Էրդողանի գլխին «սև ամպեր» են կուտակվում

Թուրքիան շարունակում է մեղադրել Ռուսաստանին Ռուս-թուրքական լարումը շարունակվում է ողջ ուժով: Հունվարի 5-ից Pegasus Airlines ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել դեպի Ռուսաստան չվերթները։ Սահմանափակումները կձգվեն մինչև հունվարի 13-ը։ Կազմակերպությունում պարզաբանել են, որ օդանավերի անձնակազմը չի կարողանում ռուսական վիզա ստանալ։ Pegasus-ի ներկայացուցիչների խոսքերով՝ բարդությունները սկսվել են ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից հետո։ Բացի այդ, դեպի Ռուսաստան իր չվերթները դադարեցրել է Onur Airways ավիաընկերությունը։ Մինչդեռ Ռուսաստանի ԱԳՆ-ն թուրքական իշխանությունների հայտարարությունը համարել է անհիմն, որով վերջիններս Ռուսաստանին մեղադրել են իրենց երկու ավիափոխադրողների աշխատակիցներին վիզա չտրամադրելու մտադրության մեջ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Pegasus Airlines և Onur Air ավիաընկերությունները իրենք են մեղավոր ստեղծված իրադրության մեջ, քանի որ վիզաների հարցով ժամանակին չեն դիմել ռուսական կողմին՝ չնայած գիտեին, որ Ռուսաստանը չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը: Համեմատության համար նա նշել է, որ Turkish Airlines-ը ժամանակին դիմել է վիզաների հարցով, որից հետո 380 աշխատակիցների համար ստացել է տարեկան վիզաներ և ներկայումս կատարում է թռիչքներ՝ ըստ չվացուցակի: Իսկ պաշտոնական մակարդակով ՌԴ-Թուրքիա մեղադրանքները կրկին ինտենսիվացել են: Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմն Անկարայում կազմակերպված մամուլի ասուլիսում Ռուսաստանին մեղադրել է միջազգային ավիացիոն նորմերը խախտելու համար։ Յըլդըրըմը կամայականություն է որակել թուրքական ավիաընկերությունների անձնակազմերի անդամների համար վիզայի անհրաժեշտության շուրջ ստեղծված իրավիճակը։  Իսկ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ՌԴ-ին մեղադրել է սիրիացի փախստականների մահվան համար, որոնք զոհվում են Էգեյան և Միջերկրական ծովերը հատելիս՝ Եվրոպա ներթափանցելու համար։ Նրա խոսքով՝ հենց Ռուսաստանն է, որն աջակցում է Բաշար Ասադի կառավարությանը, մեղավոր սիրիացի փախստականների զոհվելու համար, որոնք գրեթե ամեն օր խեղդվում են Էգեյան ու Միջերկրական ծովերում՝ եվրոպական երկրներ հասնելու փորձի ժամանակ։ Օրերս Թուրքիայի ծովափի մոտ հայտնաբերվել են 36 սիրիացի ներգաղթյալների դիակներ, որոնք փորձել են անօրինական ձևով հասնել Հունաստան։ Էրդողանի «դանակը» հասել է ոսկորին Օրերս Թուրքիայի հարավարևելյան հատվածում թուրքական բանակի կողմից իրականացված գործողության արդյունքում սպանվել է Քրդական աշխատավորական կուսակցության 14 զինյալ։ Այս մասին տեղեկացնում է երկրի զինված ուժերի հրամանատարությունը։ Նույն հայտարարության համաձայն, դեկտեմբերի 14-ից սկսված լայնածավալ գործողությունների արդյունքում քուրդ մոտ 296 զինյալ է սպանվել։ Երեքշաբթի օրը պայթյուններ են գրանցվել Ջիզրե քաղաքում, որտեղից մի քանի հարյուր մարդ հեռացել է տներից։ Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դիմել է երկրի խորհրդարանին՝ կոչ անելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) մի շարք պատգամավորների. «Դանակը հասել է ոսկորին։ Ներկայումս կան դատապարտյալներ, նրանց թիվն աճելու է։ Թուրքիայում չկա «քրդական հարց», կա ահաբեկչության խնդիր։ Թող ոչ ոք չփորձի մեզ համոզել հակառակը»։ Էրդողանի խոսքերով՝ վերջին գործողություններում սպանվել է 3000 «ահաբեկիչ», և որ նրանց աջակցելը ոչ թե քաղաքականություն է, այլ՝ «դավաճանություն»։ Էրդողանն ընդգծել է, որ սկզբունքորեն դեմ է քաղաքական կուսակցությունների փակմանը, սակայն քաղաքական կուսակցության արածը «նման չէ» կուսակցության արածի։ Էրդողանը վերստին կողմ է արտահայտվել երկրում նոր Սահմանադրության ընդունմանն ու կառավարման նախագահական համակարգին անցում կատարելուն՝ հավելելով, որ Թուրքիայում անցել են ռազմական հեղաշրջումների ժամանակները։ Մինչդեռ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի հետ հեռախոսազրույցում Թուրքիային կոչ է արել Իրաքից դուրս բերել բոլոր ռազմական ուժերը, որոնք այնտեղ են գտնվում առանց պաշտոնական Բաղդադի թույլտվության: «Նախագահ Օբաման հաստատել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Իրաքի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և Թուրքիային կոչ է արել անել նույնը՝ դուրս բերելով ցանկացած ռազմական