Փաշինյանը Սահմանադրության նախագիծն օգտագործում է իր ավտորիտար իշխանությունը հավերժացնելու համար, սա անկախության տարիների ամենախոտան և ամենաանպիտան նախագիծն է. Վարդան Պողոսյան

Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը ոչ միայն լուրջ հետընթաց է ժողովրդավարության և իրավական պետության սկզբունքների տեսանկյունից, այլև իշխանության ավտորիտար կառավարման իրավական հիմքը ձևավորելու փորձ։ Նման տեսակետ ունի սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, ընդծելով, որ նախագծով թուլացվում են մարդու հիմնարար իրավունքների երաշխիքները, սահմանափակվում քաղաքական մրցակցության հնարավորությունները, թուլացվում է հետադարձ ուժի արգելքի սկզբունքը, իսկ դատական համակարգը դրվում է իշխանության վերահսկողության ներքո։

«Սա Հայաստանի Հանրապետության անկախության տարիներին ներկայացված ամենախոտան, ամենաանպիտան Սահմանադրության նախագիծն է։ Ո՛չ իրավաբանական տեխնիկայի, ո՛չ էլ բովանդակության տեսանկյունից այն չի կարող Սահմանադրություն կոչվելու իրավունք ունենալ։ Այն բացարձակ հետընթաց է թե՛ ժողովրդավարության, թե՛ իրավական պետության տեսանկյունից»,- Tert.am-ի հետ զրույցում ասում է սահմանադրագետը։

Պողոսյանի համոզմամբ՝ նախագծի իրական նպատակը պետական կառավարման համակարգի կատարելագործումը չէ, այլ Հայաստանում ձևավորված ավտորիտար համակարգին սահմանադրական օրինականություն հաղորդելը։

«Մենք այսօր ունենք ավտորիտարից տոտալիտարի ձգտող քաղաքական համակարգ, որը հակասում է մեր Սահմանադրությանը։ Հիմա փորձում են այդ իրավիճակը դարձնել դե յուրե իրականություն՝ ստեղծելով մի Սահմանադրություն, որը իշխանության առջև որևէ սահմանափակում չի դնի, և այն կկառավարի սեփական կամքով»,- նշում է նա։

Սահմանադրագետի առաջին մտահոգությունը վերաբերում է նախագծի՝ մարդու իրավունքներին առնչվող երկրորդ գլխին։ Նրա գնահատմամբ՝ այստեղ առկա են ոչ միայն իրավաբանական տեխնիկայի կոպիտ սխալներ, այլև գործող Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար երաշխիքների էական թուլացումներ։

Պողոսյանը մասնավորապես մատնանշում է նախագծի 23-րդ և 24-րդ հոդվածների միջև առկա հակասությունները։ 23-րդ հոդվածը սահմանում է հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման արգելքները, իսկ 24-րդը՝ դրանց սահմանափակման շրջանակը։ Սակայն վերջինիս 9-րդ մասում, որտեղ թվարկված են սահմանափակման ոչ ենթակա իրավունքներն ու արգելքները, բացակայում են մի շարք կարևոր երաշխիքներ։

«23-րդ հոդվածում որպես արգելք ամրագրված է կամայականորեն կյանքից զրկելը։ Բայց 24-րդ հոդվածի 9-րդ մասում, որտեղ թվարկված են բացարձակ իրավունքները, այդ արգելքը ներառված չէ։ Ստացվում է, որ նախագծի տրամաբանությամբ՝ մարդուն կամայականորեն կյանքից զրկելու արգելքը կարող է սահմանափակվել։ Սա պարզապես զավեշտալի հակասություն է»,- ասում է Պողոսյանը։

Նույն խնդիրը, նրա խոսքով, վերաբերում է նաև անձին իր համաձայնությունից անկախ գիտական և բժշկական փորձարկումների, այդ թվում՝ եվգենիկական փորձերի ենթարկելու արգելքներին, որոնք նույնպես պատշաճ կերպով ներառված չեն բացարձակ արգելքների ցանկում։

