Փարիզում «Ազգային միավորում» կուսակցության կենտրոնակայանում խուզարկություն է անցկացվել
Փարիզում ֆրանսիական աջակողմյան «Ազգային միավորում» (RN) կուսակցության կենտրոնակայանում խուզարկություն է անցկացվել Ֆրանսիայի ՆԳՆ-ից գաղտնի տեղեկությունների հնարավոր արտահոսքի գործով քննության շրջանակում։ Ենթադրվում է, որ այդ տեղեկությունները կարող էին փոխանցվել կուսակցության ներկայացուցիչներին, հայտնում են ԶԼՄ-ները։
«Ազգային միավորում» կուսակցության առանցքային դեմքը նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենն է։ Նա մտադիր է մասնակցել 2027 թվականի նախագահական ընտրություններին և, հարցումների համաձայն, առաջ է անցնում մյուս բոլոր թեկնածուներից։
«Երկուշաբթի՝ նոյեմբերի 9-ին, Փարիզում «Ազգային միավորում» կուսակցության կենտրոնակայանում խուզարկություն է անցկացվել այս տարվա հուլիսի 27-ին Փարիզի դատախազության նախաձեռնած դատական քննության շրջանակում», — նշվել է հրապարակման մեջ։
Քննությունը վերաբերում է «մասնագիտական գաղտնիքի խախտման», «նախաքննական գաղտնիքի հրապարակման և այդ իրավախախտումները թաքցնելու» փաստերին։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ կասկածներն ընկել են Ֆրանսիայի ՆԳՆ-ում աշխատած մի անձի վրա։ Ենթադրվում է, որ նա գաղտնի տեղեկություններ է փոխանցել կուսակցությանը՝ այդ ընթացքում շարունակելով զբաղեցնել իր պաշտոնը։ Ըստ քննությանը մոտ կանգնած աղբյուրի՝ խոսքը Հյուգ Մուտուի մասին է, որը ներկայում Լուարե դեպարտամենտի պրեֆեկտն է։
Բացի այդ, ինչպես հայտնել է հեռուստաալիքը, քննիչներին զարմացրել է խուզարկության պահին RN-ի կենտրոնակայանում Փարիզի դատախազի տեղակալի ներկայությունը։ Ինչպես պարզվել է, նա կուսակցության գրասենյակում գտնվել է մասնավոր այցով և, իր խոսքով, այնտեղ էր մտել ընդամենը սուրճ խմելու։ Խուզարկության վայրում նրա հայտնվելու հանգամանքները հայտնի են դարձել քննության ընթացքին ծանոթ աղբյուրից։ Փարիզի դատախազությունում հայտնել են, որ նրա այցը գործի հետ առնչություն չունի։
Հոկտեմբերի վերջին իրավապահները խուզարկություններ են անցկացրել աջակողմյան հայացքներ ունեցող եվրապատգամավորների գրասենյակներում՝ Եվրախորհրդարանում նախկինում գործող «Ինքնություն և ժողովրդավարություն» (ID) խմբի նկատմամբ քննության շրջանակում։ Այդ խմբի կազմում էր նաև «Ազգային միավորում» կուսակցությունը։ Խուզարկությունները կապված էին ID-ի կողմից Եվրամիության միջոցների ենթադրյալ ապօրինի օգտագործման գործով քննության հետ։
