«Այս ժողովուրդը ցնդել է՝ խոսում է թանկացումներից, բայց թանկացումներ չկան». ինչ է մտածում իշխանությունը
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն այսօր «Ելք»-ի հրավիրած հանրահավաք-երթին ներկայացրեց իր տպավորությունները թանկացումների թեմայով հրավիրված ԱԺ լսումներից: Նա նշեց, որ նրանք Աժ ամբիոնից ցինիզմի մակարդակի պատասխաններ են տվել: Մասնավորապես, ֆինանսների նախարարը նշել է, որ եթե 2011 թվականին 7-8 տոկոս գնաճից մարդ չի մահացել, ապա այսօրվա 2-3 տոկոս գաճից էլ չի մահանա: «Ես այդ լսումներին երբ նստած էի, մտածում էի, որ հիմա կբերեն հանրապետության գլխավոր հոգեբույժին, որը տեղեկանք կներկայացնի այն մասին, որ այս ժողովուրդը ցնդել է՝ խոսում է թանկացումներից, բայց թանկացումներ չկան»,-ասաց նա: Միրզոյանը ցիտեց նաև Կենտրոնական բանկի նախագահի այն խոսքերը, թե գիտնականները պարզել են, որ կարագը օգտակար է, դրա համար էլ գինը բարձրացել է: Այնուհետև կոչ արեց բոլորին՝ միանալ իրենց հանրահավաք-երթին. «Կեցցե՛ այն Հայաստանը, որը մենք ենք սարքելու, հաստատ, անպայման սարքելու ենք»։
