Երկու ուժ, երկու աղմկահարույց թեկնածու. ովքե՞ր Մասիսում կպայքարեն համայնքապետի պաշտոնի համար
Դեկտեմբերի 13-ին Արարատի մարզում՝ Մասիս համայնքում, կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդամենը երկու ուժ է առաջադրվել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դրանք «Կառուցող» կուսակցությունների դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն են։
«Կառուցող» կուսակցությունների դաշինքն առաջադրել է Մասիսի նախկին համայնքապետ, իսկ ներկայումս՝ Մասիս համայնքի ղեկավարի խորհրդական Դավիթ Համբարձումյանին։ 2021 թվականին Մասիսում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Դավիթ Համբարձումյանն ընտրվել էր համայնքապետ։ Այն ժամանակ նա ընտրություններին մասնակցել էր «Դավիթ Համբարձումյան» դաշինքով, իսկ ՔՊ-ի հետ ընտրապայքարը թեժ էր անցել։
Հիշեցնենք՝ Դավիթ Համբարձումյանն ազատությունից զրկվել էր 2018 թվականին։ Յոթ տարի անց դատարանը նրան մեղավոր ճանաչեց 2018-ին ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու գործով։ Նա դատապարտվել էր 6 տարի 3 ամիս ազատազրկման, իսկ 2026 թվականի հունիսի 25-ին ազատ է արձակվել։
Համբարձումյանը ՀՀԿ խորհրդի անդամ է. 2025 թվականի հունիսի 7-ին «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցությունը նրան առաջադրել էր որպես վարչապետի թեկնածու՝ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացի շրջանակում։
Ինչ վերաբերում է ՔՊ-ին, ապա կուսակցության առաջադրած թեկնածուն ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Մասիսի անձնագրային բաժնի պետ, Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի որդին է՝ Հովհաննես Հակոբյանը։ Վերջինս նախընտրական կաշառք՝ հեռախոս էր խոստացել անչափահասին։ Բարեգործության արգելքը խախտելու հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։ Իսկ նրա հոր՝ Սաշա Հակոբյանի գույքի վրա ավելի վաղ կալանք էր դրվել, և մեկ այլ գործով էլ նա մեղադրյալի կարգավիճակ է ունեցել։
Նշենք, որ ներկայումս Մասիս համայնքի ղեկավարը Նորայր Հակոբյանն է՝ Դավիթ Համբարձումյանի ընկերը։ Նա այդ պաշտոնում ընտրվել է Մասիս համայնքի ավագանու կողմից 2025 թվականի նոյեմբերի 17-ին. մինչ այդ նա զբաղեցնում էր Մասիսի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը։
