«Եթե դու կարդում ես այս տողերը և չես ամաչում, արդարացնում ես Հայոց ցեղասպանությունը»․ Արման Աբովյան
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե դու կարդում ես այս տողերը և չես ամաչում… Եթե չես զգում խորագույն ամոթ, եթե զայրույթից ներսդ չի տակնուվրա լինում, եթե հանգիստ հետևում ես, թե ինչպես է գողը, մարդասպանը և սրիկան գովաբանում քեզ այն բանի համար, որ դու դավաճանել ու վաճառել ես մեկուկես միլիոն հայերի արյունը, եթե քեզ համար միևնույն է… ապա իմացիր՝ դու հենց հիմա արդարացնում ես Հայոց ցեղասպանությունը և ինքդ՝ անձամբ, սեփական ձեռքերով, երկրորդ անգամ սպանում ես Դեր Զորի անապատում կացնահարելով ու սովամահ անելով հայ երեխաներին, կանանց ու ծերերին։
Կարդա՛ և հայացքդ մի՛ փախցրու։
«Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ․ Թուրքիայի հետ տարաձայնությունների պատճառ դարձած ձևակերպումը հանվել է։ Ինչպես ես միշտ ասել եմ, պարոն Նիկոլ Փաշինյանը կառուցողական և անկեղծ գործընկեր է ոչ միայն Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում, այլև տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման գործում»,- Սերդար Քըլըչ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ։
Իսկ հիմա հիշիր՝ եթե դու կողմ ես նոր Սահմանադրության ընդունմանը կամ քեզ համար միևնույն է, ապա դու ոչնչով լավը չես նրանցից, ովքեր մի օր գալու են քեզ սպանելու»։
