Կոտայքում քամին տանիքներ է քշել, պատշգամբ ու պարիսպ փլուզել
Մարտի 24-ից սկսած ուժգին քամին երեկ՝ մարտի 25-ին, չի դադարել Կոտայքի մարզում: Մարզի տարբեր հատվածներում քամին մեծ վնասներ է հասցրել: ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, նախորդ օրը քամուց վնասվել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի միջնակարգ դպրոցի տանիքը և մոտ 10-15 տների տանիքներ, վնասվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գ. Չաուշի փողոցի 4-րդ նրբանցքի տան տանիքը, Գառնի գյուղի Այգեստան փողոցի 3-րդ փակուղու թիվ 6 տան տանիքը, պոկվել է Ջ. Ալեքյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող «Գառնիի առողջության կենտրոնի» տանիքը (մոտ 90 քմ) և ընկել մոտակայքում կայանած «Mercedes-Benz E320» մակնիշի 01 GM 017 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով կոտրվել են ավտոմեքենայի հետևի ապակին, թափարգելը և անվաթևը, Բաղրամյան փողոցում՝ թիվ 43/1 տան տանիքի թիթեղները և փայտե կառուցատարրերը (մոտ 65 քմ) և Այգեստան փողոցի 3-րդ փակուղու թիվ 6 տան տանիքի թիթեղները և փայտե կառուցատարրերը, Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող արտադրամասի տանիքը: Քամին պոկել է Մաքրավան թաղամասի Շնորհալի փողոցում գտնվող տներից մեկի տանիքը և գցել թիվ 12 տան պարսպի վրա, ինչի հետևանքով այն փլուզվել է, քանդվել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 264 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքը, Գետամեջ գյուղի «Գետամեջ» թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքը, ավերվել են Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 503 տան տանիքը և պատշգամբը:
