Մանրամասներ.«Վանաձոր» ՔԿՀ-ի պետից մինչև կրտսեր պաշտոնյա թաղվել են կոռուպցիայի մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված քննչական-դատավարական լայնածավալ գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների` առանձապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու օժանդակության, կաշառք ստանալու դրդչության, ինչպես նաեւ դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար պաշտոնեական դիրքի չարաշահման բազմաթիվ դրվագներ: Ինչպես հայտնում են ՔԿ ամուլի ծառայությունից, հիմնավորվել է, որ հանցավոր շղթայում ներգրավված են եղել ոչ միայն հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետն ու տեղակալը, այլեւ հիմնարկի առաջատար, նույնիսկ` կրտսեր խմբի պաշտոնատար անձինք, ովքեր դատապարտյալների հետ հանցավոր կապերի մեջ մտնելով` չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը եւ դատապարտյալներից պարբերաբար կաշառք են ստացել: Ստեղծված իրավիճակի հետեւանքով «Վանաձոր» ՔԿՀ-ում ձեւավորվել է անպատժելիության մթնոլորտ, ինչն էլ հիմք է հանդիսացել տարբեր հանցածին դրսեւորումների առաջացման, հանցավոր մեխանիզմների մշակման եւ իրագործման համար: Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից իրականացված քննչական եւ այլ դատավարական բազմաթիվ գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գեւորգ Մկրտչյանը նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալներ, այսպես կոչված` "զոն նայող" Թ. Ֆ.-ի եւ Ա. Պ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից պարբերաբար կաշառք է ստացել: Մասնավորապես, նշված դատապարտյալների եւ նրանց "հովանավորության" տակ գտնվող այլ դատապարտյալների խցերի դռները սահմանված կարգի խախտմամբ բաց թողնելու եւ այդ կերպ նրանց ազատ տեղաշարժի հնարավորություն ընձեռելու, պատժի կրման ընթացքում արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսների, տեխնիկական սարքերի օգտագործումն ու այլ արտոնություններ տրամադրելու համար Գ. Մկրտչյանը Թ. Ֆ.-ից եւ Ա. Պ.-ից պահանջել ու Վանաձոր քաղաքի բնակիչ Կարեն Հակոբյանի միջոցով 2016 թվականի դեկտեմբերից 2017 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 2.750.000 ՀՀ դրամ կաշառք: Կաշառքի գումարները ստանալուն զուգահեռ՝ Գ. Մկրտչյանը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը եւ սահմանված կարգով միջոցներ չի ձեռնարկել անօրինական գործողություններ կատարած դատապարտյալներին եւ կալանավորված անձանց պատժելու, նրանց կողմից կազմակերպված թղթախաղերը կանխելու ուղղությամբ: Փոխարենն առանձին դեպքերում անձամբ է կազմակերպել դատապարտյալների միջեւ գումարի դիմաց թղթախաղով զբաղվելու գործընթացը: Արդյունքում՝ կաշառք տված դատապարտյալները, օգտվելով անպատժելիության մթնոլորտից, ժամանակ առ ժամանակ նույնիսկ ալկոհոլ ու թմրանյութեր են օգտագործել, կատարել անօրինական այլ գործողություններ: Ձեւավորված կոռուպցիոն սխեմայում ակտիվ ներգրավվածություն են ունեցել նաեւ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, անվտանգության ապահովման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Ղարաքիշյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանն ու գլխավոր մասնագետ Վահե Ամիրխանյանը, ովքեր նույնպես Կարեն Հակոբյանի միջոցով դատապարտյալներ Թ. Ֆ.-ից եւ Ա. Պ.-ից պարբերաբար պահանջել եւ որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Դրա դիմաց վերջիններս դատապարտյալներին տվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու եւ այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ: Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է նաեւ, որ նշված ժամանակահատվածում հիշյալ ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահներից որեւէ մեկը ձեռնպահ չի մնացել դատապարտյալների հետ ապօրինի փոխհարաբերություններ հաստատելուց, ավելին` «Վանաձոր» ՔԿՀ-ի բոլոր պատասխանատու հերթապահները` Արտակ Պարսամյանը, Էդվարդ Քառյանը, Անդրանիկ Տիտանյանը եւ Վարդան Գեւորգյանը 2017 թվականի ընթացքում` իրենց հերթապահության օրերին, շահադիտական դրդումներով չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Բացի այդ, հիշյալ պաշտոնատար անձինք դատապարտյալ Թ. Ֆ.-ից պարբերաբար կաշառք են ստացել, որի դիմաց վերջինիս օգտին կատարել են ակնհայտ ապօրինի գործողություններ. մասնավորապես, թույլատրել են սահմանված կարգի խախտմամբ սնունդ, ծխախոտ եւ այլ արգելված իրեր ՔԿՀ-ի ռեժիմային գոտի մտցնելու եւ դատապարտյալներին հասցնելու, առանձին դեպքերում թղթախաղեր կազմակերպելու, բաց տիպի պատիժ կրող դատապարտյալներին ապօրինի այլ աշխատանքների մեջ ներգրավելու գործընթացը: Նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ նշված ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Լիաննա Ոսկանյանը 08.06.2017թ.-ին ՔԿՀ-ի պետ Գ. Մկրտչյանի դրդմամբ կաշառք է ստացել դատապարտյալների համար որպես օգնություն բերված սնունդն ընդունելու համար: Նկարագրված հանցավոր արարքների կատարման հետեւանքով «Վանաձոր» ՔԿՀ-ի վերը նշված պաշտոնատար անձինք էական վնաս են պատճառել պետության օրինական շահերին, հեղինակազրկել պետական իշխանության մարմինը՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը: Բացի այդ, խաթարվել են պատժի իրականացման սկզբունքներն ու նպատակը, հասարակության աչքին խեղաթյուրվել է սոցիալական արդարության վերականգնման օրենսդրական պահանջը: Այսպիսով, կաշառք ստանալու, կաշառք տալու օժանդակության, կաշառք ստանալու դրդչության, պաշտոնեական դիրքի չարաշահման եւ դրան դրդելու համար մեղադրանքներ են առաջադրվել. Գեւորգ Մկրտչյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-311-րդ մասի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, Անդրանիկ Թումանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, Ռուբեն Կիրակոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 1-ին մասով,  308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-312-րդ հոդվածի 1-ին մասով, Էդվարդ Քառյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով, Արտակ Պարսամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով, Վարդան Գեւորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով, Անդրանիկ Տիտանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով, Վահե Ամիրխանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով, Միքայել Ղարաքիշյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով, Լիաննա Ոսկանյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին  մասով, Կարեն Հակոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-312-րդ հոդվածի 1-ին մասով: Գեւորգ Մկրտչյանի, Անդրանիկ Թումանյանի, Էդվարդ Քառյանի եւ Արտակ Պարսամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Մնացած մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Քանի որ քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերվել են առանձնապես ծանր, ծանր եւ հանցագործությունների այլ տեսակների կատարման պատճառների ու նպաստող պայմանների մասին վկայող բազմաթիվ փաստեր, ուստի դրանք վերացնելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով համապատասխան միջնորդագրեր են նախապատրաստվում` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության եւ ՀՀ ոստիկանության ղեկավարությանը ներկայացնելու համար: Վերը նշված մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am