Սահմանադրագետը մտահոգիչ է համարում նաև այն, որ նախագծով թուլացվում է այն անձանց պաշտպանության երաշխիքը, որոնց արտաքսման կամ այլ պետության հանձնելու դեպքում կարող են սպառնալ խոշտանգումներ, մահապատիժ կամ անմարդկային վերաբերմունք։

«Գործող Սահմանադրությունը նման դեպքերում բացարձակ արգելք է նախատեսում։ Իսկ նախագծում այդ երաշխիքը պատշաճ կերպով պահպանված չէ։ Սա մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից լուրջ հետընթաց է»,- ընդգծում է նա։

Մեկ այլ էական փոփոխություն վերաբերում է քաղաքացիությունից զրկելուն։ Եթե գործող Սահմանադրությունն արգելում է անձին զրկել Հայաստանի Հանրապետության  քաղաքացիությունից, ապա նոր նախագիծը նման հնարավորություն է նախատեսում սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում։

«Ըստ Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար գլխի՝ եթե դու անզգուշաբար ինչ-որ տեղեկություններ ես տվել ինչ-որ մեկին, ընդ որում, պարտադիր չի, որ  լրտեսություն լինի,  արդեն դա հիմք կարող է դառնալ  քաղաքացիությունից զրկելու համար։

Պողոսյանի գնահատմամբ՝ այս ձևակերպումը կարող է լայն մեկնաբանությունների տեղիք տալ և քաղաքացիությունից զրկելու վտանգավոր հնարավորություն ստեղծել։

Նա հետընթաց է համարում նաև ազատությունից զրկելու հիմքերի կարգավորման փոփոխությունը։ Գործող Սահմանադրությունը սահմանում է այդ հիմքերի սպառիչ շրջանակը՝ թույլ չտալով օրենքով նոր հիմքեր ավելացնել։ Նոր նախագծով, սակայն, այդ հարցը թողնվում է օրենսդրի հայեցողությանը։

«Եթե Սահմանադրությունը չի սահմանում ազատությունից զրկելու հիմքերի սպառիչ շրջանակը, ապա օրենքով կարող են նոր հիմքեր նախատեսել՝ ընդլայնելով անձին ազատությունից զրկելու հնարավորությունները»,- ասում է սահմանադրագետը։

Նրա խոսքով՝ նախագծից դուրս են մնացել նաև մեղադրյալի պաշտպանության իրավունքի մի շարք հատուկ երաշխիքներ, որոնք գործող Սահմանադրությամբ ամրագրված էին մանրամասնորեն և համապատասխանում էին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշներին։

Անդրադառնալով Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրությունից հանելու հարցին՝ Վարդան Պողոսյանը նշում է, որ դա, իր գնահատմամբ, ադրբեջանա-թուրքական պահանջ է։ Սակայն, նրա խոսքով, նախագծի վտանգները դրանով չեն սահմանափակվում։

«Ակնհայտ է, որ Անկախության հռչակագրին հղումը հանելը ադրբեջանա-թուրքական պահանջ է, և Նիկոլ Փաշինյանը մեծ հաճույքով դա անում է։ Բայց նոր Սահմանադրության նախագիծն օգտագործում է նաև իր ավտորիտար, տոտալիտար իշխանությունը հավերժացնելու համար՝ ունենալու մի Սահմանադրություն, որը նրան լեգիտիմ հնարավորություն կտա կառավարելու այնպես, ինչպես ինքն այսօր կառավարում է»,- ասում է նա։

Սահմանադրագետի համոզմամբ՝ իշխանության այդ նպատակին են ծառայում նաև ընտրական իրավունքին, քաղաքական մրցակցությանը և կուսակցությունների գործունեությանը վերաբերող փոփոխությունները։

Նա ուշադրություն է հրավիրում քաղաքական ուժերի նկատմամբ սահմանափակումների ընդլայնման և օտարերկրյա ֆինանսավորման հետ կապված դրույթների վրա, որոնք, ըստ նրա, կարող են հիմք դառնալ կուսակցությունների գործունեությունն արգելելու համար։

