Հայհոյելու համար զինվորը սպանել է ծառայակցին

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Ռազմիկ Խուդավերդյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ: 1998 թվականին ծնված Ռազմիկ Խուդավերդյանը ժամկետային զինծառայող է եղել՝ նռնակաձիգի օգնական: 2016 թվականի հոկտեմբերի 7-ին նա, լինելով երեք ամսվա զինծառայող, առաջնագծում նշանակվել է մարտական հերթապահության, կատարել է դիտորդի պարտականություններ համածառայող Վահագն Վ.-ի հետ, ով մեկ տարվա զինծառայող էր: Ըստ մեղադրանքի՝ Վահագն Վ.-ն առաջնագծում դիտորդի պարտականությունների կատարման ժամանակ քնել է: Ռազմիկը նրան հաճախ արթնացրել է, խնդրել ու պահանջել է, որ չքնի: Սակայն Վահագնը շարունակել է քնել: Ռազմիկը տեղյակ է պահել վերադաս սպաներին, խնդրել է իրեն մեկ ուրիշ զինվորի հետ նշանակել հերթապահության, պատճառաբանել է, որ Վահագնը քնում է, ինքը մենակ վախենում է դիրքում: Սակայն փոփոխություն չի կատարվել, Ռազմիկն ու Վահագնը շարունակել են միասին հերթապահել: Հոկտեմբերի լույս 15-ի կեսգիշերից մինչև գիշերվա ժամը երեքը Ռազմիկն ու Վահագնը եղել են հերթապահության մեջ: Վահագնը նորից քնել է, Ռազմիկը արթնացրել է նրան, դիտողություն է արել: Վահագնը Ռազմիկին վիրավորել է՝ վերադասին տեղեկություններ հայտնելու համար, սպառնացել է՝ երբ վերադառնան զորամաս, զինծառայողներին ասելու է Ռազմիկի վարքագծի մասին, նրան «գ…ելու են»: Ռազմիկը զգուշացրել է, որ Վահագնը իր հետ նման արտահայտություններով չխոսի: Վահագնը հայհոյանք է հնչեցրել Ռազմիկի ծնողի հասցեին: Ռազմիկ Խուդավերդյանը այդ հայհոյանքից անմիջապես հետո լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը ու երկու կրակահերթով փամփշտատուփի բոլոր 30 փամփուշտներով կրակել է Վահագնի վրա և տեղում սպանել է նրան: Ռազմիկ Խուդավերդյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ Ռազմիկ Խուդավերդյանը, մինչև սպանությունը, կատարել է ևս մեկ անօրինական արարք՝ նա համածառայողներից մի քանիսի հետ ուղեգրվել է զինհոսպիտալ՝ հետազոտության: Նրան ու համածառայող Նարեկ Խ.-ին հոսպիտալում ստացիոնար բուժման չեն պահել: Նարեկը Ռազմիկի հետ պայմանավորվել է, որ վերջինս զորամասում ասի, թե Նարեկին պահել են հոսպիտալում, իսկ իրականում Նարեկը զորամաս է վերադարձել հաջորդ օրը: Այսինքն՝ Ռազմիկն օժանդակել է, որ Նարեկ Խ.-ն կարճ ժամանակով խուսափի զինծառայությունից: Այս դրվագով Ռազմիկ Խուդավերդյանին մեղադրանք էր առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-361 հոդվածի 1-ին մասով: Այս գործի շրջանականերում դատվել է նաև Նարեկ Խ.-ն, բայց նա վերաքննիչ բողոք չէր բերել, նրա մասով դատական ակտը մտել է ուժի մեջ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ռազմիկ Խուդավերդյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 38-361 հոդվածի 1-ին մասերով և վերջին հաշվով դատապարտել է 9 տարի 9 ամիս ազատազրկման: Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Ռազմիկ Խուդավերդյանի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Ապրեսյանը: Պաշտպանը խնդրել է վերաորակել իր պաշտպանյալին մեղսագրված արարքը, նրան մեղավոր ճանաչել ոչ թե դիտավորյալ սպանության, այլ՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածով: Արարքը չվերաորակելու դեպքում պաշտպանը խնդրել է մեղսագրված հոդվածով նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ սահմանել Ռազմիկ Խուդավերդյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառմամբ, կամ սահմանել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված նվազագույն պատժաչափը՝ 8 տարի ազատազրկում: Վերաքննիչ քրեական դատարանում ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ապրեսյանը նախ ցավակցություն հայտնեց տուժողի ընտանիքին. «Ամեն դեպքում՝ հայոց բանակի զինվոր է սպանվել: Պաշտպանյալիս և ինձ համար դա շատ ցավալի է…»: Պաշտպանը նշեց, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը անօրինական ու անհիմն է, չի բխում քր. դատ. օր.