Ջավախքցի պատգամավորները չեն արտահայտում ջավախքցիների դիրքորոշումները.կոչ` Ջավախքից
Սամցխե-Ջավախք տարածաշրջանում գործող կրոնական, հասարակական, կրթամշակութային կառույցների ներկայացուցիչները կոչով են հանդես եկել ՀՀ ԱԺ պատգամավորներին, ինչպես նաեւ նշել են, որ ծնունդով ջավախքցի պատգամավորները չեն արտահայտում ջավախքցիների մտահոգությունները, դիրքորոշումներն ու շահերը: «Մենք՝ Սամցխե-Ջավախք տարածաշրջանում գործող կրոնական, հասարակական, կրթամշակութային կառույցների ներկայացուցիչներս և անհատ անձինք, հետևելով Հայաստանում կատարվող մտահոգիչ իրադարձություններին, միահամուռ կերպով միանում ենք Հայ ժողովրդի համազգային շարժմանը: Հայրենակիցներ, մենք Հայաստանի Հանրապետության և ողջ հայության ճակատագրով մտահոգ ջավախքցիներս, կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հաշվի նստել համազգային ընդվզման պահանջի հետ, կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին ամենակարճ ժամանակահատվածում քվեարկել ամբողջ ժողովրդի կողմից առաջադրված ՀՀ վարչապետի թեկնածուի օգտին: Տեղեկացնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովում ներկայացված ծնունդով ջավախքցի պատգամավորները չեն արտահայտում ջավախքցիներիս մտահոգությունները, դիրքորոշումներն ու շահերը», - ասված է տարածված հայտարարության մեջ:
