Պայքար 6 ձայնի համար. ըստ Կարապետ Պողոսյանի՝ քրեաիրավական համակարգը ներգրավված է ընդդիմության դեմ կոմպրոմատներ հավաքելու գործում
Այն, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը դիմում է առաջարկով և փորձում է ստանալ սահմանադրական հանրաքվեի համար անհրաժեշտ 6 ձայնը, վկայում է այն մասին, որ նա փորձել է իրեն բնորոշ տարբերակներով՝ կոմպրոմատների տրցակը գործի դնելով, ստանալ իրեն պակասող ձայները։ Վստահաբար, քրեաիրավական ողջ համակարգը հիմա ներգրավված է ընդդիմադիրների վրա իրենց բնորոշ ոճով կոմպրոմատներ հավաքելու գործին։ Չեմ բացառում, որ գուցե բավարար հաջողություն չի ունեցել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։
«Միաժամանակ, չեմ բացառում, որ գուցե 1-2 ձայն կարողացել է պոկել, բայց դա բավարար չէ, ու ինքն անցել է «համոզելու» այս տարբերակին։ Նա տարբեր ձևերով փորձում է ընդդիմադիր պատգամավորների վրա ճնշումներ գործադրել, մանիպուլյացիաներով ստանալ էլի ձայներ, որպեսզի այդ 1-2-ի փախուստը կամ դավաճանությունն արդարացնի։ Դրա համար էլ հիմա նման խոսույթ է կիրառում, որ, օրինակ, Գեղամ Նազարյանի նման ինչ-որ մեկը ելնի՝ ասի, թե իրեն լսեցի, հավատացի։ Այսինքն՝ ոչինչ չարժե բացառել, որովհետև մենք գիտենք՝ մեր դիմաց ով է կանգնած, ում ներկայացուցիչն է, ինչի է ձգտում, որ պետությունների շահերն է պաշտպանում։ Հետևաբար, մեր խնդիրն ավելի շատ պետք է լինի ոչ թե նրա խարդավանքները բացահայտելը, որովհետև մի խարդավանքը բացահայտելուց հետո նա մյուսին է անցնելու, այլ ավելի շատ պետք է կարողանանք աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր պատգամավորներին, ինչ-որ տեղ նեցուկ լինել նրանց, որ որևէ դեպքում թույլ չտանք, որ ոչ թե 6, այլ անգամ 1-ը Փաշինյանի նենգ ծրագրի սատարողը դառնա»։
Ակնհայտորեն, դաշինքների ու կուսակցությունների ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդումները, սկսված պրոցեսները՝ բոլորը միտված են այդ 6 ձայնն ունենալուն։
«Որևէ այլ պատճառ միանշանակ չարժե փնտրել, քանի որ ընտրություններն այլևս անցել են, այլ քաղաքական օրակարգ չկա, հիմա իրեն պետք է ստանալ պակասող այդ 6 ձայները։ Եվ հիմա ինչ անում է՝ անում է հանուն այդ 6 ձայնի գողության։ Բայց հուսով եմ՝ մեր հասարակությունը և ընդդիմադիր դաշտը միասնական կերպով կանգնեն, և կունենանք հակառակ պրոցեսը։ Այսինքն՝ ոչ թե Փաշինյանը կկարողանա ընդդիմությունից ձայներ գողանալ սահմանադրական հանրաքվեի համար, այլ ընդդիմությունը ՔՊ-ից ձայներ կստանա և հնարավորություն կունենա գնալ իմպիչմենտի»,- ընդգծեց Պողոսյանը։