-ի բազմաթիվ հոդվածների պահանջներից: Դատարանը չի կիրառել քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը պիտի կիրառեր՝ 105 հոդվածը, այլ Ռազմիկ Խուդավերդյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Պաշտպանն ընդգծեց, որ երեք ամսվա զորակոչված Խուդավերդյանին առաջնագիծ՝ մարտական հերթապահության ուղարկելը արդեն իսկ ճիշտ չէր, նա չէր անցել վեցամսյա պարտադիր ուսուցումը: Բայց Ապրիլյան պատերազմից հետո, ելնելով իրավիճակից, Խուդավերդյանն ուղարկվել է առաջնագիծ: Ցավոք, նրան հերթապահության են նշանակել մեկ տարվա զինծառայող Վահագն Վ.-ի հետ, ով հերթապահության երրորդ օրից սկսել է քնել դիրքում՝ նոր զորակոչված զինվորի ուսերին թողնելով հերթապահության ծանրությունն ու պատասխանատվությունը: Ռազմիկը նրան բազմիցս դիտողություն է արել, խնդրել է, բայց Վահագնը ուշադրություն չի դարձրել: Ռազմիկը վերադասին խնդրել է իրեն հերթապահության նշանակել մեկ ուրիշ զինվորի հետ, ասել է, որ Վահագնը քնում է դիրքում: Պաշտպանը նշեց՝ դիրք հասնելուն պես Վահագնը «պլաշչը» գցում էր վրան ու քնում էր: Իսկ երբ Ռազմիկը փորձում էր նրան արթնացնել, նա ասում էր՝ ինձ հետ գործ չունես, ես մտքերով տանն եմ… Պաշտպանը նշեց՝ Վահագնը իմանալով, որ Ռազմիկը վերադասին տեղյակ է պահել դիրքում իր՝ քնելու վերաբերյալ, ասել է՝ դա «լավ տղու» քայլ չի: Վահագնը սպառնացել է՝ երբ զորամաս գնան, ծառայակիցներին տեղյակ է պահելու Ռազմիկի արարքի մասին, Ռազմիկին «գ…ելու են»: Ռազմիկն ասել է՝ ոչ ոք իմ նկատմամբ չի կարող նման արտահայտություն անել: Վահագնը ի պատասխան՝ հայհոյել է Ռազմիկի ծնողին: Հայհոյանքին անմիջապես հաջորդել է Ռազմիկի արձակած կրակահերթը՝ 30 փամփուշտն էլ կրակել է, ու Վահագն Վ.-ն տեղում սպանվել է: Պաշտպանն ընդգծեց՝ Վահագնը Ռազմիկ Խուդավերդյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորել է, նրա ծնողների հասցեին հայհոյանք է հնչեցրել: Ռազմիկն ընկել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակի մեջ ու այդ վիճակում է կրակահերթերն արձակել: Պաշտպանը նշեց, որ նախաքննության ժամանակ կատարվել է դատահոգեբուժական ու դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ Ռազմիկ Խուդավերդյանը դեպքի պահին ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի գտնվել: Սակայն ըստ պաշտպանի՝ փորձագետի եզրակացությունը գործով ձեռք բերված ապացույցներից միայն մեկն է, մինչդեռ բոլոր ապացույցների համակցությամբ, ըստ պաշտպանի, հիմնավորված է, որ Ռազմիկ Խուդավերդյանը սպանությունը կատարել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում՝ տուժողի անօրինական, հակաբարոյական վարքագծի պատճառով: Ընդհանուր իրավասության դատարանը, ըստ պաշտպանի, օբյեկտիվ գնահատական չի տվել գործով ձեռք բերված ապացույցների համակցությանը: Պաշտպանը նաև ընդգծեց՝ եթե անգամ վերաքննիչ դատարանը ևս հանգի եզրակացության, որ Ռազմիկ Խուդավերդյանը արարքը չի կատարել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, ապա անպայման պետք է անդրադառնա պատժի մեղմացման հարցին, քանի որ առաջին ատյանի դատարանը Ռազմիկի նկատմամբ սահմանել է նրա անձին, արարքի հանրային վտանգավորությանը ոչ համաչափ խիստ պատիժ: Պաշտպանը նշեց, որ առաջին ատյանի դատարանում դատախազը ավելի մեղմ պատիժ է միջնորդել՝ սպանության համար՝ 9 տարի ազատազրկում, իսկ դատարանը դատախազի միջնորդածից էլ ավելի խիստ պատիժ է նշանակել: Պաշտպանը խոսեց նաև կատարվածի բարոյական կողմի մասին, ասաց, որ մեկ տարվա զինծառայող Վահագն Վ.