Ա ՜խ այդ զենքի ծանր բեռը

Այսօր Մոսկվա կատարելիք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցի նախօրեին «Կոմերսանտը»` երևանյան իր աղբյուրին հղում կատարելով, նշել էր, թե Մոսկվային լրջորեն անհանգստացնում է հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում զինված դեպքերի թվի աճը: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ ծավալուն հարցազրույց է տվել «Կոմերսանտ»-ին` Սերժ Սարգսյանի այցի նախօրեին: Պարբերականի թղթակից Օլգա Կուզնեցովայի դիտարկմանը, թե օրերս ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Երևանում նշել է, թե ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում, ու իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, և հարցին, թե ինչպես է Էդվարդ Նալբանդյանը գնահատում ՄԽ-ի աշխատանքը, ԱԳ նախարարը պատասխանել է. «Տիկին Մոգերինին ևս մեկ անգամ հաստատեց այդ դիրքորոշումը: Մենք միշտ բարձր ենք գնահատել ՄԽ-ի համանախագահների ջանքերը: Ցավոք, հակամարտության կողմերից մեկն այլ կարծիքի է: Նրանում, որ լուծումը մինչ օրս չի գտնվել, մեղավոր չեն ո´չ միջնորդները, և ո´չ էլ Հայաստանը: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք գնալ կարգավորման՝ համանախագահների առաջ քաշած առաջարկների հիման վրա, իսկ Ադրբեջանը քննադատում է այդ առաջարկներն ու համանախագահներին: Բանը հասել է այնտեղ, որ Բաքուն նրանց սկսել է մեղադրել իսլամաֆոբիայի մեջ՝ հայտարարելով, թե իմաստ չունի նրանց հետ հանդիպել, քանի որ նրանք ճնշում են գործադրում Հայաստանի վրա: Երևի թե, Ադրբեջանն այնքան էլ ճիշտ չի ընկալում միջնորդական առաքելության դերը»: «Կոմերսանտի» հարցին, թե ինչպես է ՀՀ ԱԳՆ ղեկավարը մեկնաբանում ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե ինչպես՝ Հայաստանին, այնպես էլ՝ Ադրբեջանին զենքի բոլոր մատակարարումները ՌԴ-ի կողմից իրականացվում են տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտության խիստ հաշվառմամբ, վերջինս պատասխանել է, որ Հայաստանը ստիպված է ջանքեր գործադրել, որ պահպանի հավասարակշռությունը տարածաշրջանում, ու նոր էսկալացիա տեղի չունենա: «Մենք դաշնակցային ռազմավարական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, շատ սերտ ռազմական, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցություն: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մենք զենք ենք գնում առաջին հերթին՝ մեր ռազմավարական դաշնակցից, մենք հետագայում ևս ամենասերտ կերպով համագործակցելու ենք Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական պլանով: Այն, որ Ռուսաստանը զենքի խոշորագույն արտադրողներից է, զենքը վաճառում է տարբեր երկրների, բնական է: Սակայն մենք չենք կարող հիանալ այն բանից, որ Ադրբեջանը զենք է գնում և դրա հետ միասին՝ սպառնում սանձազերծել նոր պատերազմ: Ու մեզ դուր չի կարող գալ, որ սպառազինությունները գնվում են մեր դաշնակցից, որը շատ ջանքեր է գործադրում Հայաստանի հետ գործակցելու համար, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում»,- նշել է Նալբանդյանը: Նալբանդյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը չի կիսում այն տեսակետը, թե պատերազմն է ԼՂ-ի խնդրի կարգավորման ճանապարհը: Նալբանդյանի խոսքով՝ ՄԽ-ի համանախագահները, թեև ջանում են զբաղեցնել չեզոք դիրք, սակայն անցած տարի ստիպված են եղել անել մի քանի հասցեական հայտարարություններ, որտեղ դատապարտել են ծանր զինատեսակների ու հրետանու կիրառումը ու կոչ են արել հետևել կրակի դադարեցման ռեժիմին, ինչպես նաև՝ համաձայնել սահմանի խախտումների դեպքերը բացահայտող հետաքննական մեխանիզմներ կիրառել ԼՂ-ի և Ադրբեջանի, ինչպես նաև՝ Հայաստանի հետ սահմանի երկայնքով: «Հասկանալի է, որ այդ բոլոր կոչերն ուղղված են հենց Ադրբեջանին, քանի որ Հայաստանը երբեք չի քննադատել Մինսկի խմբին: Ադրբեջանը շարունակում է սադրանքները ԼՂ-ի և Հայաստանի սահմանի երկայնքով, շարունակում է օգտագործել ծանր հրետանի, կրակում է քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ»,- նշել է Նալբանդյանը՝ ընդգծելով, թե Ադրբեջանը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը, հակամարտության քննարկումը տեղափոխել այլ ձևաչափեր: «Այն, որ Ադրբեջանը քննադատում է համանախագահներին, նշանակում է, որ Ադրբեջանն իրեն հակադրում է միջազգային հանրությանը, նվազագույնը՝ ԵԱՀԿ-ին, քանի որ կազմակերպության բոլոր անդամները Մինսկի խմբին միջնորդական առաքելության իրականացման մանդատ են տրամադրել: Համանախագահները բաց կերպով ասում են, որ Բաքվի կողմից իրենց ջանքերի քննադատությունը ոչ այլ ինչ է, քան քաղաքական կամքի բացակայություն՝ գնալ խնդրի կարգավորմանը: Մեզ համար ակնհայտ է մեկ բան՝ բանակցություններին այլընտրանք չկա», նկատել է Հայաստանի ԱԳ նախարարը: Ռուսական զենքի մատակարարումը դարձել է այն բեռը, որը ղարաբաղյան` ոչ խաղաղության, ոչ պատերազմի պայմաններում, կողմերի համար «խթան» է դարձել և՛ պաշտպանվելու, և՛ զինվելու համար: Երբ Ադրբեջանն է Ռուսաստանից հերթական զենքի խմբաքանակը գնում` մեզանում է անհանգստությունը, անվստահությունը մեծանում Մոսկվայի նկատմամբ, նույնիսկ դավաճանության մեղադրանքներ են հնչում: Երբ Հայաստանին տրամադրվող զինտեխնիկայի մասին է տեղեկություն ի հայտ գալիս` վայնասուն է բարձրանում Ադրբեջանում: Բաքուն նույնիսկ Ռուսաստանից պարզաբանումներ է պահանջում` Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջը` Հայաստանին զենք տրամադրելու համար: Ռուսական զենք մատակարարման թեմայի շուրջ քննարկումները վաղուց են արդեն գերիշխում բուն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների փնտրտուքին, խնդրի լուծմանը հասնելու իրական ջանքերին: Բոլորն ակամայից, կարծես, հայտնվել են ռուսական զենքի մատակարարման թեմայի շարունակական ու անվերջանալի քննարկումների շրջապտույտի մեջ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am