Զինծառայող Լևոն Թորոսյանը մահից առաջ խոշտանգվել է. դիակի զննությունը հաստատեց.forrights.am

Հայաստանի «Մեհրաբներ» անունով հայտնի զորամասի մարտական դիրքում մահացած զինծառայող Լևոն Թորոսյանը մահից առաջ խոշտանգվել է. մարմնին կան բռնությունների հետքեր և վնասվածքներ: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 6-ի վաղ առավոտյան՝ 07:25-ի շրջանում:

Երեկ Հանրապետական Դատա-բժշկական գիտագործնական կենտրոնում Լևոն Թորոսյանի մարմինը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության, որին տուժող կողմի պահանջով մասնակցել է փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը: Դատաբժշկական դիազննությունից հետո  Forrights.am-ին մանրամասներ հայտնեց:
Լևոն Թորոսյանի սեռական օրգանների վրա հայտնաբերվել են արյունազեղումներ. «Դրանք կարող էին առաջանալ միայն բութ առարկայով հարվածի հետևանքով: Հարվածներն այն աստիճանի ուժեղ են եղել, որ զինվորը ոչ թե ցավ է զգացել, այլ այդ նուրբ օրգանները արյունազեղվել են, այն դեպքում, երբ դրանք փափուկ հյուսվածքներ են: Ուրեմն` շատ ուժեղ հարված պետք է հասցված լիներ»,- ասում է Ռուբեն Մարտիրոսյանը:
Փորձագետը միանշանակորեն պնդում է, որ հարվածի արդյունքում սաստիկ ցավ է առաջացել և Լևոնը միանգամից կորցրել է դիմադրողականությունը.«Օգտվելով հանգամանքից, որ երեխան գտնվել է անօգնական վիճակում, չի կարողացել դիմադրություն ցույց տալ, մարդասպանները բռնելով նրա ձեռքերից, զենքը դրել են կզակի տակ և սպանել են»:
Ռուբեն Մարտիրոսյանը հակված է կարծել, որ զինծառայողի սպանությանը մասնակցել են միանգամից մի քանի հոգի, այսինքն` խմբակային հանցագործություն է տեղի ունեցել. «Որովհետև Թորոսյանը ֆիզիկապես ամուր և ուժեղ երիտասարդ էր, ինչը պարզորոշ երևում է նրա մարմնի մկանային կառուցվածքից»: Պարոն Մարտիրոսյանի պնդմամբ` Լևոն Թորոսյանի կզակի տակ առկա է հրազենային մուտքի վնասվածք, որը դուրս է գալիս գլխի գագաթնային շրջանից` ունի կենտրոնից դեպի աջ ուղղվածություն:
Հրազենային վնասվածքից բացի դիակի զննությամբ հայտնաբերվել են հետևյալ վնասվածքները: Լևոնի աջ և ձախ ձեռքերին` արմնկահոդային շրջանում առկա են միանման, միաչափ և նույն վաղեմությունն ունեցող երկու քերծվածքներ: «Այս պահին դատաբժիշկը չի կարող ասել` արդյոք դրանք մահվանից առաջ են ստացվել, թե հետմահու: Հակված է համարել, որ դրանք հետմահու վնասվածքներ են»,- ասում է փորձագետը: Մարտիրոսյանը ևս մեկ վարկած է առաջ քաշում` եթե Լևոն Թորոսյանի ձեռքերի արմնկահոդային շրջանի վնասվածքները հասցվել են մահվանից առաջ, դա կարող է վկայել, որ այդ վնասվածքները առաջացել են զինծառայողի դիմադրություն ցույց տալու արդյունքում: Եթե դատաբժիշկը հաստատի, որ այս վնասվածքները հետմահու են հասցվել Թորոսյանին, կնշանակի, որ մարդասպանները սպանության հետքերը կոծկելու նպատակով զինծառայողի դիակը տեղափոխել են մի վայրից մեկ ուրիշ տեղ.
«Սա իրենց չի օգնի, որովհետև արդեն տեղափոխության փաստը ցույց է տալիս, որ իրենք հանցագործություն են կատարել»:  Դատաբժշկական դիազննության ժամանակ կատարվել են Լևոն Թորոսյանի մարմնի որոշ հատվածների կտրումներ, մասնավորապես` բացվել են սեռական օրգաններին առկա արյունազեղումները. «Այնտեղ հայտնաբերվեց վարդագույն բաց գույնի արյուն: Ես համոզված եմ, որ հարվածն ու արյունազեղումն անմիջապես նախորդել է զինվորի սպանությանը: Արյան վարդագույն լինելը նշանակում է, որ այն դեռ չէր լյարդացել, այսինքն` վնասվածքը թարմ է»:
Վերջնական որոշումը կայացնելու է դատաբժիշկը, սակայն փորձագետ Մարտիրոսյանը համոզված է, որ իր վերոնշյալ դիտարկումները համապատասխանում են իրականությանը. Առաջին` Թորոսյանին սպանել են, Երկրորդ` դա խմբակային սպանություն է: Ռուբեն Մարտիրոսյանը ուշագրավ ևս մեկ դրվագ է առանձնացնում: Զինծառայող Լևոն Թորոսյանի մահվան փաստով նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` ինքնասպանության հասցնելը.
«Այս հոդվածը միտումնավոր սխալ է դրվել, կեղծ հոդված է: Կայազորային բաժինը չի կատարել քննություն և հենց առաջին օրվանից դեպքը որակել է ինքնասպանություն: Նախաքննական կոչված մարմինը ոչ մի ապացույց չուներ, որ կատարվածը ինքնասպանություն է և պատվեր է կատարում: Այդպիսով` նա ցույց է տալիս իր շահագրգռվածությունը: Համոզված եմ, որ այդ հրամանը ինչպես իմ մյուս գործերով, եկել է ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից»:
Լևոն Թորոսյանի հայրը` Արսեն Թորոսյանը քննիչի որոշմամբ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ: Ռուբեն Մարտիրոսյանը վստահեցնում է, որ ՔԿ-ի 6-րդ կայազորային բաժնի քննչական խմբին բացարկ է հայտնելու կատարված ապօրինությունների հիմքով: 1999 թվականին ծնված Լևոն Թորոսյանը Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղից է զորակոչվել բանակ: Ուներ երկու քույր, ընտանիքի միակ արու զավակն էր: Հայրը՝ Արսեն Թորոսյանը չի հավատում որդու՝ ինքնասպանության վարկածին.
«Ինքը կշռադատված, խելացի ու լուրջ տղա էր, չէր կարա իրեն խփեր: Իմ երեխեն ինքնասպանության չէր գնա: Իրեն միշտ ասել եմ՝ տղա ջան, միշտ հիշիր, դու տուն  ունես, մեր վզները ծուռ չթողնես, հիշի, որ պիտի գաս տուն»: Որդու մահվան մասին Արսենն իմացել է մայիսի 6-ի առավոտյան ժամը 10-ի սահմաններում: Եղբոր հետ գյուղատնտեսական աշխատանքներ էին կատարում: Համագյուղացի զինկոմիսարը զանգել է Արսենի եղբորն ու կանչել իր տուն.
«Որ ասեց Լևոնը չկա, հարցրի՝ խաբո՞ւմ ես: Բա չէ՝ Լևոնը չկա, ու փաթաթվեց ինձ: Չոքերս թուլացավ, ես ընկա»: Լևոնն ընտանիքի հետ վերջին անգամ խոսել է մահվան՝ մայիսի 6-ի առավոտյան ժամը 07:03-ի սահմաններում: Ըստ նախաքննական մարմնի՝ մահը վրա է հասել 07:25-ի սահմաններում, այսինքն՝ ընտանիքի հետ խոսելուց րոպեներ անց.
«Նախորդ օրը աղվեսը մեր հավաբնից ճուտ էր տարել, ինքը գիտեր, նույնիսկ հարցրեց՝ պապ, հո աղվեսը էլի ճուտ չի տարել: Ասեց պապ ջան, վռազ եմ, պետք ա գնանք խրամատ փորելու ու հեռախոսը անջատեց»: Ամիսներ առաջ՝ Մեհրաբում ծառայելիս, պատմում է Արսենը, որդին իր հետ նյարդայնացած ու անհանգիստ է խոսել, բայց այն ժամանակ նման քայլի չի գնացել: Այս անգամ անհամեմատ բարձր տրամադրություն ուներ.
«Եթե իր մտքում կար ինքնասպան լինել, գոնե հեռվից մի բան կհասկացներ, մի բան կասեր: Իմ տղային 10 մատներիս նման գիտեմ»:  Արսենն անիծում է այն պահը, երբ որդուն վիճակահանությամբ բաժին հասավ «Մեհրաբի» զորամասը. «Ավելի լավ էր տանեին Ղարաբաղ, քան թե Մեհրաբ: Ոչ բարով ընկավ էդտեղ, պուզատիների զորամաս ա, բարդակ ա»: Լևոնը հորը պատմել է՝ բարդակ է նաև պոստերում.