-ն երեք ամսվա զինծառայողի նկատմամբ, ում մարտական հերթապահության էին նշանակել առաջնագծում, պետք է ուշադիր լիներ, նրան սովորեցներ, օգներ, իսկ նա, հակառակը, հերթապահության ամբողջ ծանրությունը բարդել է Ռազմիկի վրա և ինքը դիրք մտնելուն պես քուն է մտել: Երբ կրակահերթից հետո գետնատնակում գտնվող զինվորները դուրս են եկել ու Ռազմիկ Խուդավերդյանին հարցրել են՝ ինչո՞ւ նման բան արեց, նա պատասխանել է. «Լաբավոյ քֆուր էր անում ծնողիս հասցեին, ի՞նչ անեի…»: Պաշտպանը մեկ անգամ ևս ընդգծեց՝ եթե դեպքի պահին Ռազմիկ Խուդավերդյանը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում չլիներ, 30 փամփուշտը չէր կրակի: Պաշտպանը նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանում միջնորդել է կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակել, բայց դատարանը մերժել է իր միջնորդությունը: Ամբաստանյալ Ռազմիկ Խուդավերդյանը միացավ պաշտպանի բողոքին: Դատարանի հարցին նա պատասխանեց, որ տուժողի ընտանիքին իր ընտանիքի կողմից ոչ մի օգնություն, օժանդակություն չի եղել: Պաշտպանի բերած բողոքի դեմ առարկեց մեղադրող դատախազը: Նա ասաց, որ Ռազմիկ Խուդավերդյանի արարքը ճիշտ է որակված, առաջին ատյանի դատարանը կայացրել է պատճառաբանված ու հիմնավոր դատական ակտ, որը պետք է թողնել անփոփոխ, իսկ պաշտպանի բողոքը ենթակա է մերժման: Դատախազը անդրադարձավ դատահոգեբանական փորձաքննության եզրակացությանը, նշեց, որ ըստ այդ եզրակացության՝ դեպքից հետո Ռազմիկ Խուդավերդյանը ծառայակիցների հարցերին պատասխանել է «պարզ ուղեղով», նա չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Դատախազը նշեց, որ առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելիս արդեն իսկ հաշվի է առել տուժողի հակաբարոյական, հակաօրինական վարքագիծը, այդ պատճառով Ռազմիկ Խուդավերդյանի նկատմամբ սահմանել է տվյալ հոդվածով նախատեսված նվազագույն պատժին մոտ պատիժ, պատժի մեղմացում կատարելու անհրաժեշտություն ևս, ըստ դատախազի, չկա, 30 փամփուշտով կատարված սպանություն «քիչ է պատահում»: Վերաքննիչ քրեական դատարան չէր ներկայացել տուժողի իրավահաջորդը: Նա վերաքննիչ դատարանին տեղյակ էր պահել, որ կարող է ներկայանալ հաջորդ դատական նիստին: Նախագահող դատավոր Մ. Պետրոսյանը տարակուսանք հայտնեց, որ այս գործով տուժողի իրավահաջորդին անգամ դատական ակտը չի ուղարկվել, նրան, փաստորեն, զրկել են դատավճիռը բողոքարկելու իրավունքից: Դատական հաջորդ նիստին վերաքննիչ դատարան կհրավիրվի նաև տուժողի իրավահաջորդը:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ Իշխանությունները բացահայտ ռեկետ են անում. Աբովյան Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը Թուրքիան խաղաղության հասնելու համաշխարհային դիվանագիտական կենտրոններից մեկն է. Սիբիհա Վարդանանց փողոցի խաչմերուկում բախվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Նահատակները կոչվում են վկաներ, իսկ մահը` վկայական մահ, որովհետև մահվամբ վկայում են ճշմարտությունը Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Վեդիում քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարծ տղամարդկանց կալանքը երկարաձգվել է 2 ամսով «Ռուբեն Վարդանյանը միլիարդների մեջ լող էր տալիս, բռնել տվեցին, մատաղացու սարքեցին»․ Հակոբկոխյան (video) «Նիկո՛լ, էդ 5 միլիարդը ձեր ջեբե՞րն եք կոխել»․ Շաքարյանց (video) Կադաստրի թուղթն ունեմ, մի շաբաթ առաջ էլ 305 հազար գույքահարկ եմ վճարել, այսօր եկել են, որ քանդեն (video) Վարորդը երկարացրել է ձեռքերն ու իրեն անպարկեշտ բազմաթիվ արտահայտություններ թույլ տվել. ահազանգում է իրավապաշտպանը Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ #ՀԻՄԱ․ «Տականքնե՛ր, Ալիևը մի նախադասությամբ «պայթեցրեց» ձեր դավաճանությունը»․ Շաքարյանց (video) Արա՛, հլը գնա մի տեղ ու ասա՝ Տաշիր Սամվել ու իջևանցի Նիկոլ, տես՝ ինչ կասեն (video) Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am