Ուկրաինայի համար անվտանգության ամենահստակ երաշխիքը ՆԱՏՕ-ին անդամակցությունն է. Զելենսկի
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող էր դառնալ երկրի անվտանգության ամենահուսալի երաշխիքը, սակայն անդամակցության հեռանկարը կախված կլինի պատերազմի ավարտի ժամկետներից և պայմաններից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն։
Նշվում է, որ Զելենսկին հավելել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը բարձրացվել է «Պատրաստակամների կոալիցիայի» հանդիպման ժամանակ, այդ թվում՝ Ֆրանսիայի և մյուս դաշնակիցների կողմից։ Կիևն այս թեման քննարկում է նաև ԱՄՆ-ի հետ, սակայն կոնկրետ որոշումներ առայժմ չկան։
Նա, մասնավորապես, նշել է. «Ուկրաինայի համար անվտանգության ամենահստակ երաշխիքը ՆԱՏՕ-ին անդամակցությունն է։ Իսկ ՆԱՏՕ-ի ամրապնդման ամենակարևոր քայլը Ուկրաինային ընդունելն ու դաշնակիցների շարքերում ուկրաինականի նման բանակ ունենալն է։ Սա բավարարում է երկու կողմերին էլ»:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը թույլ կտար Ուկրաինային ավելի քիչ ծախսերով ապահովել իր անվտանգությունը։ Հակառակ դեպքում երկիրը ստիպված կլինի ինքնուրույն պահել մեծաքանակ բանակ, այն ապահովել հրթիռներով, հրետանիով ու ավիացիայով, ինչպես նաև զարգացնել օդային տարածքի պաշտպանության հնարավորությունները։
«Դեռ վաղ է ասել՝ կլինե՞նք ՆԱՏՕ-ում, թե՞ ոչ, քանի որ ամեն ինչ կախված է նրանից, թե երբ և ինչպես կավարտվի այս պատերազմը»,-ասել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտնել էր, որ բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմը բարձրացրել է Կիևի վերահսկողության տակ գտնվող Դոնբասի հատվածից ուկրաինական զորքերի հնարավոր դուրսբերման հարցը՝ ՆԱՏՕ-ին անդամակցության դիմաց։
Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, սակայն, կասկածներ է հայտնել բանակցությունների միջոցով պատերազմն ավարտելու և մոտ ապագայում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարների վերաբերյալ։