«Շարքայինները դիրք են կանգնում, սմենը լրացավ, գնում են մեկը մյուսին են ձեն տալիս, որ հերթափոխը կատարվի՝ խմած, ուռած պառկած են: Տղուս մարմնով եմ երդվում, թե սուտ եմ պատմում»:  Մեհրաբի զորամասում շուրջ 8-9 ամիս ծառայելուց հետո Լևոնին տեղափոխել են Արմավիրի ուսումնական զորամաս, որտեղ մոտ 3 ամիս է անցկացրել: Մահվանից 7-8 օր առաջ Արմավիրի զորամասից հետ են տեղափոխել Մեհրաբի զորամաս: Չի հասցրել անգամ գիշերել զորամասում. նույն օրը բարձրացրել են դիրքեր, որտեղ մայիսի 6-ի առավոտյան գտնվել է դիակը:
Այդ զորամասում զինծառայողներից որոշները արտոնյալ կարգավիճակ ունեն. «Երեխես ա ինձ ասել՝ հարուստների տղեքը փողերը տալիս ու չեն ծառայում, նույնիսկ տմբուշկի մոտ օրապահ չեն կանգնում»: Չարքաշ աշխատանքով մի կերպ ընտանիք պահող Արսենը որդուն հորդորել է.
Տղաս, խելքդ գլուխդ հավաքի, խելոք ծառայի, մենք այդքան փող չունենք»: Լևոնը Բամբակաշատի սիրված ջահելներից էր, աչք էր ծակում, թե ինչպես է երիտասարդ պատանին հորն օգնում գյուղատնտեսական աշխատանքներում: Դիահերձարանի դռան առաջ կուչ եկած համագյուղացիները ապշած են, նրանք ևս չեն հավատում ինքնասպանության վարկածին: Հայրը եզրակացնում է՝ որդին մարտական դիրքում խնդիր է ունեցել, հակառակ դեպքում հազենային մահացու վիրավորում չէր ստանա: Ինքն իրեն կրակելու պատճառ չուներ:
«Եթե ուրիշների հետ խնդիր չի ունեցել, ո՞նց իրեն կխփեր, ի՞նչ պատճառ կար»: Որդու մահվան լուրն առնելուն պես Արսենը մեկնել է Շամշադին, սակայն զորամաս չեն հասել: Ցանկություն ունի լինել դիրքում, այն խրամաբջիջում, որտեղ որդու արյունն է թափվել: Բանակում ծանոթներ չունի և կարծում է, որ իրեն թույլ չեն տա լինել այնտեղ:

դիտվել է 1283 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի գործը առաջիկա շաբաթներին կներկայացվի ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Առաջին անգամ ընտանիքով ժամանել է Անգլիա եւ հանդիպել թագավոր հոր հետ Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո» Գորիսի առաջնորդանիստ մայր եկեղեցին կվերաօծվի․ Սյունյաց թեմ ԳԼԽԱՎՈՐ ԼՐՏԵՍԻ ՇԱԽՄԱՏԸ, կամ՝ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱԿԱՆ ՖԻԴԱՆԸ ԿԿԼԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ՝ առանց մի կրակոցի Հեռացող ԱԺ նախագահը հուլիսի առաջին տասնօրյակում արդեն երկրորդ անգամ պարգևատրման կարգադրություն է ստորագրել Օդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն Ազիզյան Բաքվի ճնշումը՝ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության փակման պահանջով. Ամփոփում Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Իսրայելը դադարեցրել է Լիբանանի հարավի հարվածները՝ սպասելով ԱՄՆ-ի հետագա քայլերին Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցություններին «Հայաստանի տնտեսությունը կառավարության համար գործնական իմաստով առաջնահերթություն չէ»․ Հակոբ Բադալյան «Վախի մշտական գեներացման ֆոնին առավել ընդգծված է երևում իրանցիների խիզախ պահվածքը»․ Արման Աբովյան 21-ամյա երիտասարդը ցատկել է գետ, որ լողա, բայց ջրից նրա դին են դուրս բերել ՔՊ-ի վերջին շանսը. Հրապարակ Ֆրանսիայում անտառային հրդեհներին առնչություն ունենալու կապակցությամբ ձերբակալվել է ավելի քան 30 մարդ Օլամաեինները Ծառուկյանի հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցրել․ Էմին Խաչատրյան Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարվшծների հետևանքով զnհերի թիվը հասել է 17-ի «Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում Վրաստան-Հայաստան սահմանին ձերբակալվել է հնարավոր դիվերսիոն գործողություններ իրականացնող անձը Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար․ Մոջթաբա Խամենեի ՌԴ ԶՈւ-ն վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Բաչևսկ բնակավայրի նկատմամբ Իրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար «Բավի» թայֆունի պատճառով Չինաստանում տարհանվել է 1,8 մլն մարդ Ալի Խամենեին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am