«Մայդան», «Արևմուտքի գործակալներ», Բելառուսի և Ղազախստանի ճակատագրի բացառում. Սարգսյանի նշանակումն ու միջազգային մամուլի արձագանքը

Սարգսյանի նշանակումը կասկածի տակ է դնում ժողովրդավարության կայունությունը Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում զերծ մնալ ցուցարարների դեմ բռնի ուժի գործադրումից: Փաստելով, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ոստիկանությունը Երևանում բազմիցս է բռնի ուժ գործադրել՝ հիմնականում խաղաղ հանրահավաքները ցրելու համար, հեղինակավոր իրավապաշտպան կառույցն ընդգծում է՝ Հայաստանի իշխանությունները պետք է պաշտպանեն իրենց քաղաքացիների՝ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը: «Ոստիկանության ցանկացած արձագանք պետք է լինի համաչափ և համապատասխանի ՄԱԿ-ի չափանիշներին», նշում է Human Rights Watch-ը, հավելելով․ «Հայաստանի ոստիկանության համար երբեք ուշ չէ՝ հրաժարվել անհամաչափ ուժ կիրառելու՝ իրենց ավանդական վատ գործելաոճից»: Գերմանական «Դոյչե Վելլե»-ն հիշեցնում է՝ Սերժ Սարգսյանն իշխանության եկավ 2008-ին՝ հաղթելով նախագահական ընտրություններում, որոնք զանգվածային բողոքի ցույցերի ու սպանություններով ուղեկցված բախումների պատճառ դարձան: Փորձագետները նշում են, որ նախագահությունից հետո վարչապետի պաշտոնը ստանձնելու՝ նրա քայլը ծանոթ պրակտիկա է ու հաճախ է կիրառվել նախկին ԽՍՀՄ երկրներում: «Դա հայտնի մարտավարություն է հետխորհրդային տարածքում, որտեղ առաջնորդներն անվերջ փոփոխում են Սահմանադրությունը՝ իրենց իշխանությունը հավերժացնելու համար»,- ասել է «Քարնեգի Եվրոպա» փորձագիտական կենտրոնի առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը: Աշխարհաքաղաքական վտանգների միջազգային վերլուծական կենտրոնը՝ Foreign Brief-ը պնդում է՝ Սերժ Սարգսյանի նշանակումը վարչապետի պաշտոնում կասկածի տակ է դնում Հայաստանի ժողովրդավարության կայունությունը: Միջազգային վերլուծական կենտրոնը նաև փաստում է, որ անկախացումից հետո մինչ օրս ղարաբաղյան հարցն ու երերուն տնտեսությունը փորձության են ենթարկում Հայաստանի ներքին կայունությունը: «Այս ամենի վերևում կոռումպացված քաղաքական համակարգն է, որը 2015-ին գնաց սահմանադրական փոփոխությունների՝ կենտրոնացնելով իշխանությունը վարչապետի ձեռքում»,- հավելում է Foreign Brief-ը: «Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի կապերը Մոսկվայի հետ՝ նրա ընտրությամբ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա կպահպանվի»,- պնդում են միջազգային փորձագետները, հավելելով՝ Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ ցույցերն, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն, և չի բացառվում, որ դրանց ընթացքում գործադրվեն բռնություններ: Սարգսյանը պատրաստվում է «ատամներով կառչած մնալ» իշխանությանը Միջազգային մամուլը հեղեղված է հայաստանյան իրադարձությունների մասին հրապարակումներով: BBC-ի ռուսական ծառայությունը բավական հանգամանալից անդրադառնալով Հայաստանում սկսված բողոքի ցույցերին՝ գրում է, որ Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնել է 2013-ին, որից հետո Հայաստանը սկսել է անցնել խորհրդարանական կառավարման համակարգի՝ ընդլայնելով վարչապետի լիազորությունները: «Եթե Սարգսյանը դառնա վարչապետ, կշարունակի իշխանավարել մինչև 2022-ը», - ընդգծում է BBC-ն: «Ֆրանսպրեսը», Սերժ Սարգսյանին բնորոշելով որպես ռուսամետ առաջնորդ, հաղորդում է, թե նա պատրաստվում է «ատամներով կառչած մնալ իշխանությանը, այս անգամ՝ վարչապետի պաշտոնում»։ Ընդդիմությունը պնդում է, որ անցումը խորհրդարանական կառավարման և վարչապետի լիազորությունների ընդլայնումը իրականում արվել էր այն բանի համար, որ Սերժ Սարգսյանը պահպանի իր իշխանությունը: Հայաստանյան իրադարձություններին անդրադարձել է նաև «Ասոշիեյթեդ պրեսը»՝ գրելով․ - «Ըստ հայաստանյան ընդդիմադիր ուժերի, Սերժ Սարգսյանն ուզում է անժամկետ մնալ իշխանության, ինչի դեմ նախատեսված են շուրջօրյա նստացույցեր»: «Դոյչե Վելլեն» զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ, ով փոխանցել է, թե «Սերժ Սարգսյանը ձեռնարկել է հնարավոր բոլոր քայլերը սեփական իշխանությունը վերարտադրելու համար»: Նա կունենա անսահմանափակ լիազորություններ, և այս պայմաններում ներքին ու արտաքին քաղաքականության, տնտեսության ու այլ ոլորտներում իմաստ չունի ակնկալել առաջընթաց», - գերմանական լրատվամիջոցին ասել է Փաշինյանը՝ պնդելով, թե Սերժ Սարգսյանի իշխանասիրության երկարաձգմամբ կարելի է խաչ քաշել կոռուպցիայի ու կլանային համակարգի դեմ պայքարի վրա: Հղում անելով ընդդիմադիրներին՝ «Դոյչե վելլեն» միաժամանակ նշում է, որ իշխանություններն իրենք են իրենց անկյուն մղել․ գործող նախագահը ուժային գործողությունների հրաման տալու իրավունք չունի, իսկ վարչապետը, որ ունի նման լիազորություններ, ընտրվելու է վաղը: «Փաստացի ընդդիմությունը օգտվեց անիշխանության այս պատուհանից», - արձանագրում է «Դոյչե վելլեն»: Ռուսաստանյան «Ռոսբալտը» գրում է․ «Ռուսաստանը օգնեց Սարգսյանին, որ իրեն փոխարինի իրենով: Հայաստանի՝ ոչ այնքան լայն աջակցություն ունեցող նախկին նախագահը վաղը կդառնա երկրի վարչապետ: Սերժ Սարգսյանը, որին Հայաստանի սահմանադրությունը թույլ չի տալիս առաջադրվել նախագահության երրորդ ժամկետի համար, իզուր չէր շտապ կարգով փոխում երկրի մայր օրենքը: Չցանկանալով հեռանալ քաղաքական Օլիմպոսից՝ նա ընդամենը սահմանադրական բարեփոխում անցկացրեց, որով Հայաստանը նախագահական կառավարման համակարգից անցավ խորհրդարանականի»: «Մինչև վերջին պահը Սերժ Ազատովիչը կոկետություն էր անում և չէր հաստատում իր վարչապետական հավակնությունների մասին պնդումները: Դրան, սակայն, ոչ ոք չէր հավատում, և ճիշտ էր անում՝ վաղը երկրի խորհրդարանը «կառավարության նոր ղեկավար կընտրի» այս պաշտոնում առաջադրված միակ թեկնածուին՝ Սերժ Սարգսյանին», - ընդգծում է «Ռոսբալտը»: - «Այսպիսով, այլևս կասկած չի մնում, որ Սարգսյանը իրեն համապատասխանեցրեց Սահմանադրությունը: Այսուհետ երկրի ողջ իշխանությունը նրա ձեռքերում է լինելու կենտրոնացած: Ռուսաստանյան «Դոժդ»-ը, անդրադառնալով բողոքի ակցիաներին, փաստում է․ - «Հայաստանցիները չեն ուզում կիսել Բելառուսի և Ղազախստանի ճակատագիրը»: Իսկ Ռուսաստանյան «Վեստի»-ն հետևյալ կերպ է բնորոշում իրավիճակը․ - «Երևանում ոստիկանությունը կռվի բռնվեց ցուցարարների հետ»: Իսկ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը նշում է, թե իրենց հաշվարկներով, Փաշինյանի հետ դեպի Ազգային ժողով գնացող ցուցարարների թիվը հասնում էր հազարների»: Washington Post-ը, մասնավորապես, նշել է, որ ոստիկանությունը արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ է կիրառել դեպի Ազգային ժողով շարժվող հազարավոր հակաիշխանական ընդդիմադիր ցուցարարների հանդեպ, որի արդյունքում կան վիրավորներ: Հեղինակավոր պարբերականը ընդգծել է, որ Սերժ Սարգսյանը իշխանության է եկել 2008-ին և իր նախագահության ժամկետի լրանալուց և նախագահի լիազորությունները թուլացնելուց հետո, վկայակոչելով ընդդիմությանը՝ ցանկանում է հավերժ մնալ իշխանության: World Politics Review-ն նույնպես բավականին հանգամանալից վերլուծականով անդրադարձել է Երևանի ցույցերին նշելով, որ Սերժ Սարգսյանի իշխանությունից չհեռանալու ծրագիրը վերակենդանացրել է Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ու ակտիվիստներին: Ռուսական մամուլում հիստերիա է բարձրանում Իրադարձությունները այլ կերպ են մեկնաբանում Կրեմլյան լրատվամիջոցները։ Ռուսական լրատվամիջոցներում երևանյան ցույցերի հանդեպ հետաքրքրությունը ևս մեծ է եղել: Հատկանշական են, մասնավորապես, ռուսական Sputnik-ի հոդվածներն ու դրանց վերնագրերը: Դրանցից մեկը, որպես օրինակ, բողոքի ցույցի ընթացքում ոստիկանների գործողությունների հետևանքով միավորված մասնակիցների, Նիկոլ Փաշինյանի, այդ թվում վիրավոր ոստիկանների փոխարեն միայն նշել է 3 վիրավոր ոստիկանների մասին: Նույն Sputnik-ի մեկ այլ «Երաժշտական դադար՝ Ընդդիմությունը մեկ ժամ դադար է վերցրել» հոդվածը Երևանի պահանջատեր ցուցարարների բողոքի ցույցը չակերտներում «խաղաղ քաղաքացիական անհնազանդություն» էր որակել: Գործի են դրվել նաև Կրեմլի քարոզչամեքենան հանդիսացող մի շարք այլ ԶԼՄ-ներ՝ փորձելով ակտիվորեն իրականացնել միակողմանի ապատեղեկատվություն իրականացնելու իրենց առաքելությունը: ВЗГЛЯД Деловая газета-ն Новый армянский майдан раскачивают «грантоеды» ծավալուն հրապարակման մեջ արդեն հոդվածում Երևանի ցույցերը բնորոշում է որպես գրանտակերների կողմից կազմակերպվող հերթական մայդան: «Интерфакс» գործակալությունը գրել է Բաղրամյան պողոտայի արգելափակման մասին՝ նշելով, որ պողոտայում են տեղակայված մի շարք դեսպանատներ, նախագահի նստավայրը, որն առաջիկայում դառնալու է վարչապետինը և Ազգային Ժողովի շենքը: Ընդհանուր առմամբ՝ «Интерфакс»-ը կատարել է չոր փաստերի արձանագրում, ինչը չի կարելի ասել «Московский комсомолец»-ի մասին: Խեղաթյուրումը սկսվում է արդեն վերնագրից՝ «Հայաստանում մեկնարկել է մայդան»: «Մայդան» բառը ռուս ընթերցողի համար խիստ բացասական երանգ ունի: Սակայն հեղինակը դրանով չի սահմանափակվում: Պարզվում է, որ ցուցարարները «նոր վարչապետ են տեսնում Նիկոլ Փաշինյանին»: Հեղինակը ողջ հոդվածը կառուցում է այն թեզի վրա, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է վարչապետ դառնալ և կազմակերպել է ցույցերը սեփական վարկանիշը բարձրացնելու նպատակով: Հոդվածն ամբողջովին ոչ միայն փաստերի խեղաթյուրում է, այլև հող՝ հետագայում հայկական ընդդիմությանը դասել «Արևմուտքի գործակալների» շարքին: Ցավալին այն է, որ այդ հոդվածի հեղինակը, դատելով Ավակով ազգանունից՝ հայ է: Հայաստանցիների բողոքին հիմնավոր կերպով անդրադարձել է «Настоящее время» լրատվական կայքը: Այն գրեթե անմիջապես թարմացնում է տեղեկատվությունը բողոքի ակցիաներից և ներկայացնում փաստեր: Կայքում նշվել է նաև, որ Վանաձորում բողոքի ակցիաներ են իրականացվում: Կայքը մանրակրկիտ կերպով անդրադառնում է բողոքի պատճառներին՝ սկսելով 2015 թ. սահմանադրական փոփոխություններից: Լրատվականը, հղում կատարելով «մասնագետների կարծիքին»՝ նշում է, որ փոփոխությունները պետք էին հենց իշխող ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու համար, ինչն էլ հանդիսացել է զանգվածային բողոքի պատճառ: «Հայկական ընդդիմությունը դեմ էր Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարմանը և կոչ է արել համախոհներին՝ դուրս գալ փողոց»,- գրված է «Настоящее время» կայքում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ ԱՄՆ-ում գործող իմ ընկերությունը սեպտեմբերին ձեռք բերեց Թեղուտի պղնձի հանքավայրը, որը մեծությամբ երկրորդն է Հայաստանում. Կոնստանտին Սոկոլով Հայր և որդի Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունները հետաձգվեցին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով․ թուրք փորձագետ Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am