Փոստանջյանը միջազգային կառույցներին կոչ է արել գնահատել Սահմանադրության նախագիծը

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ուղղված միջազգային կառույցներին, դիվանագիտական ներկայացուցչություններին և իրավապաշտպան կազմակերպություններին
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծով դատական իշխանության անկախության, դատավորների անփոփոխելիության և արդար դատաքննության երաշխիքներին սպառնացող վտանգների վերաբերյալ
Հարգելի՛ գործընկերներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և իրավապաշտպան համայնքի անդամներ,
2026 թվականի նոյեմբերի 23-ին հրապարակված Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության նախագծի 85-րդ հոդվածը («Դատավորների վերագնահատումը») լուրջ մտահոգություններ է առաջացնում դատական իշխանության ինստիտուցիոնալ և անհատական անկախության, դատավորների անփոփոխելիության սկզբունքի, ինչպես նաև յուրաքանչյուր անձի՝ անկախ և անաչառ դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի ապահովման տեսանկյունից։

Նախագծի 85-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսվում է, որ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարվա ընթացքում իրականացվելու է գործող դատավորների մեկանգամյա վերագնահատում։ Այդ կարգավորումը տարածվում է Վճռաբեկ դատարանի, վերաքննիչ դատարանների, առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների դատավորների, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի դատավոր չհանդիսացող անդամների նկատմամբ։
Առանձնապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահից գործող դատավորները, անկախ իրենց մասնագիտական գործունեությունից, ծառայողական անցյալից և նշանակման օրինականությունից, շարունակելու են պաշտոնավարել միայն որպես դատավորի ժամանակավոր պաշտոնակատարներ՝ մինչև վերագնահատման արդյունքների հիման վրա դատավորի պաշտոնում նշանակվելը կամ նրանց լիազորությունների դադարեցումը։

Թեև նախագծով նախատեսվում է, որ ժամանակավոր պաշտոնակատարները պահպանում են արդարադատություն իրականացնելու իրենց լիազորությունները, նրանց պաշտոնավարման կարգավիճակի նման համատարած փոփոխությունը լուրջ վտանգ է ստեղծում դատավորների անփոփոխելիության և պաշտոնավարման կայունության երաշխիքների համար։
Այս կարգավորումները խնդրահարույց են մի քանի հիմնարար պատճառներով։
Առաջին՝ դատավորների անփոփոխելիության սկզբունքի վտանգումը։

Օրենքով սահմանված կարգով նշանակված և իրենց պաշտոնը ստանձնած դատավորների համատարած փոխակերպումը ժամանակավոր պաշտոնակատարների նշանակում է նրանց պաշտոնավարման շարունակականությունը նոր գնահատման և վերանշանակման ընթացակարգով պայմանավորել։

Դատավորների անփոփոխելիությունը դատական իշխանության անկախության հիմնարար երաշխիքներից է։ Այն պաշտպանում է ոչ միայն դատավորի անհատական կարգավիճակը, այլև քաղաքացիների՝ արտաքին ազդեցությունից զերծ, անկախ և անաչառ դատարանի կողմից իրենց գործի քննության իրավունքը։

Դատավորի պաշտոնավարման շարունակականությունը չպետք է կախված լինի այնպիսի ընթացակարգերից, որոնք կարող են օգտագործվել նրա նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ճնշում գործադրելու նպատակով։
Երկրորդ՝ դատական իշխանության նկատմամբ քաղաքական ազդեցության վտանգը։

Նախագծի 85-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատավորների վերագնահատումն իրականացնելու է հինգ անդամից բաղկացած հանձնաժողովը, որի բոլոր անդամներն ընտրվելու են Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Հանձնաժողովի երկու անդամներն առաջադրվելու են Հանրապետության նախագահի, երկուսը՝ Մարդու իրավունքների հանձնակատարի, իսկ մեկը՝ Կառավարության կողմից։
Թեև նախագծով ամրագրվում է հանձնաժողովի անկախությունը, դրա բոլոր անդամների ընտրությունը խորհրդարանական մեծամասնության ձայներով լուրջ հարցեր է առաջացնում հանձնաժողովի փաստացի անկախության, քաղաքական ազդեցությունից պաշտպանվածության և դատավորների վերագնահատման գործընթացի անաչառության վերաբերյալ։
Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ նշված հանձնաժողովի եզրակացություններից կարող է կախված լինել գործող դատավորների հետագա պաշտոնավարումը։
Երրորդ՝ արդյունավետ դատական պաշտպանության երաշխիքների սահմանափակումը։
Նախագծի 85-րդ հոդվածի 11-րդ մասով ուղղակիորեն նախատեսվում է, որ դատավորի բարեվարքության վերաբերյալ Դատավորների վերագնահատման հանձնաժողովի եզրակացությունները ենթակա չեն դատական կարգով վերանայման։
Թեև հոդվածի 12-րդ մասով նախատեսվում է դատավորի պաշտոնում չնշանակելու և լիազորությունների դադարեցման որոշումները Սահմանադրական դատարանում բողոքարկելու հնարավորություն, այդ կարգավորումը ինքնին չի վերացնում արդյունավետ դատական պաշտպանության վերաբերյալ մտահոգությունները։

Անհրաժեշտ է գնահատել, թե արդյոք նախատեսված դատական վերահսկողությունը թույլ է տալիս լիարժեքորեն ստուգել վերագնահատման եզրակացության փաստական և իրավական հիմքերը, գնահատման չափանիշների կիրառման օրինականությունը, ընթացակարգի անաչառությունը և դատավորի հիմնարար իրավունքների պահպանումը։
Չորրորդ՝ դատավորների անկախության միջազգային չափանիշների հետ հնարավոր անհամապատասխանությունը։
Հատկանշական է, որ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը և Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինությունը Հայաստանի դատավորների գնահատման համակարգի վերաբերյալ 2024 թվականի հոկտեմբերի 11-12-ին ընդունված համատեղ կարծիքում՝ CDL-AD(2024)031, հատուկ ընդգծել են, որ դատական իշխանության անկախության պահպանումը պետք է առաջնահերթություն լինի դատավորների գնահատման համակարգի ցանկացած բարեփոխման ժամանակ։
Նշված կարծիքում կարևորվել են գնահատում իրականացնող մարմինների անկախությունը, դատավորների մասնագիտական գործունեության գնահատման օբյեկտիվ չափանիշների կիրառումը և գնահատման որոշումների նկատմամբ արտաքին, նախընտրելիորեն՝ դատական բողոքարկման հնարավորության ապահովումը։

Ավելին, Վենետիկի հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ 2020 թվականի հունիսի 19-ի CDL-AD(2020)016 կարծիքում, անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետներին առնչվող սահմանադրական փոփոխություններին, կարևորել է դատավորների պաշտոնավարման կայունության և անկախության երաշխիքների պահպանումը, ինչպես նաև համապատասխան անցումային կարգավորումների անհրաժեշտությունը։
Այս չափանիշները հատկապես կարևոր են այն դեպքում, երբ առաջարկվող սահմանադրական փոփոխությունները միաժամանակ տարածվում են ամբողջ գործող դատական համակարգի նկատմամբ։

Դատական համակարգի բարեփոխումների, դատավորների հաշվետվողականության բարձրացման և դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ամրապնդման նպատակները կարող են իրավաչափ լինել։ Սակայն այդ նպատակներին հասնելու միջոցները պետք է համապատասխանեն իրավական որոշակիության, համաչափության, դատավորների անփոփոխելիության և իշխանությունների բաժանման սկզբունքներին։

Դատական իշխանության նկատմամբ վստահությունը չի կարող ամրապնդվել այնպիսի միջոցներով, որոնք միաժամանակ վտանգում են հենց այդ իշխանության անկախության հիմնարար երաշխիքները։

Վերոնշյալի հիման վրա կոչ ենք անում միջազգային կառույցներին, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդին, Վենետիկի հանձնաժողովին, ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին, այդ թվում՝ դատավորների և փաստաբանների անկախության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին՝
1. Անհապաղ ուշադրության արժանացնել Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության նախագծի 85-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները և դրանց հնարավոր հետևանքները դատական իշխանության անկախության համար։
2. Իրականացնել նախագծի համապարփակ իրավական գնահատում՝ դատավորների անփոփոխելիության, պաշտոնավարման կայունության, իշխանությունների բաժանման և արդար դատաքննության միջազգային չափանիշների լույսի ներքո։
3. Հատուկ ուշադրություն դարձնել գործող դատավորների ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակի համատարած փոխակերպման, վերագնահատման հանձնաժողովի կազմավորման և նրա որոշումների նկատմամբ արդյունավետ դատական վերահսկողության հարցերին։
4. Հանդես գալ հստակ մասնագիտական դիրքորոշմամբ և առաջարկություններով՝ բացառելու դատավորների կարգավիճակի կամայական կամ քաղաքականապես պայմանավորված փոփոխման, նրանց նկատմամբ ճնշման կամ պաշտոնից անհիմն հեռացման հնարավորությունները։
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության իշխանություններին վերանայել նախագծի խնդրահարույց դրույթները՝ նախքան դրանց ընդունումը, ինչպես նաև ապահովել համապատասխան կարգավորումների միջազգային փորձագիտական գնահատումը և շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ դատական իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ իրական խորհրդակցություններ։
Համոզված ենք, որ դատական իշխանության անկախությունը միայն դատավորների մասնագիտական երաշխիքը չէ։ Այն յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքն է և ժողովրդավարական, իրավական պետության գոյության անհրաժեշտ պայմանը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արդար դատաքննության իրավունքը, իրավունքի գերակայությունը և ժողովրդավարական ինստիտուտների կայունությունը պահանջում են իրական, արդյունավետ և քաղաքական ազդեցությունից պաշտպանված դատական անկախություն։

Դատական բարեփոխումները պետք է ամրապնդեն, այլ ոչ թե թուլացնեն արդարադատության անկախության սահմանադրական երաշխիքները։

Հարգանքով՝
Զարուհի Փոստանջյան
Փաստաբան, իրավապաշտպան
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար
23 նոյեմբերի 2026 թվական»։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Փոստանջյանը միջազգային կառույցներին կոչ է արել գնահատել Սահմանադրության նախագիծը Անկախ ճնշումներից՝ թույլ չենք տա, որ արտաքին պարտադրանքով թելադրված այս նախագիծն ընդունվի Ֆրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տուն Դատարանը մերժել է համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումը չեղարկելու հայցը Դրանով իսկ ապացուցեց, որ նա բանակցում է Ալիևի հետ սահմանադրության շուրջ «Սպանության սպառնալիքներ եմ ստացել». Վուչիչ «Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ». Դերենիկ Մալխասյան Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. պահանջում է հերքել զրպարտությունը. Sputnik «Բայրամովին դուք չեք պատասխանի, ես կպատասխանեմ»․ Արեգա Հովսեփյան «Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ.». Իշխան Սաղաթելյան Ժամը 22։30-ից տեղի կունենան որոշ ուղեգծերի փոփոխություններ «Սա ցուցադրական ակտ է»․ Հակոբ Բադալյան Ո՛չ ալիևյան սահմանադրությանը․․․ Այո՛ անկախ Հայաստանին․ Սամվել Կարապետյան Թրամփն արդարացրել է Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ հայկական հետքն ամրագրվել է Կահիրեի 47-րդ կնոփառատոնում «Հերթական հանձնարարականն է վռազում կատարել»․ Մարգարիտ Եսայան 7 դեսպան հետ են կանչվել պաշտոններից՝ նախագահի հրամանագրերով 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Վրաերթի ենթարկված կինը օրեր անց մահացել է Ընդդիմության առաջնորդները կալանավորված են. ո՞վ է անցկացնելու այդ ընտրությունները. Տիգրան Քոչարյան США и Китай самоустраняются из российско-европейского конфликта Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից. «Փաստինֆո» Երկու օր երթևեկության համար փակ է լինելու Արին Բերդում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք Ազատվել են պաշտոնից
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am