Արամ Վարդևանյանը կարևորել է հայ ժողովրդի շահերից բխող հավասարակշռված ու դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու հրամայականը
ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Ողջունելով հյուրերին՝ Արամ Վարդևանյանը ներկայացրել է Հայաստանում իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության իրավիճակը, ժողովրդավարության ճանապարհին առկա մարտահրավերները, անդրադարձել, իր խոսքով, մեր երկրում ընտրովի քրեական հետապնդումների կիրառմանն ու դրա վերաբերյալ ԵԽԽՎ ընդունած զեկույցին։ ԱԺ փոխխոսնակը մտահոգություն է հայտնել նաև անմեղության կանխավարկածի պահպանման վերաբերյալ։
Արամ Վարդևանյանը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացից՝ կարևորելով առանց նախապայմանների փաստաթղթի ստորագրումը և անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների խնդրին։
ԱԺ փոխնախագահը, պատասխանելով հյուրերի հարցերին, անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, ինչպես նաև ՀՀ Կառավարության հրապարակած նոր Սահմանադրության նախագծին։ Նա ընդգծել է արտաքին միջամտությամբ կամ նախապայմանների պարտադրմամբ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու անթույլատրելիությունը։
Արամ Վարդևանյանը կարևորել է հայ ժողովրդի շահերից բխող հավասարակշռված ու դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու հրամայականը։
