Սերժ Սարգսյանի հրամանագրով դատավոր Ելենա Սողոմոնյանի լիազորությունները դադարեցվեցին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ելենա Սողոմոնյանի լիազորությունները: ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի մարտի 27-ի ԱԽ-8-Ո-6 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ելենա Սողոմոնյանի լիազորությունները 2018 թվականի մարտի 31-ից համարել դադարած»: Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 27-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով Հարություն Մանուկյանը և Արման Հովհաննիսյանը նշանակվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ: Նրանցից Հարություն Մանուկյանը ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Ելենա Սողոմոնյանի որդին է: Ապրիլի 30-ին Ելենա Սողոմոնյանի լիազորությունները կդադարեցվեն՝ պաշտոնավարման տարիքը լրանալու պատճառով: Ստացվում է, որ մայրը կհեռանա դատական համակարգից, բայց որդին նոր կսկսի իր քայլերը դատական համակարգում:
