Հուսախաբ եղած թուրքերն ինչպե՞ս կդիմավորեն ԱՄՆ-ի պետքարտուղարին

Մեկնարկել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի մերձավորարևելյան տարածաշրջանային այցը: Նա հինգ երկիր է այցելում՝ Եգիպտոս, Քուվեյթ, Լիբանան, Հորդանան և Թուրքիա: Կիրակի օրը Թիլերսոնը ժամանեց Կահիրե, երեկ ԱՄՆ-ի պետքարտուղարը բանակցություններ էր վարում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ: Պետքարտուղարի այցը կատարվում է տարածաշրջանային լարվածության աճի, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մերձավորարևելյան քաղաքականության հետևանքով առաջացած մտահոգությունների ֆոնին։ Նրա այցից մեկ օր առաջ Իսրայելն ուժեղ հրետակոծության ենթարկեց Սիրիայի տարածքն այն բանից հետո, երբ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը իսրայելական ռազմական F-16 օդանավ խոցեցին: Իսրայելական ռազմական ինքնաթիռներն օդ էին բարձրացել, որովհետև Սիրիայի տարածքից անօդաչու թռչող սարք էր ներխուժել Իսրայելի տարածք։ Թել-Ավիվը պնդում է, որ ոչնչացված դրոնը կառավարվում էր Սիրիայում տեղակայված իրանական համակարգերի միջոցով: 2011-ից ի վեր սա Իսրայելի ամենալուրջ ներգրավածությունն է սիրիական հակամարտությունում: Մյուս կողմից՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահի նախաձեռնությունը: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի դաշնակից արաբական երկրներին զայրացրել է Թրամփի նախաձեռնությունը, և այդ երկրներում Թիլերսոնն ամենայն հավանականությամբ մտահոգություններ կլսի։ Այդ որոշումը նաև թուլացրել է իսրայելապաղեստինյան երկարատև բանակցությունները վերսկսելու շանսերը։ Ամերիկացի պաշտոնյաները, հաշվի առնելով հարցերի նրբությունը, համաձայնել են նախատեսվող բանակցությունների որոշ մանրամասներ ասել Associated Press-ին՝ պայմանով, որ իրենց անունները չհրապարակվեն։ Նրանք նշել են, որ Եգիպտոսի նախագահի հետ այսօրվա բանակցություններում Թիլերսոնը բարձրացնելու է նաև մարդու իրավունքների խնդիրները: Մարտին Եգիպտոսում կայանալիք ընտրություններում ալ-Սիսին պատրաստվում է երկրորդ անգամ չորսամյա ժամկետով նախագահ ընտրվել՝ առանց լուրջ մրցակիցների։ Նրանք, ովքեր կարող էին ալ-Սիսիին մարտահրավեր նետել, կա՛մ ձերբակալված են, կա՛մ հրաժարվել են ընտրապայքարից։ Եգիպտոսի ընդդիմությունը կոչ է արել բոյկոտել ընտրությունները։ Եգիպտոսից Թիլերսոնը մեկնելու է Քուվեյթ՝ երկու միջազգային համաժողովներում գլխավորելու ամերիկյան պատվիրակությունները։ Համաժողովներից մեկը իսլամական ծայրահեղականության դեմ երկրների կոալիցիան է, մյուսը նվիրված է հետպատերազմական Իրաքի վերականգնմանը։ Ամերիկացի պաշտոնյաներն ասել են, որ Թիլերսոնն ԱՄՆ-ի օգնությունը չի խոստանալու, փոխարենը մասնավոր ընկերությունների և բանկերի վրա ճնշում է գործադրվելու՝ ակտիվացնելու նրանց մասնակցությունն Իրաքի երկարաժամկետ զարգացման ծրագրերին։ Ակնկալվում է, որ այդ համաժողովին մասնակցելու են 2 հազար 300 ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ 100 ամերիկյան։ Քուվեյթում Թիլերսոնը բանակցելու է այդ երկրի պաշտոնյաների հետ, որոնք փորձում են միջնորդական առաքելությամբ կարգավորել Կատարի և արաբական մի քանի երկրների միջև անցյալ տարվանից սկսված գժտությունը։ Հորդանանի բանակցությունների հիմնական թեման լինելու է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշման հետևանքով առաջացած անհանգստությունների կառավարումը։ Հորդանանը նաև դժգոհ է պաղեստինցիներին ամերիկյան օգնությունից զրկելու Թրամփի վարչակազմի որոշումից։ Հորդանանում շատ պաղեստինցիներ են ապրում, այդ թվում՝ փախստականներ։ Ակնկալվում է, որ Ամանում Հորդանանի կառավարության հետ Թիլերսոնը միլիարդավոր դոլարների երկարաժամկետ ամերիկյան օգնության փաթեթ կստորագրի՝ ամրապնդելու երկկողմ կապերը։ ԱՄՆ-ի պետքարտուղարի տարածաշրջանային այցն ավարտվելու է Անկարայում։ Ամերիկացի պաշտոնյաներն ասել են, որ Թիլերսոնի բանակցությունների մեծ մասը ծանր կլինի, հատկապես ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ է վարում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական ջոկատների դեմ, ինչպես նաև հաշվի առնելով Անկարայում հակաամերիկյան հռետորաբանության աճը։ Ակնկալվում է, որ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցությունները լարված կլինեն։ Ամերիկացի պաշտոնյաների փոխանցմամբ, Թիլերսոնը նորից է զգուշացնելու, որ Թուրքիան Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողություններում զսպվածություն ցուցաբերի։ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Անկարա կատարելիք այցի նախաշեմին Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները գտնվում են «կրիտիկական հանգրվանում»: «Կամ մենք կարգավորում ենք հարաբերությունները, կամ դրանք վերջնականապես կխաթարվեն»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Մենք արդեն ոչ թե խոստումներ, այլ հստակ քայլեր ենք ցանկանում: Մենք այդ մասին կասենք Թիլերսոնին իր այցի ժամանակ»,- նշել է Չավուշօղլուն, պնդելով, թե սիրիական որոշ շրջաններում Վաշինգտոնը չի պայքարում ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ, որպեսզի «հիմնավորի քրդական ջոկատների հետ համագործակցության անհրաժեշտությունը»: Թուրքիան, հիշեցնենք, վերջին երեք շաբաթներին ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական ջոկատների դեմ, պնդելով, թե նրանք ահաբեկիչներ են: Միացյալ Նահանգները, մինչդեռ, վերջիններիս ոչ միայն ահաբեկիչ չի համարում, այլև զինում է և համագործակցում նրանց հետ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում: Չնայած Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցների մտահոգություններին՝ թուրքական իշխանությունները հայտարարում են, թե չեն պատրաստվում վերջ տալ ռազմական գործողություններին Սիրիայի քրդական խմբավորումների դեմ: Ավելին՝ Անկարան հայտարարում է, թե Աֆրինից հետո մտադիր են թիրախավորել նաև հարևան Մանբիջն ու Իդլիբի նահանգը՝ հասնելով ընդհուպ մինչև Իրաքի հետ սահման: Թուրքական ռազմական գերատեսչության հաղորդմամբ՝ Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում արդեն քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժերի» մոտ 1400 զինյալ է սպանվել: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով, միայն կիրակի` փետրվարի 11-ին, օդային և ցամաքային գործողությունների արդյունքում թուրքական ուժերին հաջողվել է «չեզոքացնել» Աֆրինում դիրքավորված 103 քուրդ զինյալների: Հունվարից ի վեր Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունների ֆոնին էլ ավելի են սրվել թուրք-ամերիկյան դաշնակցային հարաբերությունները, որոնք մինչ այդ էլ լարված էին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող՝ ԱՄՆ-ում բնակվող թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցի պատճառով: Վաշինգտոնը պնդում է, որ Անկարան չի ներկայացրել նրա արտահանձնման համար բավարար հիմնավորումներ: Մինչ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այցը՝ Անկարա էր մեկնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Հերբերթ ՄըքՄասթերը, ով իր թուրք պաշտոնակիցների հետ հանդիպման արդյունքներով վերահաստատել է երկու երկրների ռազմավարական գործընկերությունը, համատեղ հայտարարության մեջ նշելով, թե քննարկում են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի ընդլայնման ճանապարհները: ՄըքՄասթերի ու Թուրքիայի նախագահի հատուկ խորհրդական Իբրահիմ Քալընի հայտարարության մեջ ասված է, որ մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերին և մտքեր են փոխանակվել ամերիկա-թուրքական հարաբերությունների շուրջ, որոնք բնութագրվել են որպես «երկարատև դաշնակցային»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am