Փաշինյանը սահմանադրական «պուտչ» է նախապատրաստում. Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է․
«Փաշինյանը սահմանադրական «պուտչ» է նախապատրաստում
«Ինչ կխոսեն, ինչ բանավեճեր կլինի, իմ համոզմունքն է, որ հանրաքվեի արդյունքներով ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը գնալու է և կողմ է քվեարկելու նոր սահմանադրությանը»,- այսօր խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Այս հայտարարությունն, ըստ էության, վկայում է սահմանադրական «պուտչ» նախապատրաստելու մտադրության մասին, քանի որ Փաշինյանը հայտնի օրակարգով սահմանադրական հանրաքվե նախաձեռնելու քաղաքական մանդատ չունի։
Սա ոչ թե կամայական ընդդիմադիր մեկնաբանություն է, այլ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից բխող քաղաքական արձանագրում։
Հիշեցնեմ, որ ողջ ընտրարշավի ընթացքում Փաշինյանը շանտաժի էր ենթարկում հասարակությանը՝ սպառնալով պատերազմով այն դեպքում, եթե ՔՊ-ն խորհրդարանում չստանար 2/3 մեծամասնություն, որն անհրաժեշտ էր սահմանադրական հանրաքվե նախաձեռնելու համար։ Հասարակությունը նրան այդ մանդատը չտվեց։
Ստեղծված իրավիճակում քաղաքական տրամաբանությունը Փաշինյանին երկու ճանապարհ է առաջարկում՝ հրաժարվել նոր Սահմանադրության գաղափարից, որն արտացոլում է ադրբեջանական կողմի պահանջները, կամ գնալ խորհրդարանական արտահերթ ընտրությունների՝ հասարակությունից հայցելով համապատասխան մանդատ։ Սակայն երկու տարբերակներն էլ նրա համար հղի են իշխանության կորստի վտանգով։
Այս պայմաններում Փաշինյանն, ըստ ամենայնի, ընտրել է երրորդ՝ ռեպրեսիաների ճանապարհը՝ հույս ունենալով ընդդիմությունից կորզել սահմանադրական հանրաքվե նախաձեռնելու համար անհրաժեշտ վեց մանդատը։ Սակայն հասարակության արտահայտած քաղաքական կամքը ռեպրեսիաների միջոցով սրբագրելու փորձը ոչ այլ ինչ է, քան սահմանադրական հեղաշրջում։
Այս ճանապարհով գնալով՝ Փաշինյանը ոչ միայն խորացնելու է երկրում առկա քաղաքական ճգնաժամը, այլև ստեղծելու է քաղաքացիական բախումների իրական վտանգ»։
