«Ո՞ւմ են ուղղված Փաշինյան Նիկոլի «հեղափոխություն անելու» կոչերը»․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարո՞ղ էին արդյոք Տրոցկին, Կամենևը, Զինովևը կամ Բուխարինը Ստալինի իշխանության օրոք հեղափոխություն իրականացնել: Չէին կարող: Ավելին` Ստալինի օրոք հեղափոխություն չէր կարող կազմապերպել և իրականացնել անգամ Լենինը: Ինչո՞ւ: Որովհետև նրանք չեզոքացված էին` կալանավորված էին, փախուստի մեջ էին, ֆիզիկապես ոչնչացված կամ միայնացված և մեկուսացված էին: Եվ եթե Ստալինը վերջիններիս հեղափոխություն անելու կոչ աներ, ապա «սատկած հավի ծիծաղը» կգար:
Վերջերս Փաշինյան Նիկոլն «հեղափոխություն անելու» անհասցե կոչեր է հնչեցնում: Ո՞ւմ են դրանք ուղղված: Քոչարյան Ռոբերտի՞ն, Կարապետյան Սամվելի՞ն, Ծառուկյան Գագիկի՞ն, Սարգսյան Սերժի՞ն, Տեր-Պետրոսյան Լևոնի՞ն, վերջիններիս թիմակիցների՞ն: Նախ` նրանք կալանավորված, չեզոքացված, միայնացված և մեկուսացված են: Բացի դրանից` բացառությամբ Տեր-Պետրոսյան Լևոնի, վերջիններս հեղափոխություն կազմակերպելու և իրականացնելու ընդունակություն և խարիզմա չունեն:
Հարցը կարելի է ձևակերպել այլ կերպ. արդյո՞ք գտնվելով բանտում նույն Փաշինյան Նիկոլը կարող էր հեղափոխություն իրականացնել: Աներկբա` չէր կարող: Եթե կարողանար, ապա ժամանակին հաստատ կիրականացներ: Այդ դեպքում, ո՞ւմ են ուղղված «հեղափոխություն անելու» Փաշինյան Նիկոլի կոչերը:
Այս իմաստով, կա մի քանի վարկած: Նախ` մեծ է հավանականությունը, որ Փաշինյան Նիկոլը սկսել է արհամարհական և ծաղրական վերաբերմունք ցուցաբերել պայմանական ընդդիմադիրների նկատմամբ: Եթե այդպես է, ապա շնորհավորում եմ, քանզի Հայաստանը սկսել է «համտեսել» տոտալիտարիզմի առաջին բերքի պտուղները:
Մյուս կողմից` վերջերս Փաշինյան Նիկոլն անընդհատ խոսում է նոր ընդդիմության ստեղծման անհրաժեշռության մասին: Ավելին` եկեք հիշենք վերջին ժամանակաշրջանում Գրիգորյան Արմենի, Հակոբյան Աննայի և ՔՊ-ամերձ ուժերի գործունեությունը: Առերևույթ տպավորություն է ստեղծվում, որ «նոր ընդդիմության» ստեղծման գործընթացն ընթանում է մեծ թափով: Իսկ, միգուցե «հեղափոխություն անելու» Փաշինյան Նիկոլի կոչերն ուղղված են «նոր ընդդիմությանը» կամ վերջինիս հովանավորների՞ն:
Ի դեպ, հաշվի առնելով Փաշինյան Նիկոլի անձնական հատկանիշները, մեծ է հավանականությունը, որ երկու վարկածներն էլ ողջամիտ են:
