Հութիները նախազգուշացում են արել Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի նոր հարվածների ֆոնին
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիների քաղաքական բյուրոյի անդամ Մուհամմադ ալ-Բուխաիթին The Times-ին տված հարցազրույցում զգուշացրել է Մեծ Բրիտանիային, որ այն պետք է «վերագնահատի» Սաուդյան Արաբիային ցուցաբերվող ռազմական աջակցությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Նա նշել է, որ խմբավորումը կարող է թիրախավորել բրիտանական շահերը, եթե Լոնդոնն ուղղակիորեն միջամտի պատերազմին։
Զգուշացումը հնչել է Մեծ Բրիտանիայի կողմից հութիների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և Սաուդյան Արաբիային ռազմական օգնություն ցույց տալու որոշումից հետո։
«Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի հետ ցանկացած համագործակցություն հավասարազոր է պատերազմին մասնակցության», – ասել է ալ-Բուխաիթին։
Միևնույն ժամանակ հութիների և Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանն աջակցող Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի միջև հարվածները շարունակվում են։
Հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը հայտնել է, որ Եմենի Թաիզի նահանգի ալ-Թուրբա քաղաքում կոալիցիոն ուժերի կողմից ավիահարվածի հետևանքով զոհվել է 11 խաղաղ բնակիչ։ Ըստ տեղեկությունների՝ հարվածի թիրախում է հայտնվել բնակելի շենք, իսկ զոհերի մեծ մասը երեխաներ են եղել։
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները շարունակում են ինտենսիվ թռիչքներ իրականացնել տարածքի վրայով՝ խոչընդոտելով փրկարարական աշխատանքները։
Հութիների խոսնակ Յահյա Սարին X հարթակում գրառման մեջ նշել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Սաուդյան Արաբիայի F-15 և Typhoon ինքնաթիռները 109 ավիահարված և հրթիռային հարձակում են իրականացրել մայրաքաղաք Սանայում և մի շարք նահանգներում քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:
Իսկ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին X-ում գրառման մեջ հայտնել է, որ դեպի թագավորության Հարավային նահանգ թռչող անօդաչու թռչող սարք է խոցվել և ոչնչացվել։
Մեկ այլ գրառման մեջ նա նշել է, որ կոալիցիան ռազմական գործողություն է իրականացրել հութիների կարողությունների դեմ։
«Մենք ոչնչացրինք 50 օրինական ռազմական թիրախ Սանայի, Հոդեյդայի և Սաադայի նահանգներում», – նշել է նա։
