Փաշինյանը հաստատեց, որ մեր անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է․ Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօրվա իր պարզաբանմամբ՝ Փաշինյանը հաստատեց, որ մեր անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է՝ իրենց «խաղաղության» կեղծ թեզերի հիմնավորմամբ։
Այսինքն, ՆԳՆ-ի ճիգերը հիմնավորելու այդ խայտառակությունը միջազգային ստանդարտներով հենց իրենց կողմից ժխտվում են: Էլ չասեմ, որ սխալ ու մոլորեցնող պնդումներ են անում ISO ու ICAO փաստաթղթերի վերաբերյալ:
Իսկ Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան, թե ինչ պետք է գրել, հուշեմ՝
1. Գրե՛ք այն, ինչ գրված է մարդկանց ծննդականներում, դա է միջազգային ստանդարտը՝ ԽՍՀՄ կամ Հայաստան կամ ԼՂՀ (վերջինը, այո, ISO ստանդարտից դուրս է):
2. Իսկ եթե քաջություն կամ քաղաքական կամք չունեք Ադրբեջանից բացի այլ պետության անվանում գրել, այդ դեպքում գրեք միայն բնակավայրի անվանումը: Ընդ որում՝ դա էլ պետք է գրել այնպես, ինչպես գրված է ծննդականներում, ոչ թե փորձեք ադրբեջանական օկուպացիոն անվանումներ գրել:
3. Կարող եք նաև դատարկ թողնել ծննդավայրի դաշտը:
Եվ վերոնշյալ երեք լուծումները ամբողջապես համապատասխանում են միջազգային նորմերին ու պրակտիկային: Իսկ անձը պետք է ազատություն ունենա ընտրելու եղած տարբերակներից որևէ մեկը, ոչ թե իր վզին փաթաթեն քաղաքական իշխանության քարոզչական թեզերն ու նպատակները»,-գրել է Բեգլարյանը։
