Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ իրավիճակը լարվել է. նիստը կես ժամով հետաձգվել է
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը դեռ չմեկնարկած՝ կես ժամով հետաձգվել է։ Պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդել է ընդմիջում հայտարարել, որպեսզի կարողանա մասնակցել մեկ այլ անհետաձգելի դատական նիստի:
Դատարանում լարվածություն է առաջացել, երբ դատավոր Սարգիս Պետրոսյանը հայտարարել է, որ Օրբելյանի չվերադառնալու դեպքում նրա բացակայությունը կհամարվի անհարգելի։ Դատավորը նաև զգուշացրել է, որ նման երկու բացակայության դեպքում պաշտպանը կհեռացվի վարույթից։
Հիշեցնենք, որ 2018-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք էր ներկայացվել սահմանադրական կարգը տապալելու համար, սակայն ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել նրան վերագրված հոդվածը: Դրանից հետո «Մարտի 1»-ի գործով անցնող անձանց, այդ թվում՝ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, ապա 2024-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել, որ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքը հնարավոր էր վերաորակել: Դրանից հետո գործն ուղարկվել էր Հակակոռուպցիոն դատարան ու նորից է քննվում:
