Հրատապ լուծումների հրամայականը՝ ի՞նչ է նախընտրում ՀՀԿ-ն
Երեկ խորհրդարանում ժամեր շարունակ Հանրապետական խմբակցությունը համաժողովրդական շարժման ներսում կրքեր բորբոքելուց հետո ի վերջո դեմ քվեարկեց ժողովրդի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։ Խորհրդարանի իշխող մեծամասնության գլխավոր արգումենտն այն էր, որ Փաշինյանը չի կարող գերագույն հրամանատար դառնալ եւ Արցախի ու Հայաստանի անվտանգության հարցը վտանգի ենթարկել իրենք չեն կարող։ Մյուս կողմից Հանրապետական կուսակցությունը քվեարկեց այլ Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու դեմ: ՀՀԿ-ն ընտրեց սեփական շահը՝ պահպանել իշխանությունը՝ պետության շահը նորից տեղափոխելով խարխուլ հիմքերի վրա։ Հայաստանում ծավալված շարժումը մայիսի 2-ին վերսկսվել է նոր թափով, սկսվել է համաժողովրդական շարժման նոր՝ ավելի լայն թափ ունեցող ալիքը, որը քաղաքացիական տոտալ անհնազանդության ակցիաներով է, գործադուլ ու դասադուլ են անում ամենուր։ Ստեղծվել է մի իրավիճակ, որին պետությունը եւս յոթ օր դժվար, թե դիմանա։ Մինչդեռ երեկվա քվեարկությունից հետո ՀՀԿ-ում չեն շտապում բացահայտել, թե ինչ լուծումներ են սպասվում ապագայում։ Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, որ բարդ իրավիճակ է, բայց ՀՀԿ-ում դեռեւս չունեն հարցի պատասխանը։ Խնդիրն այն է, որ քաղաքացիական անհնազանդության շարժումը այսօր լիակատար կաթվածահար է արել կառավարման համակարգը, պատգամավորներին չէր հաջողվել ԱԺ հասնել ու քվորումի բացակայության պատճառով երկու անգամ հնարավոր չեղավ նիստ գումարել։ ՀՀԿ-ականները անորոշության մեջ են, նրանք ոչինչ չգիտեն ու չեն ցանկանում զրուցել լրագրողների հետ։ Սակայն ընդհանուր տրամադրություններից կարելի է եզրակացնել, որ գործընթացները տանում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ ՀՀԿ-ում երկրորդ անգամ նույնպես կտապալեն Փաշինյանի ընտրությունը, որից հետո ԱԺ-ն կցրվի իրավունքի ուժով եւ 40 օր հետո արտահերթ ընտրություններ կանցկացվեն։ Մի կողմից ՀՀԿ-ում թերեւս հույս ունեն, որ չփոխելով Ընտրական օրենսգիրքը, ԿՏՀ ղեկավարին, կարող են արտահերթ ընտրություններին պետական մեքենան ծառայեցնել ՀՀԿ-ի վերարտադրությանը, գործի դնել 10 կամ ավելի հազար դրամանոց օպերացիան։ Սակայն սթափ տրամաբանությունը հուշում է, որ այս տարբերակը մասամբ է աշխատելու։ Հայաստանում հազարավոր քաղաքացիներ տոտալ հուսալքության ու վախի մթնոլորը այլեւս հաղթահարել են ու, ըստ ամենայնի, պատրաստ են լինելու կյանքի-մահվան գնով կանխել բոլոր հնարավոր կեղծարարությունները, միայն թե հնարավոր չէ պատկերացնել՝ ինչպես են պայքարելու ընտրակաշառքի դեմ։ Գուցե այս մտահոգությամբ է, որ Նիկոլ Փաշինյանը կտրականապես մերժում է ներկա իրավիճակում արտահերթ ընտրությունները ու հայտարարել է, որ նման սցենարի դեպքում ակտիվ կբոյկոտեն դրանք։ Առավել զարմանալին , իհարկե, ՀՀԿ-ականների դիքորոշումն է, որոնք ոչ մի կերպ չեն գնում հրատապ լուծումների ու բավարարում համաժողովրդական շարժման միակ պահանջը Փաշինյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ ։ Ի վերջո, Հայաստանի կառավարման համակարգը նախագահականից խորհրդարանական դարձնելով նրանք փաստարկում էին, թե ստեղծվելու է հակակշիռների մեխանիզմ, իշխանությունը չի կենտրոնացվելու մեկ մարդու ձեռքում ու գործելու է օրենսդիր-գործադիր իշխանությունների փոխզսպումների մեխանիզմ, այսինքն, խորհրդարանական մեծամասնության պարագայում նրանք կարող են գործադիր իշխանության համար հրաշալի ընդդիմություն դառնալ ու դիվիդենտներ շահելով ամիսներ հետո գնալ արտահերթ ընտրությունների։ Բայց ՀՀԿ-ն ըստ էության իրեն դրել է մի իրավիճակում, երբ այլևս դժվար է պատկերացնել այդ կուսակցության և հայկական պետականության հետագա որևէ կապ: Եւ ահա, քաղաքական էլիտայի այսօրվա պահվածքը հակասեց իրենց այն հայտարարություններին, թե այդ փոփոխություններն արվում էին պետական ինստիտուտների կայացման համար, մինչդեռ պետք էր արվեր ճիշտ հակառակը, չբռնեին «պոչից» , որպեսզի նման ֆորս-մաժորների դեպքում կաթվածահար չլիներ պետական համակարգը։ Հիմա փաստ է, որ պետությունը գլխատված վիճակում է ու հզոր լիդերի պահանջ կա, թերեւս այդ պատճառով է, որ Սերժ Սարգսյանը շարունակում է ՀՀԿ-ի ստվերային ղեկավարումը, իսկ թույլ վարչապետի պարագայում կբզկտվի պետական համակարգը, անվտանգությունը։ Հիշեցնենք, որ այդ սահմանադրական փոփոխությունների ժամանակ գտնվեցին ուժեր, որոնք հիշեցնում էին առաջին հանրապետության տապալման օրինակը ու կանխատեսում, որ մեր փխրուն անվտանգության կարգավիճակում այս համակարգը կարող է երրորդ հանրապետությունն էլ նույն ճակատագրին արժանացնել։ Քաղաքական վերնմախավում կա գիտակցում, որ իշխանության փոխանցելը պետության կործանում է նշանակում, եւ այն էլ անհավասարակշիռ մարդու , որի ողջ կերպարը ՀՀԿ-ականները երեկ վեր հանեցին՝ իրենց հարցերով ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի փոփոխական դիրքորոշումները ցուցադրելով։ Անկախ ամեն ինչից, հիմա հրատապ լուծումներ են հարկավոր՝ կամ պետք է զիջման գնալ, կամ անցնել այլ գործողությունների։ Անի Սահակյան