«Սա ցուցադրական ակտ է»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Այսօր ազդարարվել է Թրամփի ուղի նախագծի մեկնարկը։ Սա, կարծում եմ, առավելապես ցուցադրական ակտ է, որը հատկանշականորեն զուգորդվել է նոր Սահմանադրության նախագծի մատուցմանը։ Այդպես տպավորությունը հանրային ենթագիտակցության համար կլինի ավելի շոշափելի։
Իհարկե, վստահաբար ոչ թե Թրամփի ուղու մեկնարկն են համապատասխանեցրել Սահմանադրության նախագծի մատուցմանը, այլ Սահմանադրության նախագիծը կայքում «կախելու» օրն են համապատասխանեցրել Թրամփի ուղու մեկնարկի մասին ազդարարելու օրվան։ Հիշո՞ւմ եք, շաբաթներ առաջ արդարադատության նախարար Գալյանն ասել էր, որ կներկայացնեն մինչև նոյեմբերի կես՝ 15–16։ Բայց փաստորեն եղավ մեկ շաբաթ ուշ, որովհետև կար հենց համապատասխանեցնելու և ավելի մեծ քարոզչական էֆեկտով ներկայացնելու հարց։
Իսկ Թրամփի ուղու մեկնարկի առումով ըստ ամենայնի ժամկետի էականությունը պետք է չափել նոյեմբերի 19–ի եռակողմ շենչժենյան գագաթնաժողովից։ Մեկնարկը թերևս միտված է խորհրդանշել գագաթնաժողովի որոշակի արդյունավետություն, եթե հաշվի առնենք այն, որ Թրամփի ուղին գործնականում խաղից դուրս թողնում է Եվրոմիությանը, ինչի պատճառով էլ օրեր առաջ ռեգիոն էր աճապարել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Վադեֆուլը, որն այցելել է Բաքու և Երևան։
Ի դեպ հատկանշական է, որ նրա այցից հետո ռեգիոն են ժամանում ամերիկյան էմիսարներ։ Հայաստանում է Թրամփի հատուկ բանագնաց Ուիտկոֆֆի խորհրդական Արյե Լայթսթոունը, որը հենց սկզբից եղել է Թրամփի ուղու հարցում բանակցողը, իսկ Ադրբեջան էր մեկնել ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մալինը»։
