներից, երբ շատ արագ կարծիք ձևավորեցին տեղի ունեցածի վերաբերյալ: Հայաստանում տեղի ունեցած ընդվզումը ներքևից է մղվել վերև և կարծում եմ այն զարմացրել է շատերին, ներառյալ պարոն Փաշինյանին: Բոլոր կողմերը փորձեցին չքաղաքականացնել տեղի ունեցածը՝ հակառակ ուկրաինական իրադարձությունների»,-ընդգծում է Ստրոնսկին: «Ես հույս ունեմ, որ Հայաստանին, որը անվտանգությունից ելնելով սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով ԼՂ-ի հակամարտությունը, կհաջողվի որդեգրել բազմակողմանի արտաքին քաղաքականություն: Նկատի ունեմ, եթե Հայաստանում նոր իշխանություն ձևավորվի, այն, թեև լինելով ռուսաստանամետ, հնարավորություն կունենա ավելի ժողովրդավարական ճանապարհով նաև կառուցողական հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ»,- նշում է Բեհրենթը: Այս պահին Մոսկվայի ու Վաշինգտոնի հայտարարությունները վկայում են Երևանի նոր իշխանությունների հետ խոշոր տերությունների համագործակցության պատրաստակամության մասին, որոնք սպասում են այնտեղ ներքաղաքական իրավիճակի վերջնական հանգուցալուծմանը: Գալիք իշխանությունների որդեգրած քաղաքականությունից է կախված, թե ինչպես կզարգանան Հայաստանի հարաբերությունները տարածաշրջանում շահեր ունեցող երկրների հետ: Ավելի շատ տոնախմբության՝ քան հեղափոխության Դա ավելի շատ նման էր տոնախմբության, քան հեղափոխության, գրում է բրիտանական հեղինակավոր Economist-ը՝ անդրադառնալով հայաստանյան վերջին զարգացումներին: «Անվադողեր այրելու ու բարիկադներ կառուցելու փոխարեն երիտասարդները փաթաթվում էին հայկական դրոշով, փողոցում պարում, ճանապարհներն էլ փակում վոլեյբոլ խաղալով կամ պարզապես գորգերի վրա նստելով: Այս ամենի ետևում, սակայն, թավշա հեղափոխությունն է, որն առաջնորդում է Հայաստանի երիտասարդ սերունդը՝ անկախացումից ի վեր երկիրը վերահսկող հին գվարդիայի դեմ», - գրում է Economist-ը, հավելելով. - «Մայիսի 1-ին՝ վարչապետի ընտրության օրը տասնյակ իշխանամետ պատգամավորներ փորձեցին վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով նրան որպես վտանգավոր, հակառուս և Կրեմլի համար ոչ ընդունելի թեկնածու, սակայն Մոսկվան լուռ էր»: Ըստ Economist-ի՝ «Ռուսաստանը վստահ էր Հայաստանի վրա ունեցած իր ռազմավարական իշխանության վրա և չէր ցանկանում աջակցել պարտվող կողմին»: The Washington Post-ը նույնպես փաստում է՝ վարչապետին պաշտոնանկ անելը կարող է իսկապես շատ բարդ լինել, սակայն գործընթացը պետք է նաև հաճույք պատճառի․ համենայն դեպս, այդ տպավորությունն է ստացել թերթի թղթակիցը հայաստանյան վերջին իրադարձություններից: «Հարյուր հազարավոր ցուցարարներ փողոց էին դուրս եկել՝ անարյուն հեղափոխության, որի արդյունքում այդ փոքրիկ երկիրը առնվազն կարողացավ ձերբազատվել ավտորիտար կառավարումից», - գրում է The Washington Post-ը՝ շարունակելով․ - «Ապրիլի կեսերից, երբ խարիզմատիկ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը