Իրանը զգուշացնում է․ հաջորդ պատերազմը կարող է դուրս գալ Մերձավոր Արևելքի սահմաններից
Մերձավոր Արևելքում հաջորդ պատերազմն այլևս զուտ տարածաշրջանային բնույթ չի կրի, քանի որ Իրանի ռազմական պատասխանը կարող է ընդգրկել աշխարհի ցանկացած կետ։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ահմադ Վահիդին։
«Ինչպես հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդը, պատերազմն այլևս չի սահմանափակվի միայն տարածաշրջանով։ Ցանկացած վայրում, որտեղ դրա անհրաժեշտությունը լինի, կարող ենք ականատես լինել ռազմական գործողությունների ընդլայնման»,- ասել է իրանցի հրամանատարը՝ տեղական պետական հեռուստառադիոընկերության փոխանցմամբ։
«Թշնամիները պետք է հասկանան, որ պատերազմն այլևս պարտադիր չէ, որ տարածաշրջանային բնույթ կրի»,- ընդգծել է Վահիդին։
ԻՀՊԿ ղեկավարը հավելել է, որ Իրանի զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը։ Նա նաև ընդգծել է իրանցի զինծառայողների պատրաստակամությունը՝ պաշտպանելու երկիրը, բնակչությանն ու կրոնը։
Ավելի վաղ Իրանի զինված ուժերի հրամանատար Ամիր Խաթամին հայտարարել էր, որ Թեհրանը մտադիր է ավելի խստացնել Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Նրա խոսքով՝ Իրանը կշարունակի այդ գործողությունները այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի ներկայացրած պահանջները։