ուժ, որոնց ներկայությունը չի թույլատրվել Իրաքի կառավարության կողմից»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում: Իրաքի վարչապետն ավելի վաղ հայտարարել է, որ Թուրքիան չի պահպանում երկրի հյուսիսային մասից իր զորքերը դուրս բերելու համաձայնությունը: Միջազգային մամուլը «ԱՄՆ-ի և Եվրոպայի ամոթալի անգործության» մասին` Էրդողանի հարցով Իսկ ահա միջազգային մամուլը շարունակում է քննադատել Էրդողանին: Թուրքիայի նախագահը կրկին հատեց գիծը՝ լրագրողերի հետ շփման ընթացքում հիշատակելով «հիտլերյան Գերմանիան», ինչը զարմանալի չէ՝ հաշվի առնելով մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունը և այլ քաղաքական ազատություններ ոտնահարելու հակված ավտորիտար առաջնորդի նրա համբավը, գրում է The New York Times-ը: «Այն պահից, ինչ նա իշխանության գլուխ է եկել ավելի քան 10 տարի առաջ, օգտագործել է իր նախարարական, իսկ հետո նաև նախագահական լիազորությունները ԶԼՄ-ներին, արհմիություններին և այլ ընդդիմադիրների ճնշելու համար»,- նշում է թերթը: Վատագույն մտավախությունները Թուրքիայի նախագահի վարքի հետ կապված հաստատվեցին նոյեմբերին կարևորագույն խորհրդարանական ընտրություններում նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակից հետո՝ ավելացնում է պարբերականը: Դեռևս քվեարկությունից առաջ Էրդողանը վերսկսեց իր պատերազմը Քրդական աշխատավորական կուսակցության դեմ՝ փորձելով բարձրացնել իր վարկանիշը քվեարկությունից առաջ, իսկ հետո «անցավ» «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը, որը հնարավորություն էր ստացել պաշտպանելու ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ քրդերի իրավունքները խորհրդարանում: «Թուրքիայի դաշնակիցներ ԱՄՆ-ն և Եվրոպան ամոթալի անգործությամբ հետևում էին թուրքական բանակի դաժանությանը, որը ավիահարվածներ էր հասցնում քրդական օբյեկտների ուղղությամբ երկրի հարավ-արևելքում»,- նշվում է հոդվածում: Ռումբերն ընկել են տասնյակ բնակելի տների վրա, և ռազմական արշավի հետևանքով 2015թ. սկզբից սպանվել են 3100 քուրդ ապստամբ և անորոշ թվով խաղաղ բնակիչներ: «Էրդողանը կարող էր վերջ տալ պատերազմին և թուրքական քաղաքականություն քրդերի ներգրավման գործընթաց սկսել, բայց դրա փոխարեն՝ նա շարժվում է հակառակ ուղղությամբ, ինչի հետևանքով գնալով ավելի շատ մարդ է կանգնում արմատական ճանապարհին՝ կարծելով, թե բռնությունն ավելի շատ ինքնավարության հասնելու միակ միջոցն է»,- գրում է թերթը: Բացի դրանից՝ Թուրքիայի նախագահը պատշաճ նշանակություն չի տալիս ԴԱԻՇ-ի դեմ պայքարին, որում խաղադրույքները բավական բարձր են՝ այդպիսով թեժացնելով լարվածությունը տարածաշրջանում՝ նշում է The New York Times-ը` հավելելով. «Պարոն Էրդողանը ծայրահեղ հեռու է այն ժամանակներից, երբ նրան կարելի էր համարել մուսուլման մեծամասնության հարգված առաջնորդ և հուսալի գործընկեր տարածաշրջանում»: Իսկ Die Welt պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիան Էրդողանի ռեժիմով, ուր բանակն ու ոստիկանությունը խախտում են խաղաղ բնակչության իրավունքները, երբեք չի կարող դառնալ Արևմուտքի գործընկերը։ Պարբերականն ընդգծում է, որ քանի դեռ Անկարան ավելի մեծ սպառնալիք է դիտարկում քրդերին, քան ԴԱԻՇ-ին, բանակցային ճանապարհով չի լուծվի հակամարտությունը։ Լրագրողները սխալ են համարում Եվրոպայի և, մասնավորապես Գերմանիայի որոշումը՝ խնդրել Էրդողանին վերահսկողություն հաստատելու համար թուրք-սիրիական սահմանին, որպեսզի նվազի փախստականների հոսքը դեպի եվրոպական երկրներ։ Այժմ Սիրիայից ժամանած ներգաղթյալներին Թուրքիայում տեղավորում են հատուկ մեկուսարաններում՝ դրանով իսկ խախտելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, սակայն ԵՄ-ն աչք է փակում դրա վրա՝ վախենալով էլ ավելի շատ փախստականների հոսքից։ Լրագրողներն ընդգծում են, որ Եվրոպայում արդեն պատրաստ են Էրդողանին տրամադրել իր երկրում գործողությունների ազատություն, միայն թե իրենցից հեռու պահի փախստականներին, ինչն անհեռատես մոտեցում է ԵՄ-ի կողմից. «Էրդողանը կօգտվի Եվրոպայի լռությունից և կշարունակի պատերազմել սեփական ժողովրդի դեմ։ Բացի այդ, թուրքական ոստիկանության անզգույշ գործողությունները, որը կալանավորում է անմեղ մարդկանց, շուտով մարդկանց կհարկադրի լքել քաղաքներն ու փրկություն որոնել Եվրոպայում, ինչը կարող է հանգեցնել փախստականների նոր խոշոր ալիքի»։ Մետաքսյա  Շալունց

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am