Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ
Ուրբաթ վաղ առավոտյան Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Կիևին, ինչպես նաև Ուկրաինայի այլ քաղաքներին ու շրջաններին։ Կիևի քաղաքապետի խոսքով՝ Դնեպր գետի վրայով անցնող երեք կամուրջ է վնասվել։ Այս մասին գրում է BBCnews-ը։
«Մայրաքաղաքի ուղղությամբ բալիստիկ հարվածի հետևանքով վնասվել է Պոդոլսկո-Վոսկրեսենսկի կամուրջը։ Այս պահին կամրջով աջ ափից ձախ ափ երթևեկությունն արգելված է»,- սոցիալական ցանցերում հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Նրա խոսքով՝ վնասվել է նաև Դարնիցկի կամուրջը, իսկ Հարավային կամրջին նոր հարված է հասցվել։ Հարված է գրանցվել նաև մեկ այլ՝ կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտի ուղղությամբ։
Կլիչկոյի տեղեկացմամբ՝ Հարավային կամրջով երթևեկությունը շարունակվում է սահմանափակ ռեժիմով՝ միայն ձախ ափից դեպի աջ ափ և մեքենաների քաշի սահմանափակումներով։
Միևնույն ժամանակ, հրթիռային հարձակումը շարունակվում է։ Մոնիթորինգային ալիքների հաղորդմամբ՝ Սև ծովից արձակված թևավոր հրթիռներն ուղղվում են դեպի Ուկրաինայի արևմտյան շրջաններ։ Երկրի արևելքից և հյուսիսից օդային տարածք են մուտք գործել ռազմավարական ռմբակոծիչներից արձակված թևավոր հրթիռներ։ Շարունակվում են նաև Կիևի ուղղությամբ բալիստիկ հրթիռների արձակումները։
