Քննարկում չի՛ լինելու․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա ուղերձին (video)
Հրապարակվեց Սահմանադրության նախագիծը և այն, ինչի մասին խոսում էինք, իրականությանը համապատասխանում է, նախաբանից հանվել է անկախության հռչակագրին հղումը, ինչն անկասկած, Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի պահանջն է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Բացի անկախության հռչակագրին հղումից, նախաբանից մի շարք այլ դրույթներ են հանվել, օրինակ՝ քաղաքացիական համերաշխության մասին դրույթը։ Հայ ժողովրդի փոխարեն նոր նախագծում ՀՀ ժողովուրդ է նշվում, սա վկայում է նրա մասին, որ այս իշխանությունները խնդիր ունեն հայ ժողովրդի հետ»,-ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ դեռևս ուսումնասիրում են նախագիծը, բայց արդեն կարող են պնդել, որ այն բացի ալիևյան սահմանադրություն լինելուց նաև ոչ ժողովրդավար և բռնապետական պետության միտում պարունակող սահմանադրություն է։
«Մենք, ինչպես որ պաշտպանել էինք և պաշտպանում ենք Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, այնպես էլ պաշտպանելու ենք ՀՀ մայր օրենքը՝ Սահմանադրությունը»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