սկսել է ցույցերը, Երևանը մտել է փողոցային տոնախմբությունների մի հորձանուտ, ուր հիմնականում երիտասարդները պայքարի են դուրս եկել, իրենց համոզմամբ, կոռումպացված իշխանությունների դեմ»: «Մենք՝ հայերս պարում ենք, երբ երջանիկ ենք», - ասել է ցույցի մասնակիցներից մեկը՝ ընդգծելով․ - «Մեզ շատ է երջանկացնում գիտակցումը, որ կարող ենք իշխանություններին ցույց տալ՝ նրանք չեն կարող մեզ խաբել»: Անդրադառնալով Փաշինյանի ծրագրերին, Independent-ը փաստում է՝ մայիսի 1-ին՝ վարչապետի ընտրության օրը նա խուսափեց ինքն իրեն ներկայացնել որպես ձախակողմյան կամ աջակողմյան գործիչ, պնդելով, թե այդ մոտեցումներն այլևս կենսունակ չեն: Ոմանք կարծում են, որ միտումնավոր քայլ էր՝ առավել ընդարձակ ընդդիմադիր կոալիցիա ձևավորելու համար, սակայն նրանք, որ ծանոթ են Փաշինյանին, նրան ներկայացնում են որպես ի սրտե լիբերալ, գործնականում՝ ինքնավստահ պոպուլիստ, հարկ եղած դեպքում էլ՝ պրագմատիկ քաղաքական գործիչ, գրում է Independent-ը: Ամերիկայի ազգային պաշտպանության ինստիտուտի պրոֆեսոր Էնդրյու Նովոն հեղինակավոր Atlantic Council-ի կայքում վերլուծելով համազգային այս շարժման պատճառները, փորձագետը նշում է՝ մարդիկ ուզում են շուկայական տնտեսություն, ոչ թե տնտեսություն, որը հիմնված է իշխող էլիտայի և նրանց հարազատների բանդիտական սեփականաշնորհման վրա, նրանք ուզում են գործող ժողովրդավարություն, ոչ թե կեղծ ընտրություններ, աշխարհաքաղաքական անկախություն, ոչ թե սեփական ինքնիշխանության զիջումը Մոսկվային: Փաստելով, որ Ռուսաստանը բավական զուսպ էր հետևում հայաստանյան թավշյա հեղափոխությանը՝ պաշտպանական ոլորտում հայտնի ամերիկացի պրոֆեսորը միաժամանակ նշում է՝ հենց որ Ռուսաստանը զգա, որ իր հարաբերությունները Հայաստանի հետ վտանգի տակ են, կփորձի մեկուսացնել դեմոկրատական բարեփոխումների առաջնորդներին կամ տապալել նրանց: «Եթե արևմուտքը ոչինչ չանի ժողովրդավարական այս ցույցերի էական արդյունքներն ամրապնդելու համար, բարեփոխումները կլինեն ավելի շատ մակերեսային, քան խորքային, և Հայաստանը կմնա Ռուսաստանի աղքատ կցորդը: Եթե ԱՄՆ-ի ու Եվրոպայի քաղաքական գործիչներն ուզում են հավատարիմ մնալ ժողովրդավարությանն աջակցելու՝ իրենց կոչերին, նրանք չպետք է թողնեն, որ Հայաստանի ժողովուրդը միայնակ դիմակայի իր օլիգարխիկ ռեժիմին ու համակարգային կոռուպցիային»,- ընդգծում է ամերիկացի պրոֆեսորը: Միջազգային ճգնաժամային խումբն էլ հայաստանյան զարգացումներին նվիրված զեկույցում նշում է՝ արտաքին ուժերը չպետք է կողմերից որևէ մեկին սատարեն, բայց նաև չպետք է շատ հեռանան գործընթացներից: «Խիստ չեզոքություն պահպանելով՝ նրանք կարող են տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն տրամադրել՝ ներկայիս ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու և արտահերթ ընտրությունների պատրաստվելու համար»,- նշում է փորձագիտական խումբը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am