«Ամեն կերպ փորձում են չեզոքացնել քաղաքական մրցակիցներին։ Փաշինյանը խոստանում էր թույլ չտալ, որ ընդդիմությունը մասնակցի ընտրություններին։ Եթե այս նախագիծը դառնա Սահմանադրություն, նա կունենա այդ քայլի համար այսպես կոչված սահմանադրական հիմք»,- նշում է Պողոսյանը։

Նրա խոսքով՝ մտահոգիչ է նաև այն, որ նախագծի անցումային և եզրափակիչ դրույթներով նոր Սահմանադրության ընդունումից հետո Ազգային ժողովի նոր ընտրություններ անցկացնելու պահանջ նախատեսված չէ։ Փոխարենը՝ նախատեսվում է դատական համակարգի վերակազմավորման գործընթաց։

Սահմանադրագետի ամենալուրջ մտահոգություններից մեկը վերաբերում է նախագծի 85-րդ հոդվածին՝ «Դատավորների վերագնահատմանը»։

Դրույթով նախատեսվում է, որ նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո բոլոր դատավորները, բացառությամբ Սահմանադրական դատարանի դատավորների, կդառնան դատավորի ժամանակավոր պաշտոնակատարներ։ Նրանց հետագա պաշտոնավարումը կախված կլինի հինգ անդամից բաղկացած վերագնահատման հանձնաժողովի որոշումից։

Պողոսյանի խոսքով՝ հանձնաժողովը որոշելու է, թե գործող դատավորներից ովքեր կարող են շարունակել պաշտոնավարել, իսկ ովքեր՝ ոչ։

«Բոլոր դատավորների պաշտոնավարումը կախված է լինելու ՔՊ-ի կողմից նշանակված հինգ անձանց կամքից։ Իրենց քաղաքական իշխանության ընթացքում՝ հինգ տարվա ընթացքում այդ հանձնաժողովը որոշելու է, թե որ դատավորին արժե պահել, իսկ որին՝ հեռացնել»,- ասում է նա։

Թեև նախագիծը գործընթացը հիմնավորում է դատավորների մասնագիտական համապատասխանության, բարեվարքության և շահերի բախման կանոնների պահպանման գնահատմամբ, Պողոսյանի համոզմամբ՝ դրա իրական նպատակը դատական իշխանության նկատմամբ քաղաքական վերահսկողություն հաստատելն է։

Նա ուշադրություն է հրավիրում նաև հանձնաժողովի ձևավորման կարգին. դրա անդամներն ընտրվելու են Ազգային ժողովի ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ, ոչ թե երեք հինգերորդով։

«Սա անթաքույց ցույց է տալիս, որ իրենց համար որևէ զսպաշապիկ, որևէ սահմանափակում գոյություն չունի։ Նրանք ուզում են ունենալ հնարավորություն՝ որոշելու, թե որ դատավորին պահեն, իսկ որին՝ ոչ»,- ընդգծում է սահմանադրագետը։

Նախագծի մեկ այլ մտահոգիչ դրույթ, ըստ Պողոսյանի, վարչապետին զինված ուժերի գլխավոր հրամանատարի կարգավիճակ վերապահելն է՝ անկախ նրանից՝ երկիրը պատերազմի՞, թե՞ խաղաղության մեջ է։

Նա հիշեցնում է, որ գործող Սահմանադրությունը հստակ տարանջատում է խաղաղ և պատերազմական իրավիճակներում զինված ուժերի կառավարման սկզբունքները։ Խաղաղ պայմաններում ռազմական ղեկավարումն իրականացնում է Գլխավոր շտաբի պետը, իսկ պատերազմի ժամանակ վարչապետն է ստանձնում գերագույն գլխավոր հրամանատարի դերը։

«Գործող Սահմանադրության ամբողջ հայեցակարգն այն էր, որ միայն պատերազմական իրավիճակում է անհրաժեշտ, որպեսզի վարչապետը լինի գերագույն գլխավոր հրամանատարը։ Խաղաղ պայմաններում այդ լիազորությունը նախատեսված է Գլխավոր շտաբի պետի համար։ Հիմա Փաշինյանն այդ լիազորությունը վերցնում է իր վրա»,- ասում է նա։

