Նոր մանրամասներ տատիկի և թոռնիկի էլեկտրահարվելու դեպքի մասին
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 64-ամյա կնոջ մահվան և վերջինիս թոռնիկի էլեկտրահարվելու դեպքի հանգամանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ 2018 թվականի մարտի 22-ին` ժամը 17:10-ին, «Մուրացան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակարաններից մեկից «էլեկտրահարվածություն, ձախ սրունքի այրված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 10 ամսական երեխա։ Բացի այդ, նույն բնակարանում հայտնաբերվել է երեխայի տատիկի դին, ով, նախնական վարկածով, մահացել է էլեկտրահարվելու հետևանքով։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ՝ բնակարանում՝ գետնին, հայտնաբերվել է մանկահասակ երեխայի տատիկի դին՝ վերին վերջույթների` դաստակների, նախաբազուկների դրսային, առաջամիջնային մակերեսների, աջ կրծքագեղձի, ձախ սրունքի շրջաններում բազմաթիվ մոխրացած, ածխացած, դարչնագույն վնասվածքներով:
