Գողության հերթական դեպքերը Երևանում
Նոյեմբերի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ժամը 05:00-ի սահմաններում իրենց ծառայողական ավտոմեքենայի լուսային փարոսիկներն անջատած վիճակում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ Սեբաստիա 28 հասցեի մոտ մի քաղաքացի փորձում է վճարային տերմինալը գողանալ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարեկները մոտենում են նշված անձնավորությանը, ով պարզվում է՝ արդեն կտրելու եղանակով բացել էր վճարային տերմինալը, սակայն նկատելով պարեկներին, դիմում է փախուստի։
Պարեկները, հետապնդելով նրան, կարողանում են վնասազերծել, ապա գողություն կատարելու կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին։
Պարզվել է, որ բերման ենթարկվածը Երևանի բնակիչ 21-ամյա Մեսրոպ Հ․-ն է, ում մոտ արդեն ոստիկանությունում հայտնաբերվում է էլեկտրական հղկման սարք՝ իր մարտկոցով, լիցքավորման սարք, հղկման սկավառակ և երկաթե ձող (կլյուչ)։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տերմինալում եղել է մոտ մի քանի միլիոն դրամ։
Նոյեմբերի 14-ի գիշերը՝ ժամը 3․30-ի սահմաններում, փոստային ծառայություններ մատուցող ընկերությունից ստացվել է ահազանգ, որ Շիրակի փողոցում գտնվող մասնաճյուղից հենց նոր գողություն է կատարվել։
Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ինչպես նաև ծառայություն իրականացնող պարեկներին։ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկներն էլ, արագ հասնելով դեպքի վայր, նկատել են «ՎԱԶ-2121» մակնիշի մի մեքենա, որի վարորդը դիմել է փախուստի։
Հետապնդման ընթացքում Հովհաննիսյան փողոցում ուղևորը մետաղադրամներ, դիմակ ու ձեռնոցներ է նետել մեքենայից։ Մտնելով փակուղի՝ «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան, խփվելով կայանված մեքենաների, կանգ է առել, իսկ վարորդն ու ուղևորը փախուստի են դիմել։ Փախուստը կանխվել է, և երկուսն էլ ձերբակալվել ու տեղափոխվել են Շենգավիթի բաժին։
Պարզվել է, որ նրանք վնասել են մասնաճյուղի դուռը, մտել ներս և գողացել զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի վնաս։
Շինարարների փողոցի բնակիչ 25-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է բժշկական դիմակ, այլ պարագաներ, նաև՝ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Նա և Նուբարաշենի բնակիչ 34-ամյա ընկերը կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել են նախաքննական մարմին։
Երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։
