Մասիս համայնքի ՔՊ թեկնածուն մեղադրվում է ընտրակաշառքի խոստում տալու համար, իսկ նրա հայրը՝ կnռուպցիայի մեջ
Մասիս համայնքում դեկտեմբերի 13-ին ավագանու ընտրություններ տեղի կունենան։ Առաջադրվել է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Կառուցող» կուսակցությունների դաշինքը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ընտրացուցակն այս անգամ գլխավորում է անկուսակցական Հովհաննես Հակոբյանը։ Նա ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Մասիսի անձնագրային բաժնի պետն է և Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի որդին։ Այս մասին հայտնել է «Հետք»-ը։
«Սաշա Հակոբյանը Մասիս քաղաքը ղեկավարել է երկար տարիներ, բայց՝ ընդմիջումներով։ Նա 1999թ․-ից Մասիսի քաղաքապետն էր, այնուհետև ընտրվել է 2005թ․-ին՝ որպես ՀՀԿ թեկնածու, 2008թ․-ին պարտվել է ընտրություններում, 2012թ․-ին կրկին առաջադրվել է և հաղթել, պաշտոնավարել է մինչև 2016թ․-ը։
Մասիսի նախկին քաղաքապետի իրականացրած հողերի աճուրդների վերաբերյալ երկու հոդված ենք հրապարակել՝ 2014թ․-ին՝ «Որպեսզի աճուրդը կատարյալ լիներ»և 2015թ․-ին՝ «Մասիսի քաղաքապետի հայտարարած աճուրդում հաղթել են նրա որդին ու եղբայրը»։ Խոսքը ՔՊ-ի թեկնածու Հովհաննես Հակոբյանի մասին է։
«Մասիսի քաղաքապետի որդին՝ Հովհաննես Հակոբյանն, այդ օրը 4 հողակտոր է գնել: Նույն տարվա մեջ հայտարարված մեկ այլ աճուրդով նա եւս 2 լոտ հող է ձեռք բերել: Քաղաքապետի հետ նույն հասցեում բնակվող Կարապետ Հակոբյանը նույնպես գնել է 4 հողակտոր: Եվս 2 լոտ հողատարածք գնել է քաղաքապետի եղբայրը՝ Միշա Հակոբյանը»,- գրել ենք հոդվածում:
Նշենք, որ քաղաքապետը 2014թ. միայն մայիսի 15-ի աճուրդում հողերը վաճառքի էր դրել կադաստրային արժեքի 50%-ով:
Իշխանափոխությունից հետո՝ 2019թ. դեկտեմբերին, Սաշա Հակոբյանի դեմ քրեական գործ է հարուցվել պաշտոնավարման շրջանում առերևույթ հանցավոր չարաշահումների առթիվ։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ 2023թ. մայիսից քրեական գործը քննվում է Հակակոռուպցիոն քրեական դատարանում և դեռևս դատավճիռ չի կայացվել։
Ըստ մեղադրանքի՝ 2007 թ. դեկտեմբերի 27-ին Սաշա Հակոբյանը ավագանու քննարկմանն է ներկայացրել Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող 599,7 քմ մակերեսով «Սիս» ՓԲԸ-ի նախկին վարչական շենքն ու դրանով ծանրաբեռնված 385 քմ մակերեսով հողատարածքը, Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11/1 հասցեում գտնվող 244.5 քմ մակերեսով «Սիս» ՓԲԸ–ի վարչական շենքի պահեստն ու դրանով ծանրաբեռնված 299 քմ մակերեսով հողատարածքը ավագանու անդամ, «Սիս» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Բաղդասարյանին նվիրատվությամբ հատկացնելու համար: Ավագանու նիստի ժամանակ Արմեն Բաղդասարյանին ներկայացրել է որպես սոցիալապես անապահով և ավագանու նույն օրվա որոշումներով շենքերը նվիրատվությամբ հատկացրել են Արմեն Բաղդասարյանին:
Այնուհետև՝ Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող վարչական շենքերն Արմեն Բաղդասարյանի անվամբ հաշվառելու համար՝ 11.02.2008թ․-ին ավագանու քննարկմանն է ներկայացրել նույն հասցեներում գտնվող 385 քմ մակերեսով և 244.5 քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով Արմեն Բաղդասարյանին օտարելու հարցը, որի վերաբերյալ նույն օրը ավագանին որոշում է կայացրել:
15.02.2008թ․-ին հիշյալ գույքերը, որոնց ընդհանուր արժեքը 48.160.000 դրամ է, գրանցվել են Արմեն Բաղդասարյանի անվամբ։ Ընդ որում, 385 քմ մակերեսով հողատարածքի գնման պայմանագրով սահմանված գումարը Սաշա Հակոբյանն է տրամադրել Արմեն Բաղդասարյանին:
Ազատամարտիկների 11/1 հասցեում գտնվող 244.5 քմ մակերեսով «Սիս» ՓԲԸ–ի նախկին վարչական շենքի պահեստն ու դրանով ծանրաբեռնված 299 քմ մակերեսով հողատարածքը, որի ընդհանուր արժեքը 8.960.000 դրամ է, թողել է Արմեն Բաղդասարյանին՝ իրեն աջակցելու համար: Նկարագրված պայմանավորվածության արդյունքում 2008թ․ փետրվարի 28-ին Արմեն Բաղդասարյանը Սաշա Հակոբյանի պահանջով առուվաճառքի պայմանագրով նշված վարչական շենքն ու հողամասը, որի իրական արժեքը կազմել է 39.200.000 դրամ, ընդամենը 1.000.000 դրամով վաճառել է Սաշա Հակոբյանի խորհրդական Ռոբերտ Ղևոնդյանին:
«Իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից խուսափելու, հափշտակված առանձնապես խոշոր չափերի գույքի ծագման աղբյուրն ու պատկանելիությունը թաքցնելու համար Սաշա Հակոբյանը Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող գույքը 2008թ․-ից ձևականորեն թողել է Ռոբերտ Ղևոնդյանի անվամբ մինչև 2017թ․-ի նոյեմբերի 7-ը, երբ արդեն չի հանդիսացել Մասիս քաղաքային համայնքի ղեկավար։ 2017թ․-ի նոյեմբերի 7-ին Սաշա Հակոբյանի հանձնարարությամբ Ռոբերտ Ղևոնդյանը նշված շենքն իր հողամասով հավասարաչափ բաժիններով նվիրատվությամբ օտարել է Սաշա Հակոբյանի որդուն՝ Անդրանիկ Հակոբյանին և Սաշա Հակոբյանի գործընկեր Արմեն Սարգսյանի եղբայր Ալիկ Սարգսյանի դստերը»,– ասվում է մեղադրական եզրակացության մեջ։
Մասիս համայնքի ՔՊ-ական թեկնածու Հովհաննես Հակոբյանի վերաբերյալ նույնպես Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ընտրակաշառք խոստանալու փաստի առթիվ։ 2026թ․-ի հոկտեմբերին համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որտեղ Հովհաննես Հակոբյանը փոքր տղային հեռախոս է խոստանում, ինչը քննադատությունների և նախընտրական կաշառքի վերաբերյալ քննարկումների առիթ էր դարձել։ ՔՊ կուսակցության Մասիսի համայնքապետի թեկնածուն նոյեմբերի 18-ին լրագրողներին հայտնել էր, որ երեխային ընտրակաշառք խոստանալու գործով դեռևս չի հարցաքննվել»,- գրել է լրատվամիջոցը։
