Իվանիշվիլին վերադառնում է քաղաքականություն
Վրաստանի նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին համաձայնել Է գլխավորել «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը: Այս մասին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտնել է ապրիլի 26-ին կուսակցության ղեկավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում: «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայությունը հաղորդում է, որ «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում Կվիրիկաշվիլին այսօր հանդիպում է ունեցել խորհրդարանում մեծամասնություն կազմող այդ կուսակցության խմբակցության անդամների ու ղեկավարների հետ: Հանդիպմանը Կվիրիկաշվիլին ասել է, թե խնդրել է Բիձինա Իվանիշվիլիին՝ վերադառնալ ու գլխավորել կուսակցությունը, ինչին վերջինս տվել է իր համաձայնությունը: «Անձամբ ես եւ կուսակցության ողջ ղեկավարությունը նրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին խնդրել ենք գլխավորել «Վրացական երազանքը», եւ նա համաձայնել է»,-ասել Է Կվիրիկաշվիլին, որը կուսակցությունը գլխավորում էր մինչեւ այդ պահը:
