Խնդրահարույց նախագիծ․ ԲԴԽ 10 անդամից միայն մեկի առաջադրման իրավունքն է ստանում ԱԺ ընդդիմությունը
Նիկոլ Փաշինյանի հրապարակած նոր Սահմանադրության նախագծում, ի թիվս բազմաթիվ խնդրահարույց դրույթների, խնդրահարույց են նաև դատական իշխանության, արդարադատության վերաբերյալ մի շարք հոդվածներ։ Նախորդիվ անդրադարձել ենք դատավորների՝ իշխող քաղաքական ուժից կախվածության մեջ դնելու կետին։
Դատական իշխանությանը նվիրված 7-րդ գլխում կան այլ խնդրահարույց լուծումներ ևս։ Մասնավորապես, հոդված 58-ը Բարձրագույն դատական խորհրդի մասին է, որտեղ նշվում է, որ Խորհուրդը կազմված է տասն անդամից, որոնցից հինգը դատավոր անդամներ են, մյուս հինգը` դատավոր չհանդիսացող անդամներ: Խորհրդի անդամներին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդով․․․ Դատավոր չհանդիսացող անդամներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների առաջադրմամբ:
Փաստորեն, դատական իշխանության խնդիրների լուծման համար, «ժողովրդավարության տեսանկյունից», Բարձրագույն դատական խորհրդի 10 անդամից՝ ուշադրություն, ՄԻԱՅՆ ՄԵԿ անդամի առաջադրման իրավունք են ստանում ընդդիմադիր խմբակցությունները։ Այսինքն՝ ոչ թե յուրաքանչյուր խմբակցություն կամ որոշակի համամասնությամբ, այլ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՆԴԱՄ՝ բոլոր ընդդիմադիր խմբակցությունները միասին։
Մեկ այլ խնդիր է Գլխավոր դատախազի, Սահմանադրական դատարանի դատավորների և Մարդու իրավունքների հանձնակատարի ընտրության 3/5-ի պահանջը։ Գործող Սահմանադրությունում նման պահանջի իմաստն այն էր, որ այդ պաշտոնյաները չլինեն մեկ խմբակցության ընտրյալներ։ Նոր տեքստում դա ՎԵՐԱՑՎՈՒՄ Է։ Եթե թեկնածուն չի ընտրվում 3/5-ով, ապա երկրորդ փուլում ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ՊԱՐԶ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ։
Այս դրույթը, կարծում ենք, չի կարող կապ ունենալ ժողովրդավարության հետ։
