«ՏԻՄ այն ղեկավարները, ովքեր չեն անցնում իր «թրի» տակով, դառնում են տոտալ ճնշումների թիրախ»․ Արմեն Հովասափյան
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքական պատմության մեջ իշխանության կողմից ընդդիմադիր մրցակիցներին պայքարից հեռացնելու համար պետական և դատական համակարգերի օգտագործումը նոր երևույթ չէ։ Տարբեր երկրներում, տարբեր այս գործելակերպը դարձել է իշխանությունը պահպանելու և քաղաքական մրցակցությունը վերահսկելու միջոց։
Թուրքիայում Էրդողանի իշխանության օրոք նման օրինակ դարձավ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը 2025 թվականի մարտին։ Իմամօղլուն Էրդողանի հիմնական քաղաքական մրցակիցներից էր և դիտարկվում էր որպես նրա հնարավոր մրցակիցը նախագահական ընտրություններում։ Մարտի 19-ին նա ձերբակալվեց, իսկ մարտի 23-ին՝ հենց այն օրը, երբ իր կուսակցությունը պետք է պաշտոնապես առաջադրեր նրան նախագահի թեկնածու, դատարանը որոշեց կալանավորել։ Այսպիսով, ընդդիմությունը զրկվեց իր ամենաազդեցիկ քաղաքական դեմքի լիարժեք մասնակցությունից քաղաքական պայքարին։ Human Rights Watch-ը կատարվածը գնահատեց որպես ընդդիմության քաղաքական գործունեությունը ճնշելու նպատակով իրականացված քայլ։
Պակիստանում Իմրան Խանի օրինակը նույն գործելակերպի մեկ այլ դրսևորում է։ 2022 թվականին վարչապետի պաշտոնը կորցնելուց հետո նա դարձավ երկրի գլխավոր ընդդիմադիր առաջնորդը։ Նրա դեմ հարուցվեցին բազմաթիվ քրեական գործեր, իսկ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից ընդամենը օրեր առաջ նա մի քանի գործերով դատապարտվեց ազատազրկման։ Ընտրություններին նրա գլխավորած քաղաքական ուժը մասնակցեց, սակայն սեփական առաջնորդը զրկված էր ընտրապայքարին լիարժեք մասնակցելու հնարավորությունից։
Ուգանդայում Յովերի Մուսևենիի իշխանության օրոք ընդդիմադիր առաջնորդ Կիզա Բեսիջեի ձերբակալությունը նույնպես տեղի ունեցավ նախագահական ընտրություններին ընդառաջ։ 2005 թվականին՝ ընտրություններից մի քանի ամիս առաջ, Բեսիջեն ձերբակալվեց պետական դավաճանության և այլ մեղադրանքներով։ Նա Մուսևենիի հիմնական մրցակիցն էր, իսկ նրա ձերբակալությունը լրջորեն սահմանափակեց ընդդիմության նախընտրական հնարավորությունները։
Պատահական չէ, որ խոսում եմ այս դրվագի մասին և բերված օրինակները բնավ պատահական չեն։ Դրանք ցույց են տալիս քաղաքական կառավարման մի գործելակերպ, որի հիմքում մրցակցին քաղաքական դաշտում հաղթելու փոխարեն պետական համակարգի հնարավորություններով նրա մասնակցությունը սահմանափակելն է։
Նախօրեին նույն պատկերը Մասիսում։ Ազատությունից զրկվեց համայնքապետի ընդդիմադիր թեկնածու, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Համբարձումյանը:
Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք այս գործելակերպը կարծես դարձել է քաղաքական կառավարման կրկնվող ձեռագիր։ Ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ քրեական գործերը, ձերբակալություններն ու ազատազրկումները պարբերաբար «համընկնում» են քաղաքական պայքարի վճռորոշ փուլերի հետ։ Վերջին ամիսներին այս պատկերը տեսել ենք նաև այլ համայնքներում, իսկ այժմ հերթը Մասիսինն է։
Դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից ընդամենը 16 օր առաջ Վճռաբեկ դատարանը բեկանեց վերաքննիչի որոշումը և ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատավճիռը՝ Համբարձումյանին կրկին դատապարտելով անազատության։ Ընդ որում՝ նա իշխանության թեկնածուի հիմնական մրցակիցն էր, իսկ «Կառուցող» դաշինքը փաստացի զրկվեց իր ցուցակի առաջնորդի անմիջական մասնակցությունից ընտրապայքարին։
Սա վաղուց դարձել է Նիկոլի քաղաքական ձեռագիր։ Բոլոր ՏԻՄ այն ղեկավարները, ովքեր չեն անցնում իր «թրի» տակով, դառնում են բացահայտ տոտալ ճնշումների թիրախ։ Նրանց հետ քաղաքական մրցակցելու, նրանց ընտրական լեգիտիմությունը ճանաչելու փոխարեն գործի է դրվում պետական համակարգի ողջ ծանրությունը։ Քրեական գործեր, կալանքներ, երկարատև դատական գործընթացներ։ Ընդ որում՝ այս ամենը տեղի է ունենում այնպիսի հաջորդականությամբ, որ արդեն դժվար է չտեսնել դրա քաղաքական օրինաչափությունը։
Բոլորիս աչքի առաջ Մամիկոն Ասլանյանը դատապարտվեց 2 տարի 7 ամիս անազատության մեջ, որից հետո արդարացում։ Վարդան Ղուկասյանը մինչ օրս դատական գործընթացների մեջ է։ Մեր երջանկահիշատակ ընկեր Արսեն Գևորգյանը, ով համարձակվել էր դեմ դուրս գալ նիկոլական ռեժիմին և առաջադրվել Ստեփանավանում, նախ ապօրինի կալանավորվեց, այնուհետև հանկարծամահ եղավ ՔԿՀ-ում։ Եվ այժմ՝ թիրախում Դավիթն է, որի նկատմամբ ազատազրկման դատավճիռն ուժի մեջ է մտնում Մասիսի ընտրություններից ընդամենը 16 օր առաջ՝ ֆանտաստիկ արագությամբ:
Սրանք տարբեր մարդկանց ճակատագրեր են, բայց դրանցում կրկնվում է նույն քաղաքական մոտեցումը։ ՏԻՄ այն ղեկավարներին, ովքեր չեն անցնում իր «թրի» տակով, Նիկոլը դարձնում է պետական ռեպրեսիայի զոհ՝ նրանց հետ քաղաքական մրցակցելու փոխարեն փորձելով կոտրել նրանց դիմադրությունը»։
