«Հայաստան» խմբակցության պատգամավորները բարձրաձայնել են քաղաքական հետապնդումների մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը, խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը նոյեմբերի 26-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բաումանի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Շվեյցարիա համագործակցությանը, ներհայաստանյան քաղաքական իրադարձություններին, տարածաշրջանային զարգացումներին և ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր։
Պատգամավորները մտահոգություն են հայտնել Հայաստանում ժողովրդավարության հետընթացի, մարդու իրավունքների խախտումների ու ավտորիտարիզմի հաստատման փորձերի վերաբերյալ։ Նրանք անդրադարձել են մեր երկրում քաղաքական առաջնորդների կալանավորումներին ու քաղաքական հետապնդումներին։
Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները շեշտել են Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրած սահմանադրության անթույլատրելիությունը։
Պատգամավորներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին։
Դեսպանը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման ու խորհրդարանական համագործակցության խորացման կարևորությունից։ Այս համատեքստում Անդրեա Բաումանն ընդգծել է բարեկամական խմբերի դերակատարությունն ու արժևորել վերջին տարիների փոխգործակցությունը։ Նա բարձրաձայնել է Շվեյցարիայի աջակցությամբ Հայաստանում իրականացվող միջազգային ծրագրերը։
Կողմերը համակարծիք են եղել, որ, մասնավորապես, տնտեսական ոլորտում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտություն կա։