Սահմանադրագետի գնահատմամբ՝ այս փոփոխությունն էլ է տեղավորվում իշխանության կենտրոնացման ընդհանուր տրամաբանության մեջ։

«Եթե այս ոստիկանական պետության ուժերը բավարար չլինեն, նա ցանկանում է ունենալ նաև օրինական լծակներ՝ զինված ուժերը համապատասխան ձևով օգտագործելու համար։ Այստեղ ևս նույն մղումն է՝ ամրապնդել, ցեմենտել և հավերժացնել քաղաքական իշխանությունը»,- եզրափակում է Վարդան Պողոսյանը։ 

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Փաշինյանը Սահմանադրության նախագիծն օգտագործում է իր ավտորիտար իշխանությունը հավերժացնելու համար, սա անկախության տարիների ամենախոտան և ամենաանպիտան նախագիծն է. Վարդան Պողոսյան Ռուսաստանում Նիկոլը «գժական բաներ է անելու, ու․․․» (video) «Կոնկրետ անուննե՛ր տվեք, թե չէ Նիկոլը․․․». թեժ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) «Առըհա․ հրաժարականդ կտա՛ս, նոր կխոսենք․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) Ինձ ուղարկել են սահմանադրության նախագիծը, բայց ՔԿԾ-ից չեն փոխանցել, ասել են՝ արգելված է. Քոչարյան (video) «Ձեր նաչալնիկը ինքն ա»․ ինչ ակնարկեց Ռոբերտ Քոչարյանը դատարանում (video) Իրավիճակը շատ բարդ է․ Ի՞նչ է փորձում Թրամփը կանխել Պուտինի միջոցով․ Երվանդ Բոզոյան (video) Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը Ինչի՞ն ես սպասում, Փաշինյա՛ն․ վաղն էլ հրաժարական տուր ու կտեսնես․․․ ընդդիմադիր պատգամավոր (video) «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Toyota»-ին․ կա վիրավոր ՌԴ-ն հայտնել է 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ «Ռադդ քաշի՛, ովա՞ քեզ բռնել․․․»․ Արամ Սարգսյան (video) «Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան «Սա խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի սպառնալիքի տակ Ալիևի կողմից Հայաստանի նվաճման սահմանադրություն է»․ Վահե Սարգսյան «Նիկոլը լուրջ վտանգի մեջ է․ Մի քանի քայլից կհայտնվի թակարդում» (video) «Ռուսաստանը լավ դաշնակից չէ, բայց ուժեղ թշնամի կարող է դառնալ»․ Ոսկան Սարգսյան ՇՏԱՊ․ «Փաշինյանը փողերի ազդեցության տակ վախենում է, որ կբացահայտվի․ փոխարինող է փնտրում»․ Շահինյան (video) «Անձնագրային ծառայությունը քաղաքացիների ծննդավայրի հարցում անգրագիտություն է դրսևորում»․ Տիգրան Աթանեսյան «Երևանը ռեզին չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի»․ Գևորգ Ստեփանյան «Զիջումների ու սեփական իրավունքներից հրաժարվելու գնով գրված տեքստը չի կարող խաղաղություն բերել»․ Նաիրի Սարգսյան «Դու փու՛ռն ես տալիս․․․ հիմա՞ր եք դուք, հարցիս պատասխանե՛ք՝ հիմա՞ր եք»․ Արման Աբովյան (video) Վիետնամի փողոցային սննդային կետում պայթել է կենցաղային գազօջախ. կան զոhեր և վիրավորներ Yerevan.Today-ին, Hayeli.am-ին դատի տալով՝ Փաշինյանը ցույց է տալիս՝ մեզանից վտանգ է տեսնում․ Սևակ Հակոբյան Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ կանխելու Արցախի հայկական ժառանգության ոչնչացումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am