Ավտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը
Երեկ՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում Միկոյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, Սյունիքի մարզի բնակիչ 59-ամյա Արթուր Ա․-ի վարած «Yutong» մակնիշի՝ Տ5 երթուղին սպասարկող տրոլեյբուսը և Երևանի բնակիչ 36-ամյա Աննա Ա․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ազատ Թադևոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վանուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Պարույր Բաբայանը և Համլետ Հարությունյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառներից մեկն էլ ճանապարհին առկա մերկասառույցն է եղել։
