ՍՐՏԻ ԽՈՍՔ ԵՎ ՀՐԱՎԵՐ
Ասողիկ աբեղա Կարապետյանր գրել է․
«ՍՐՏԻ ԽՈՍՔ ԵՎ ՀՐԱՎԵՐ
Սիրելիներ,
13 տարի է, որ Նորին Սրբություն Տ․ Տ․ Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի բարեխնամ վճռով, ի սեր և ի վայելումն Հայոց ազգի, մեր Սուրբ Եկեղեցու հիմնադիր առաքյալների՝ Հայոց առաջին լուսավորիչներ Սբ Թադեոսի և Սբ Բարդուղիմեոսի հիշատակության տոնը հռչակվել է աստվածամուխ Սբ Գեղարդի ուխտի օր։
Եվ վաղն առավոտյան Հայոց Հայրապետը Սբ Գեղարդը՝ հոգևորականաց հանդիսավոր թափորով իջեցնելու է Մայր Տաճարի մոմավառության աղոթասրահ, որպեսզի մենք ամենքս շնորհն ունենանք մեր հավատքով մոտենալու, խոնարհվելու, համբուրելու և հաղորդակցվելու Տերունի սրբության աստվածային զորությանը։
Դարեր ի վեր նաև ա’յս սուրբ մասունքն է բաժին հասել մեզ՝ հայերիս, որպեսզի նաև դրանով ճանաչենք մեր Փրկչին և Նրա փրկագործությունը, որպեսզի նաև դրանով լինենք արթուն՝ միշտ անսասան մնալով մեր հավատքի մեջ, միշտ մնալով նվիրյալ ու հավատարիմ զավակը Հայաստանյայց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի։
Արդ, սիրելի հայեր, եկե’ք, եկեք՝ մեծով ու փոքրով, այր և կին, համեստ հավատավոր հայորդուց մինչև վերին պետական պաշտոնյան, վաղն ուխտի ելնենք դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Եկեք գանք և ամենայն խոնարհությամբ ու սիրով փարվենք մեր Սրբություն Սրբոց Էջմիածնին, ամուր փարվենք այս Մեծագույն Սրբությանը, որպեսզի նրա աստվածային սուրբ զորությամբ այլակերպված՝ փարվենք միմյանց և, որպես Աստծո արդար զավակներ, սիրե’նք միմյանց և լինենք մեկ Ազգ և մեկ կամք՝ փառավորելով մեր Տեր և Փրկիչ Քրիստոս Աստծուն և հզորացնելով մեր Հայրենի երկիրը։
Աստված և մեր սրբացյալ նախնիք և հայրերը մե’զ են նայում և մե’զ են կանչում․ լինե’նք արժանի մեր հայ զարմին, լինե’նք արժանի մեր ճակատի Սբ Մյուռոնին, լինե’նք արժանի մեր քրիստոնեական հավատքին, լինե’նք արժանի Քրիստոնյա Հայաստանին։
Սուրբ Գեղարդի աստվածաշնորհ զորությամբ թող հավետ հաստատուն լինի հայը՝ իր Հայրենիքով, իր պետականությամբ ու պետությամբ, իր Սուրբ Եկեղեցով․ եղիցի, եղիցի»։
