«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆ
«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ»։ Նման հայտարարությունն արել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ ի պատասխան ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ իրանցիներին «վիրավոր կենդանիների» հետ համեմատող արտահայտության։
Նոյեմբերի 23-ին կայացած շաբաթական ճեպազրույցի ժամանակ Բաղային անդրադարձել է ամերիկացի պաշտոնյաների վիրավորական որակումներին և ներկայացրել Թեհրանի դիրքորոշումը։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Newsmax-ին տված հարցազրույցում Իրանի ղեկավարությանն անվանել էր «անկյուն քշված վիրավոր կենդանիներ»՝ նշելով, որ նման իրավիճակը նրանց կստիպի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
Իրանի ԱԳՆ խոսնակն ընդունել է, որ երկիրը կորուստներ ու վնասներ է կրել, սակայն ընդգծել է, որ դա բնական է պաշտպանվելիս. «Չի կարելի ակնկալել, որ բորենիներից պաշտպանվող առյուծը վերքեր չի ստանա։ Բայց այդ վերքերը միայն ուժեղացնում են նրա մռնչյունը և սրում ճանկերը։ Իրանը սեփական անձը պաշտպանելու է ավելի վճռականորեն»։
Բաղային հավելել է, որ իրական «վիրավոր կենդանիները» նրանք են, ովքեր պատերազմում պարտվել են հին քաղաքակրթությանն ու ժողովրդին, պարտվել են սեփական երկրի ընտրություններում և ձախողել Իրանի տնտեսական շրջափակմանն ուղղված քաղաքականությունը։
