Այսքան ժամանակ տեսե՞լ եք իմ կողմից որեւէ կաշկանդվածություն․ Արծվիկ Մինասյան
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի կաշկանդում կառավարության դռնբաց նիստերից, սակայն լուրջ խնդիր կա` կառավարության գործունեության լուսաբանման հետ կապված:
«Կաշկանդվածություն, բնականաբար, չի կարող լինել: Եթե անկախ դիտարկենք այն հրապարակումները, որոնք կառավարության նիստերից ներկայացվում են լրագրողների միջոցով, ապա շատ քիչ դեպքեր կտեսնես, որ քննարկվող հարցը ներկայացվի, ավելի շատ ձևի կամ նախարարի ու վարչապետի պահվածքի ու արտահայտության մեկնաբանություն է, և դա վնասում է հանրությանը: Պատկերացրեք` եթե ինչ-որ կարևոր բան է քննարկվում, բայց բանավեճի կամ քննարկման ժամանակ մոռացվում է հարցի էությունը, ներկայացվում է, թե նախարարն ինչ ձևով ներկայացրեց, ստացվում է, որ այդ նախագծի էությունն աղավաղվում է, իսկ հանրությունը չի դառնում այդ փոփոխությունների կրողը»,- ասաց Մինասյանը:
Հարցին, թե կաշկանդվում է, որ վարչապետի դիտողություններից, նշեց. «Դուք այսքան ժամանակ տեսե՞լ եք իմ կողմից որեւէ կաշկանդվածություն...ոչ, ես կաշկանդվածություն չունեմ, ես ունեմ պարզ ձևավորված մշակույթ»։
