Սիրուն չի, Տիկին Գալյան․․․ ազնիվ չէ, բոլորովին ազնիվ չէ․․․
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․
«ՍԻՐՈՒՆ ՉԻ, ՏԻԿԻՆ ԳԱԼՅԱՆ
Աչքովս ընկավ Սրբուհի Գալյանի Հ1– տաղավարում զրույցը, ուր Արդարադատության նախարարը հայտարարում է, թե քրեակատարողական հիմնարկներ մեր այցելությունները պայմանավորված են կոնկրետ անձանց ճակատագրով /նկատի ունի քաղաքական բանտարկյալներին/։
Ցավում եմ, որովհետև նախարարուհին ճիշտ չի խոսում։ Սիրուն չի, Տիկին Գալյան, նաև՝ ազնիվ չէ, բոլորովին ազնիվ չէ․․․
Այո, քաղբանտարկյալները մեր առաջնորդներն են, մեր գաղափարական ընկերները, և անբարոյական կլիներ նրանց ճակատագրի և նրանց նկատմամբ իրականացվող հաշվեհարդարների նկատմամբ անտարբերությունը։
Բայց մեր ուշադրության կենրոնում նաև ՔԿՀ–ներում տառապող մեր հարյուրավոր քաղաքացիներն են, ընդորում, այն իրողությունը, որ անազատության մեջ գտնվող շուրջ 3276 անձանց 48 տոկոսը կալանավորներ են, որոնք տարիներով դատավճռի են սպասում։
Երկու–երեք շաբաթ առաջ, իմ՝ որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի, նախաձեռնությամբ, նաև իշխանական պատգամավորների, դիտորդ հանձնաժողովի ներգրավմամբ, այցելել ենք մի շարք քրեակատարողական հիմնարկներ/ Աբովյան, Արմավիր, Սևան, Նուբարաշեն, Կենտրոն/ հանդիպել ենք անազատության մեջ գտնվող հարյուրավոր քաղաքացիների։ Լսել եմ նրանց խնդիրների մասին, հորդորել եմ անկաշկանդ բարձրաձայնել իրենց իրավունքներին՝ պահպանման պայմաններին կամ առողջությանը վերաբերող խնդիրներ։
Մեր այցին հաջորդել են Տիկին Ս․ Գալյանին և Ա․ Ավանեսյանին, Ա․ Թորոսյանին ուղղված մի շարք նամակներ, որոնք առնչվում են անազատության մեջ գտնվող սովորական/ոչ քաղաքական անձանց/, նաև օտարերկրյա քաղաքացիների խնդիրներին։
Սիրուն չի, Տիկին Գալյան․․․, մանավանդ որ, լավ գիտեք, որ ՔԿՀ–ներ այցելել ենք նաև նախորդ ժամանակաշրջանում։ Պարզապես ուրիշների ցավը, ողբերգությունը կամ ճակատագրական սայթակումը PR -ի առարկա չենք դարձրել։
Դուք ստիպում եք հանրայնացրել ձեզ ուղղված նամակները, որոնք վերաբերում են Արմավիրում, Սևանում, Նուբարաշենում և Աբովյանում անազատության մեջ գտնվող անձանց»։
