Սիրիայում վիրավորված 2 հայերից մեկին վիրահատում են.կա զոհ
Փետրվարի 5-ին, զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծվել է Դամասկոսի հին շրջանը՝ այսպիսով խախտվելով լարվածության մեղմացման համաձայնությունը: «Գանձասար»-ը, հղում կատարելով իր ոստիկանական աղբյուրներից մեկին, մանրամասներ է ներկայացնում հրթիռակոծության ժամանակ վիրավորված 2 հայերի դեպքի մասին: Ղութայի արեւելյան շրջանում տեղակայված ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Պապ Թումա շրջանը, որի ժամանակ 1 հրթիռ է ընկել այդ շրջանում ապրող հայ ընտանիքի տան վրա, ուր եղել են տանտերերը՝ Նուրիցա Դեմիրճյան-Օրջյանը եւ նրա եղբայրը՝ Սարգիս Դեմիրճյանը, ինչպես նաեւ Ղազալ անունով տեղացի մի կին, որը խնամում է Նուրիցա Դեմիրճյան-Օրջյանին, վերջինս անկողնային հիվանդ է: Հրթիռի ընկնելու հետեւանքով խնամող կինը տեղում մահացել է, 2 հայերը տեղափոխվել են հիվանդանոց, առավելապես տուժել է քույրը, որին վիրահատում են: Բնակարանն ամբողջությամբ ավերվել է:
